Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության միջազգային COP17 համաժողովին ընդառաջ՝ Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցի 22 անդամ կազմակերպություններ մեկնարկում են «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավը։ Հոկտեմբերի 12-ից սկսած՝ 3 շաբաթվա ընթացքում, ՄՈՒԿ ցանցի անդամ կազմակերպություններն իրենց սոցիալական մեդիայի հարթակներում ամեն օր կներկայացնեն որեւէ հետաքրքիր և հանրամատչելի նյութ՝ Հայաստանի կենսաբազմազանության, բնության յուրահատուկ երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի և Կարմիր գրքում ընդգրկված տեսակների մասին։ Արշավի նպատակն է գիտելիքի և իրազեկվածության միջոցով մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի բնական հարստության նկատմամբ, խթանել դրա ճանաչումն ու ձևավորել ավելի պատասխանատու վերաբերմունք բնության պահպանության հանդեպ։
«Մենք կարևորում ենք մարդկանց շարունակական կրթությունը ողջ կյանքի ընթացքում։ Հաշվի առնելով հատկապես բոլոր բնապահպանական խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում, և կայանալիք COP17 համաժողովը՝ կարծում ենք, որ այդ ամենը հրաշալի հնարավորություն են, որպեսզի բոլոր հարթակները փորձ արվի իրենց ձայնը բարձրացնելու և ներդրում ունենալու բնության պահպանության հարցում։ Կարծում ենք, որ կրթության միջոցով մարդկանց տեղեկացնելով (մեր պարագայում Հայաստանի բնության հարստության գանձերի մասին)՝ կարող ենք նրանց ուշադրությունը հրավիրել կարևոր տեսակների և արժեքների պաշտպանության վրա»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Տաթև Ասրյանը։
Կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության փորձագետ Վազգեն Գալստյանի խոսքով. «Շատ դժվար է կարճ ժամանակում հանրությանը տեղեկացնել և գիտակցությունը հասցնել այն մակարդակի, որ մեկ կենդանու կամ մեկ բույսի վերանալը, ոչնչանալը, թվաքանակի նվազումը մեծ ազդեցություն է թողնում իր և իր սերունդների վրա։ Շատ փայլուն օրինակ է Սևանի իշխանի, սիգի կամ խեցգետնի օրինակը, երբ դրանց մասսայական օգտագործումը հանգեցրել է նրան, որ մեր հաջորդող սերունդները ռիսկի տակ են՝ արդյոք հետագայում կունենա՞ն հնարավորություն ուտելու Սևանի իշխան, որը էնդեմիկ, բացառիկ կենսաբանական արժեք ներկայացնող տեսակ է՝ և՛ գիտության, և՛ պարզ սննդային անվտանգության տեսանկյունից։
Ու եթե մենք կարողանում ենք շատ կարճ ժամանակում մեր կրթական ծրագրերը փոխել այնպես, որպեսզի մարդկանց հասանելի դարձնենք նման տեղեկատվության կարևորությունը, թե ինչպես մարդիկ պետք է վարվեն բնության, բնական ռեսուրսների հետ, որպեսզի դրա շարունակականությունն ապահովի և՛ իրենց, և՛ հաջորդող սերունդների համար, սա հիմնական խնդիրներից մեկն է, որ այս պահին ծառացած է կրթության առաջ»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ բնական ռեսուրսների գերօգտագործումը հիմնականում կապված է սննդային սպառման հետ, իսկ երբ գիտական հանրության տեսանկյունից է դիտարկվում հարցը, ապա մի բան է պարզ՝ այս պահին Սևանի իշխանի 2 ենթատեսակները հետազոտման համար հասանելի չեն, անհետացած են համարվում։
«Սևան» երիտասարդական ակումբ ՀԿ-ի ղեկավար Գոհար Մնացականյանի ձևակերպմամբ՝ իրականում երիտասարդները բավականին հետաքրքրված են բնապահպանությամբ, սակայն նրանք սիրում են պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել։ Նրա խոսքով՝ «թղթային» գիտելիքները նրանց չեն բավարարում և էմոցիոնալ առումով կապվածություն չեն առաջացնում բնության և մարդու միջև։ «Բոլոր երիտասարդները, որոնք ներգրավված են պրակտիկ ծրագրերի մեջ, շատ ավելի պատասխանատու են, խնամքով են վերաբերվում բնական ռեսուրսներին… Այնպես որ ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ գիրքը դառնա ավելի շոշափելի, մարդիկ տեքստային տարբերակով առկա տեղեկատվությունը փորձեն զգալ իրենց մաշկի վրա»,- ընդգծեց Գոհար Մնացականյանը։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































