Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Նոյեմբեր 19,2014 13:00

«Ես կմնամ գյուղում …»

«Մի ժամանակ մեր տնից մոտ 9 կմ ճանապարհ պետք է անցնեինք, որ ջուր բերեինք: Սամվելս ծառեր էր տնկել՝ ծիրանի, թթի, ու էշին կապած սայլակով գնում էր, ջուր էր բերում, որ ծառերը ջրի. բնություն շատ էր սիրում»,- Սամվել Մարգարյանի մասին պատմում է հայրը՝ Լեւոնը, իսկ մայրն էլ ցույց է տալիս տան դիմացի այգու կակաչները, որոնք տարիներ առաջ Սամվելը դաշտից բերել էր ու տնկել:

Սամվելի նախնիներն Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում դեռեւս 1887-ից են հաստատվել: Լեւոնը պատմում է, որ այս տարածքը սկզբում որպես արոտավայր էին օգտագործում, բայց հետո, երբ պարզվել է, որ հողը պարարտ է, բերքը՝ առատ, որոշել են հենց այստեղ էլ ապրել:

«Մեր տունը վերջերս ենք կառուցել: Սամվելն առաջին դասարան այստեղից է գնացել: Դպրոցում շատ լավ չէր սովորում, բայց շատ պարտաճանաչ էր: Շատ էր սիրում գրականության անգիրները. չկար մի անգիր, որ չսովորեր: Շատ հանգիստ երեխա էր, խաթրով, ծնողասեր, ընկերասեր, հարեւանասեր: Շատ ընկերներ ուներ, իր ընկերները միշտ հիշում են իրան»,- ասում է Սամվելի հայրը:

Samvel-Margaryani-hayry,-eg

Սամվել Մարգարյանի հայրը, եղբայրը, մայրը:

«Սամվելի հետ շատ մտերիմ էինք: Ինքը երեւի իմ հետ ավելի շատ էր կիսվում, քան աղջիկս: Շատ խելոք էր, հանգիստ, համեստ բնավորություն ուներ»,- հիշում է Սամվելի մայրը՝ Աիդան:

Սամվելն ընտանիքի առաջնեկն է, ունի եղբայր եւ քույր: Եղբայրը՝ 23-ամյա Համլետը, պատմում է, որ Սամվելը միշտ ցանկանում էր առաջինը լինել:

«Սիրում էր, երբ նշում էինք Ամանորը, միշտ ուզում էր, որ լավ պատրաստվեինք: Գյուղում շատերն անասուն էին մորթում այդ առիթով, միսը ծախում, ինքը գնում էր, մի քանի օր առաջ պայմանավորվում էր, որ մեզ համար միս պահեն,- հիշում է եղբայրը,- մենք շատ մտերիմ ենք եղել, պատահում էր, որ վիճում էինք, բայց դրանք մանկական կռիվներ էին: Շատ լավ բնավորություն ուներ, շատ թասիբով էր, մի բան, որ ես չէի անում, ինքն իմ տեղն անում էր, որ իմ վրա չխոսան»:

Սամվելի հայրը պատմում է, որ Թալինում բերքահավաքի շրջանում սովորաբար կարկուտ է տեղում: Սամվելը միշտ պայմանավորվում էր կոմբայնավարի հետ, որ հացահատիկը հասնելուն պես՝ առաջինը հենց իրենց բերքը հավաքեն, որ այն չվնասվեր:
«Եղբայրներիս տղաների հետ համարյա մի տարիքի էին, 5 եղբորից ամենաթասիբովն ինքն էր: Գյուղատնտեսական աշխատանքներն էլ էր շատ սիրում: Ակտիվ էր շատ, կազմակերպչական ջիղ կար մեջը: Բոլոր գործերում հաշվի էր առնում մեծերի կարծիքը, եթե մեծը հանկարծ մի փոքր բան խնդրեր, ինքը շտապ անում էր,- ասում է հայրն ու շարունակում: -Մի օր ես իր ու եղբոր հետ խոսում էի, ասեցի, որ պետք եղավ, տուն կառնենք քաղաքում, մեկդ կտեղափոխվի քաղաք: Սամվելը եղբորն ասեց՝ դու կերթաս, ես կմնամ գյուղում: Ախպերներով իրար հասնող էին»:

Տիկին Աիդան ասում է, որ որդին շատ կատակասեր էր, ամեն բանի հետ հարմարվող:
«Իրա համար նշանակություն չուներ, թե ինչ կուտեր, նույնիսկ, եթե դատարկ ջուր տայիր, չէր բողոքի. բծախնդիր չէր: Սամվելս ուրիշ էր շատ: Ամեն ինչ ձեռքից գալիս էր… Մեր գյուղի գերեզմանոցի մոտ հանգստյան քար չկար, հայրն է սարքել, ինքն էլ օգնել է: Իմ տղի ձեռքը կպել է էդ հանգստյան քարին: Էդ ժամանակ մոտ 10 տարեկան կլիներ: Երկու եղբայր օգնում էին հորը»,- ասում է մայրը:

Դպրոցն ավարտելուց հետո՝ 2006 թվականի դեկտեմբերին, Սամվելն անցնում է զինվորական ծառայության:

«Բանակ գնաց դեկտեմբերի 2-ին: Բոլոր առիթներին զանգում էր, շնորհավորում էր, բոլորի հետ խոսում էր. մարտի 8-ին բացիկ էր ուղարկել մորը, օգոստոսի 26-ին էլ զանգեց, իմ ծնունդը շնորհավորեց»,- հիշում է հայրը: Լեւոնը շինարար է, ասում է, որ նախկինում տարեկան չորս բնակելի տուն է կառուցել, կարողացել է ընտանիքին ապահովել բարեկեցիկ կյանքով, բայց որդու զոհվելուց հետո արդեն ոչինչ չի կարողանում անել:
«Թող Սամվելիս չապրած տարիները տղես, եղբորս տղերքն ապրեն: Ոչ մի ծնող թող էդ դառնությունը չտեսնի, թող ոչ մի ծնող չտեսնի երեխայի կորուստ, նույնիսկ թուրքին չեմ կամենա»,- արցունքն աչքերին ասում է Լեւոն Մարգարյանը:

«Ինքը մինչեւ հիմա մեր աչքի առաջ է»,- թախծով ավելացնում է մայրը:
Սամվել Մարգարյանը զոհվել է 2007-ի դեկտեմբերի 9-ին՝ ադրբեջանական կողմի դիպուկահարի արձակած գնդակից: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

 

«Առավոտ» օրաթերթ
18.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930