Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը դե յուրե գտնվում է «գրողի ծոցում». Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2014 18:01

«Շուշիի ազատագրումից հետո, ովքեր ԳԽ պատգամավոր կհիշեն, որ այս հարցը դրվեց օրակարգ: Ժողովրդի ճնշման տակ քաղաքական մեծամասնությունն այն ժամանակ կողմ էր, որպեսզի ճանաչվի: Դրական, պոզիտիվ դաշտ էր ստեղծվել, որ ճանաչվի ԼՂ անկախությունը: Հանրապետության նախագահն ասաց՝ ես էլ եմ կողմ, բայց Մոսկվայում պետք է կարեւոր հարցեր քննարկենք եւ խնդրեց, որ ԳԽ արտահերթ նիստը ընդմիջենք: Երկու օր հետո վերադարձավ, բայց մինչ օրս այդ նիստը չշարունակվեց»,- այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսպիսի պատմական ակնարկ արեց՝ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «ԼՂ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ:

Նա ասաց, որ տարբեր նստաշրջաններում, երբ այս հարցը մշտապես եկել է օրակարգ, պատգամավորներն ասել են, թե ժամանակը չի. «Դասականի ասած՝ այդ ե՞րբ է գալու տարվա այդ եղանակը, որ դուք ասեք՝ ժամանակն է: 94-ին, երբ մեր դիվանագիտությունը կոպտագույն սխալ գործեց, երբ դու հաղթել ես, քո թշնամին խնդրում է կնքել հրադադար եւ դու անարդյունք գնում եւ կնքում ես դա…Դու պետք է ասեիր քո պայմանը, իսկ քո պայմանը պետք է լիներ ԼՂՀ ճանաչումը՝ չենք արել: Չկա պատմության մեջ այդպիսի բան: Այնուհետեւ 98-ին, երբ իշխանության ներսում տեղի ունեցան վերադասավորումներ, քննարկվում էր, որ թիվ մեկ հարցը պետք է դրվեր Ղարաբաղի ճանաչումը՝ չդրվեց: Գնալով դուրս մղեցին ԼՂ-ն բանակցային գործընթացից՝ մեր իսկ ձեռքով՝ առանց Ադրբեջանի, Թուրքիայի, ռուսների եւ չգիտեմ էլ ում: Լավագույնս կարողացավ Ադրբեջանի դիվանագիտությունը օգտվել դրանից: Այսօր միջազգային ամբիոններում Ադրբեջանը ներկայանում է այդ եզրույթով, որ սա հողային պահանջ է»:

Իսկ թե ինչ է եղել վերջին շրջանում, Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը, որ մենք կճանաչենք Ղարաբաղն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվի. «Կա լոկալ հարձակում, մենք կարողացանք հետ մղել եւ տասնյակ զոհ տվեց Ադրբեջանը: Ստացվում է այնպես, որ ավանդույթ է ձեւավորվել, սկզբում դրդում են, որ Ղարաբաղի իշխանությունները դեմ խոսեն, ասեն՝ մենք այստեղ ապրում ենք, չենք ուզում, հետո էլ մեր աչքն են մտցնում, թե տեսեք, Ղարաբաղի իշխանություններն են դեմ: Ժողովուրդ, չե՞զ զգում, որ ժամանակը բաց ենք թողնում: 92-ից, 98-ից բաց ենք թողել: Քիչ է մնում մեզ հայտարարեք թշնամիներ, ովքեր հարցը բարձրացնում են եւ խելացի ելույթներ եք ունենում, թե ժամանակը դեռ չի հասունացել: Հետ գնանք, տեսնենք, թե այդ ո՞վ կանխեց Ղարաբաղի ճանաչման ճիշտ ժամանակը»:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ժողովուրդը վաղուց հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել է «գրողի ծոցը»: Ըստ Ռուբեն Հակոբյանի, սա լավ ձեւակերպում է. «Բայց այսօր դե յուրե Ղարաբաղը գտնվում է «գրողի ծոցում», որովհետեւ միջազգային հանրությունը ընդունում է, որ Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի կազմում՝ այդ գրողի ծոցում, բայց նույնիսկ պատրաստ չեք, որ բերենք մեծ օրակարգ: Ես չեմ հասկանում ոչ միայն ձեզ, այլ նաեւ մեր ընդդիմադիր գործընկերներին: Ի՞նչ է պատահել: Ես հասկանում եմ, որ իշխանությունը պետք է զգույշ լինի, բայց այդ զգուշությունը վախի սահմանից էլ է այն կողմ գնում անգործ լինել, պատասխանատվություն չկրել: Մի՛ տեղադրեք նրանց ովքեր գալիս են ձեզ հիշեցնելու, որ դիվանագիտության մեջ մենք պարտություն ենք կրել մեր իսկ ձեռքով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930