Մեկնաբանում է կրթության փորձագետը
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ «Արմենիա» հեռուստաընկերությանը պետք է տրամադրել 8 մլն դրամ՝ գիտելիքի ու կրթության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով համապատասխան ծրագիր պատրաստելու համար:
Թե ինչու է կառավարությունն այդ գումարը տրամադրել մասնավոր հեռուստաընկերությանը, «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: «Այն, որ ես կարեւորում եմ նմանատիպ ծրագրերը, դա հաստատ է: Կարեւորում եմ, երբ երեխաներն են մասնակցում նմանատիպ հաղորդումներին, որտեղ իրենց ինտելեկտուալ կարողություններն են ցուցադրում: Միանշանակ կողմնակից եմ, որ դրանք շատ լինեն: Բայց դա կարող էր Հանրային հեռուստաընկերությունն անել, քանի որ այն պետությունն է ֆինանսավորելու»: Անահիտ Բախշյանի խոսքով՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լսարանի պես մեծ ոչ մեկը չունի ու այդպիսի ծրագրեր իրականացնելը հենց նրա նպատակների մեջ պետք է մտնի: Անահիտ Բախշյանը տարօրինակ է համարում այն, որ պետությունը պետբյուջեից գումար է տրամադրել մասնավոր հեռուստաընկերությանը. «Եթե ուզում էին պետության համար բարեգործություն անել, թող «Արմենիա» հեռուստաընկերությունն առանց այդ 8 միլիոն դրամի աներ, իսկ եթե չէր անելու, ուրեմն թող դա Հանրայինն աներ, որը պետբյուջեից է փող ստանում: Այս փաստով, իրենք իրենց վրա ավելորդ խոսակցություններ սկսելու առիթ են տալիս»:
Անահիտ Բախշյանը համակարծիք է այն դիտարկմանը, որ շատ նմանատիպ ծրագրեր են եղել, որոնք չեն կայացել ֆինանսների սղության պատճառով, կարելի էր հենց նրանցից ընտրել ու ֆինանսավորել:
Կարդացեք նաև
Կրթության փորձագետը գտնում է՝ «Արմենիա» հեռուստաընկերությունն իր ֆինանսներով հաստատ չի զիջում Հանրային հեռուստաընկերությանը. «Ենթադրում եմ, որ նա այդ 8 միլիոն դրամի կարիքը առանձնապես չուներ»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.12.2014