Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռյակը թող հիշի Գեղամյանի ճակատագիրը». քաղաքագետ

Նոյեմբեր 10,2014 22:36

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով, համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց հանրահավաքներ կազմակերպելու ՀԱԿ-ի առաջարկը լավ տարբերակ է:

«Եթե ԲՀԿ-ն ճնշումների ազդեցության տակ է թուլացել, սխալ է արել, որովհետեւ այդ ճնշումները պետք է լինեին: Բայց թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի ասածների մեջ ռացիոնալ հատիկ կա: ԲՀԿ-ն ճիշտ է, երբ ասում է, թե առանց այդ կառույցների հանրահավաքային ակտիվությունն ինչ կարող է տալ: ՀԱԿ-ի ասածն էլ այնքանով է ճիշտ, որ եթե քաղաքական պայքարի ակտիվությունը հանրահավաքների տեսքով չի լինելու, ապա քաղաքական պայքարը կարող է մարել»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է քննարկեն այդ հարցն ու ընդհանուր հայտարարի գան, հակառակ դեպքում ժողովրդի վստահությունը կկորցնեն.«Իրենց պառակտումը բերում է ժողովրդի վերջնական հուսալքության: Դա քաղաքական հանցանքի նման բան կլինի: Ճիշտն այն է, որ միեւնույն լուծման գան, գուցե աշխատանքը կիսեն, մի մասը զբաղվի շտաբների ստեղմամբ, մյուս մասը՝ հանրահավաքների կազմակերպչական աշխատանքներով: Եթե, իհարկե, նրանց տարաձայնությունները տակտիկական հարցերի շուրջ են ու ոչ ստրատեգիական, ապա պետք կոչ անենք՝ չսպանեն քաղաքական գործընթացը»,- ասաց քաղաքագետը՝ դժվարանալով նշել, թե հանրահավաքի կազմակերպումը կարո՞ղ է պառակտման կամ լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ. «Չէի ուզում, որ տակտիկան վերածվեր ստրատեգիայի: Նրանք, եթե այս անգամ ժողովրդին խաբեն, հաջորդ խորհրդարանական ընտրություններից ոչ մեկ չի անցնի: ԲՀԿ-ն կջախջախվի, ՀԱԿ-ն էլ հետը, իսկ «Ժառանգությունը»՝ կցնդի: Թող հիշեն Գեղամյանի ճակատագիրը, կլինեն պատգամավոր՝ առանց աջակցության»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել էր համաժողովրդական շարժման շտաբեր ձևավորելու անհրաժեշտության մասին, ինչից հետո Հայ Ազգային Կոնգրեսը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու և Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար»:

Կոնգրեսի հաղորդագրության մեջ նաև ասված էր, թե հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձևավորմանը զուգընթաց, որևէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը՝ ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930