Հոկտեմբերի 5-ից 9-ը Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների 20-րդ երիտասարդական Դելֆյան խաղերը, որին մասնակցել են շուրջ 500 ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից:
2026 թվականի Դուշանբեի հոբելյանական 20-Դելֆյան խաղերի մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում, որոնց մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 10–25 տարեկան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից:
Միջազգային այս հեղինակավոր ստուգատեսում «Էստրադային երգեցողություն» անվանակարգում փայլուն հաղթանակ է գրանցել Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ Անժելա Ալբերտյանը՝ արժանանալով մրցույթի ոսկե մեդալի։
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։
Կարդացեք նաև
Հայաստանյան պատվիրակության մասնակցությունը ԱՊՀ 20-րդ հոբելյանական Դելֆյան խաղերին իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ երիտասարդ տաղանդներին աջակցելու, նրանց ինքնադրսևորմանն ու միջազգային հարթակներում ներկայանալուն նպաստելու համար։
Հավելենք նաև, որ Անժելա Ալբերտյանը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Նա այս տարի ավարտել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը և այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» մասնագիտության 1-ին կուրսում։
ԿԳՄՍՆ



















































