Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանականները Գալուստ Սահակյանից պահանջում են անհապաղ քննարկել կառավարման ճգնաժամի հարցը (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 13:53

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ծանոթանալով այս քառօրյայի օրակարգին, Գալուստ Սահակյանից պահանջեզ, որ անհապաղ քննարկեն այն հարցը, որի համար ընդդիմությունը հավաքել էր 45 ստորագրություն:

Նա հայտարարեց, որ հոկտեմբերի 20-ին արտահերթ քննարկման էին դրել ԱԺ հայտարարությունը՝ կառավարման ճգնաժամի հետ կապված: Նոյեմբերին ընդդիմությանը հնարավորություն էր ընձեռվել հարցը ներկայացնելու, բայց այդ օրը հայկական ուղղաթիռի խոցումն էր եղել, զոհեր ունեինք, եւ Գալուստ Սահակյանի հետ քննարկելով՝ նպատակահարմար չեն գտել, որոշել են, որ այդ օրը սխալ կլինի կառավարման ճգնաժամի հետ կապված հարցը դնել խորհրդարանում:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, հարցը դեռ մնացել է օրակարգում, իսկ կառավարման ճգնաժամն ավելի է խորացել «Դրա վկայությունն էր այն, ինչ մենք ունեցանք դեկտեմբերին՝ ֆինանսական անկայունությունը, Բերձորի դեպքերի հետ կապված ոչ ադեկվատ պահվածքը: Ընդհանրապես վերջին շրջանում ակնհայտ ալեկոծություններ են լինում հասարակական քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ, ինչը վկայում է, որ ՀՀ կառավարման համակարգը գտնվում է խորը ճգնաժամի հետ: Դուք չեք նշել արտահերթ համարված ընդդիմության այդ հարցը, ինչո՞ւ եք խախտում Կանոնակարգի մասին օրենքը»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չի կիսում Լեւոն Զուրաբյանի կարծիքը, չի կիսում նաեւ խորհրդարանական մեծամասնությունը. «Տագնապներ հաղորդելով՝ առաջ չեք գնա: Մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծում տալուց հետո խնդիրը կդրվի քննարկման»:

Լեւոն Զուրաբյանի բողոքին միացավ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա հեգնեց, որ «Թե ինչ է կիսում ՀՀԿ-ն, դա բացառապես ձեր խորհրդարանական մեծամասնության էմոցիաների դաշտում գտնվող խնդիր է: Կա ԱԺ կանոնակարգ, կար արտահերթ եւ իմպերատիվ ձեւով քննարկում պահանջող խնդիր եւ այսօր առավել քան արդիական է մեր երկրում կառավարման ճգնաժամի խնդիրը: Ես ձեզ հորդորում եմ առաջնորդվել ոչ թե նրանով, թե ինչ է կիսում կամ չի կիսում խորհրդարանական մեծամասնությունը, այլ առաջնորդվել բացառապես ԱԺ կանոնակարգ օրենքով եւ իմպերատիվ կերպով պահանջվող արտահերթ հարցը դնել քննարկման»:

Նա նաեւ հայտարարեց, որ արդեն պարզ է՝ այս քառօրյայում էլ բացարձակապես մտադրություն չկա հետեւել ԱԺ կանոնակարգ օրենքին եւ քննարկել այն, ինչը օրենքը պահանջում է իմպերատիվ կերպով քննարկել:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգը երբեք իմպերատիվ քննարկման հարց չի դնում. «Մենք ունենք անհետաձգելի աշխատանք այս քառօրյայում եթե կհասցնենք, ուրեմն կքննարկենք նաեւ դա: Ձեզ համար դա իմպերատիվ քննարկելի է, ինձ համար հնարք է ընդդիմության կողմից, որը  ոչ մի ճանապարհ չի տանում եւ մեզ համար որեւէ արդյունավետություն չունի»:

Լեւոն Զուրաբյանը հակադարձեց, որ օրենքում հստակ գրված է ՝ կան հարցեր, որոնք արտահերթ քննարկման են դրվում: Բայց, օրինակ, այս օրակարգի մեջ մտցրած ՎՊ հաշվետվությունը անհետաձգելի չի ճանաչված. « Չկա որեւէ դրույթ, որ դա ավելի անհետաձգելի համարվի, քան ընդդիմության արտահերթ բարձրացված հարցերը: Սա նշանակում է, որ դուք իրականում վախենում եք քննարկումներից, դրանով մատնում եք, թե ինչքան ծանր վիճակի մեջ է գտնվում այսօր Հայաստանը եւ դա ղեկավարող իշխանությունը: Ես պահանջում եմ, որ քվեարկությունից առաջ հանդիպենք եւ քննարկենք ստեղծված իրավիճակը: Սա սահմանադրական իրավունքների կոպտագույն խախտում է:

Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Եթե դուք հանգստանալ եք ցանկանում, կարող եք ընդմիջումն առանց իմ ասելու էլ վերցնել»:

Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում եւ խոստովանեց, որ դրանով խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը. «Բայց ոչինչ, թող մեկ-մեկ էլ ես խախտեմ»:

Ընդմիջումից հետո ոչ իշխանականները շարունակեցին իրենց դժգոհությունները ներկայացնել, որ ՀՀԿ-ն իր լիազորությունները չարաշահում է:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ արտահերթ հարցերի հերթականություն սահմանելու լիազորություն ԱԺ նախագահը չունի. «Դուք միշտ վկայակոչում եք ԱԺ բնականոն գործունեությունը ապահովելու լիազորությունը,ես էլ ասեմ, որ երբ արտահերթ հարց է ծագում, պետք է ըստ ժամանակագրության շարժվենք, չենք կարող դասակարգել՝ ավելի արտահերթ, ամենաարտահերթ. «Նախորդ նստաշրջանում արտահերթ ճանաչված հարցը, պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ, չեք ընդգրկել օրակարգում , թողել եք հերթական հարցերից հետո: Թե չէ այսպես լինի, մենք կարող ենք արտահերթերի մի շարք նախաձեռնել եւ ավելի վաղ նախաձեռնած արտահերթերի քննարկումը չիրականանա»:

Գալուստ Սահակյանը սպառնալիքների ի պատասխան՝ ասաց. «Ես չեմ ասում չի քննարկվելու: Կքննարկվի այն ժամանակ, երբ դրանից առաջ կարեւորությունները կքննարկենք կվերջացնենք: Նոր ամբիոնը կտրամադրվի, որպեսզի խոսենք, խոսեք եւ ոչնչի չհասնենք: Ըստ օրենքի, պարտավոր ենք, եւ այն կդրվի քննարկման հարմար պահի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728