Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Այս մրցանակով մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր նոր խոսք են ասում ՏՏ ոլորտում»

Նոյեմբեր 12,2014 20:56

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային, ով արժանացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակին:

Հանրապետության Նախագահը ողջունել է Մարիո Մացցոլային և նրա տիկնոջը՝ Լուչիանա Կավալետին, Հայաստանում: Խոսելով ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակ հիմնելու նպատակի մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այն միանգամայն արդարացված էր. ոլորտում արդեն իսկ որոշակի հաջողություններ կան, Հայաստանում երիտասարդները հաճույքով են ներգրավվում հեռանկարային դարձած ՏՏ ոլորտ, մեծ է հետաքրքրությունը նաև դպրոցականների շրջանում, որոնց համար հիմնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, և այժմ նպատակ կա մոտակա տարիներին Հայաստանի բոլոր մարզերում հիմնել այդպիսի կենտրոններ: Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացրած ժամանակը նաև հնարավորություն կտա Մարիո Մացցոլային՝ ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին:

Մարիո Մացցոլան շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և նշել, որ իր, իր տիկնոջ և դստեր համար սա անմոռանալի իրադարձություն է: Հայաստանում գտնվելու այս օրերին իրենք ամբողջությամբ զգացին հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը, հասցրեցին նաև շատ լավ բարեկամներ ձեռք բերել:

Մարիո Մացցոլան ներկայացրել է այցի շրջանակներում ունեցած իր հանդիպումները և դրանցից ստացած տպավորությունները, գոհունակությամբ նշելով, որ առիթ է ունեցել այցելելու Մատենադարան, ծանոթանալու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած ներդրման վկայություններին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նա նշել է, որ բավականին տպավորված է «Թումո» կենտրոնով, որը մեծ հնարավորություն է բացում երեխաների համար՝ ՏՏ ոլորտում ապագայում հաջողությունների հասնելու ճանապարհին:

«Պարո՛ն Նախագահ, մեծապես տպավորված եմ, զգացված և երջանիկ այն հնարավորության համար, որ ընձեռել եք ինձ և իմ ընտանիքին՝ գտնվելու Հայաստանում և զգալու այն ջերմությունն ու ուշադրությունը, որին մենք արժանանում ենք»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Մարիո Մացցոլան:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակի հանձնման առիթով՝ ի պատիվ պարոն Մարիո Մացցոլայի և տիկին Լուչիանա Կավալետի, Նախագահի նստավայրում երեկոյան կկազմակերպվի նաև ընդունելություն:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

 Հարգելի պարոն Մացցոլա,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շատ ուրախ եմ բարի գալուստ մաղթելու ձեզ և ողջունելու ՀՀ Նախագահի նստավայրում:
Մեր հանդիպման առիթը հիրավի ուրախալի է: Այսօր ինձ պատիվ է վիճակվել «Սիսկո սիսթեմզ» ընկերության ղեկավարներից մեկին՝ զարգացման գծով նախագահ պարոն Մարիո Մացցոլային հանձնելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը:

Ո՛չ «Սիսկո սիսթեմզ»-ը և ո՛չ էլ պարոն Մացցոլան հատուկ ներկայացման կարիք չունեն: Յուրաքանչյուր մարդ, ով փոքր-ինչ առնչվել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին, պետք է քաջ ծանոթ լինի այս անուններին:

Ասում են, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի տաղանդը կարող էր բացահայտվել յուրաքանչյուր բնագավառում, որին իր կյանքը կնվիրեր պարոն Մացցոլան : Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այժմ իր լավագույն կիրառումն է գտնում «Սիսկո սիսթեմզ» ընկերությունում:

«Սիսկո»-ի մշակած ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներն այսօր օգտագործվում են աշխարհի թերևս բոլոր երկրներում: Դրանք արդյունավետորեն կիրառվում են մեքենաշինության, հանքարդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային, ապահովագրական և բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ եթե աշխարհի երեսին կա մի երկիր, որտեղ «Սիսկո»-ի աշխատանքից չեն օգտվում, ապա այդ երկիրն ինքն է իրեն դուրս դրել քաղաքակրթության շրջանակներից:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արդեն հնգամյա պատմություն ունի: Այսպիսով, այս մրցանակաբաշխությունն արդեն կարելի է համարել հոբելյանական:

Վստահությամբ արդեն կարող ենք պնդել, որ այս մրցանակը կայացել է և լայն միջազգային ճանաչում է ձեռք բերել: Այս մրցանակով մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր նոր խոսք են ասում ՏՏ ոլորտում և դրանով իսկ նպաստում են մարդկության զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Սակայն այս ձևով մենք նաև յուրահատուկ կոչ ենք հղում մեր երիտասարդությանը: Այսօրվա այս միջոցառումն ունի հենց այն խորհուրդը, որը որպես ընկերության կարգախոս օգտագործում է «Սիսկո»-ն՝ վաղը սկսվում է այստեղ: Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի օրինակը հայ երիտասարդներին ոգեշնչելու է նորանոր հաջողություններ արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Հարգելի՛ պարոն Մացցոլա,

Շատ ուրախ եմ, որ դուք Երևան եք ժամանել ձեր ընտանիքի անդամների հետ, Ձեր տիկնոջ և դստեր հետ: Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ մեր երկրին, մեր ժողովրդի պատմությանն ու ներկային: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր ջերմությունը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամենայն բարիք, հաջողություններ և անշուշտ, նորանոր հաջողություններ Ձեր սիրած աշխատանքում, որի շնորհիվ Դուք դարձել եք աշխարհահռչակ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ Հայաստանում ուրախացել և ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ Դուք հարմար համարեցիք գալ և անձամբ ստանալ այս համեստ մրցանակը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930