Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում թեժ մթնոլորտում քննարկվեց ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014-ի հունիսի 24-ին Երեւանում եւ հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը: Այդ վարկային ծրագրով նախատեսվում է ՀՀ ջրամատակարարման համար տրամադրել 25,5 մլն եվրո:
Մթնոլորտը թեժացավ, երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Գագիկ Խաչատրյանը պատմեց, որ ֆրանսիացիները, մասնավորապես՝ ֆրանսիական օպերատորի ղեկավարն ասում է՝ Հայաստանում ջուր գողանալն ազգային սովորություն է: Ընդ որում, սա Գագիկ Խաչատրյանն ասում էր ծիծաղելով: Կոշտ էր հատկապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի արձագանքը:
Նրա խոսքերով՝ «Ֆրանսիացի օպերատորի ղեկավարը չեմ կարծում, թե ՀՀ ազգաբնակչության հետ այդպիսի շփում ունի: Ինքը շփվում է կառավարության ներկայացուցիչների հետ, Ջրտնտպետկոմի ներկայացուցիչների հետ, ջրային ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ եթե ինքը այդ շփումներից ստանում է տպավորություն, որ Հայաստանում ջուր գողանալն ազգային սովորություն է, դուք պետք է դրա մասին մտածեք: Մտածեք այդ ի՞նչ եք անում, որ այդ մարդկանց վրա այդպիսի տպավորություն եք թողնում:
Ինձ համար զարմանալի է, որ դուք ոչ միայն անարձագանք եք թողնում, փոխադարձ ժպտում եք, մի հատ էլ հանձնաժողովի նիստում բարձրաձայնում եք, թե գիտեք ինչ, այսպիսի կարծիք կա մեր ժողովրդի մասին: Այո այդ կարծիքը կա եւ այդ կարծիքը ստեղծում եք դուք, ձեր անմիջական ղեկավարները: Եթե մի համակարգում կա 76 տոկոս կորուստ, նշանակում է՝ այդ համակարգի կեսը պետք է քրեական գործերով անցնեն որպես մեղադրյալ, կասկածյալ, որպես վկա: Սա ի՞նչ ձեւ է, վարկերը բերում դնում եք մեր սերունդների ուսին, ասում եք՝ դե կորուստ կա: Բոլոր վարկային համաձայնագրերին ես դեմ եմ քվեարկելու՝ նույնիսկ անկախ բովանդակությունից: Եթե ես համոզմունք ունեմ եւ հայտարարում եմ, որ կոռումպացված կառավարություն է գործում ՀՀ-ում, կողմ քվեարկելով՝ նշանակում է, որ ես գտնում եմ, թե այդ 100-ավոր մլն դոլարների վարկով այս կոռումպացված կառավարությունը պետք է երկիրը շենացնի, իրենց ասաբնյակներն են դրանցով շենացնելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































