Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վկան Գյումրի գալու իր ճանապարհածախսը կպահանջի Աղվան Հովսեփյանից

Փետրվար 03,2015 21:25

Ավետիսյանների սպանդից հետո Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց ու Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի մոտ  իրենց արդարացի պահանջն արտահայտած քաղաքացիներին շարունակում են հրավիրել Շիրակի մարզի քննչական բաժին ու ժամերով հարցաքննել: Գյումրեցիներից զատ, հրավիրում են նաև այդ ակցիային մասնակցած հանրապետության մյուս մարզերի բնակիչներին: Այսօր մայրաքաղաքից հրավիրել ու 4 ժամ հարցաքննել են ակտիվիստներից մեկին`«Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Վկան թեև չի ճանաչել ոստիկանների ուղղությամբ քարեր նետած կամ ոստիկանական մեքենան վնասած անձանց, սակայն հարկ է համարել իր դիտողությունները, նկատառումները  գրել ոստիկանության այդ օրվա գործողություների մասին:

Քննչական բաժնից դուրս գալուն պես նա Aravot.am-ին պատմեց. «Ըստ էության 4 ժամ տևեց հարցաքննությունը, բավական երկար, ծավալուն հարցաքննություն կատարվեց: Այս գործով ինձ առաջին անգամն էին հրավիրում, հիմնականում իրենց հետաքրքրում էր ոստիկանների ուղղությամբ քար նետած, ոստիկանության մեքենային հարվածներ հասցրած անձանց ինքնությունը: Իրավապահները փորձում են հասկանալ, թե ո՞ւմ գործողությունների արդյունքում է մի ոստիկան լուրջ վնասվածք ստացել, պարեկային ճանապարհային ոստիկանության մեքենան վնասվել…Ես էդ անձանց չէի ճանաչում: Էդ մասով որևիցե բան չկարողացա հայտնել, բայց տարբեր մանրամասներ բավականին երկար քննարկում էին», -ասաց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե տեսանյութե՞ր են տեղադրում ու մասնակից անձանց մասին հարցեր տալիս, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Այո, ինձ ցույց տվեցին 1-in.am լրատվական կայքի նկարահանած տեսանյութից որոշակի դրվագներ, հարցրեցին արդյո՞ք այս կամ այն անձին ճանաչում եմ, կամ այս կամ այն դրվագը, որտեղ նաև ես եմ ներկա եղել, կոնկրետ ինչպե՞ս է եղել: Բայց ես շատ անձանց չէի ճանաչում: Ես իմ բացատրությունների մեջ հստակ շեշտադրումներ դրեցի նաև այն հանգամանքի վրա, որ ոստիկանությունը բավականին շատ սխալներ գործեց այդ օրը:

Օրինակ` ոստիկանությունը շատ անհասկանալի պատճառով փակեց Գարեգին Նժդեհի փողոցը դեռևս խաղաղ ցուցարարների առջև: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակները նետեց այդտեղ խաղաղ կանգնած, ոչ ագրեսիվ տրամադրված քաղաքացիների ուղղությամբ: Ոստիկանությունը, երբ առաջ եկավ և, իհարկե, այդ գործողությունների արդյունքում առաջացրեց քաղաքացիների զայրույթը, ոստիկանության շղթայի արևելյան հատվածը ընդհանրապես պաշտպանված չէր ո՛չ վահաններով, ոչ սաղավարտներով, և քաղաքացիների նետած քարերը իհարկե վնաս էին հասցնելու ոստիկաններին, որոնք պաշտպանված չէին:

Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը պարբերաբար զորավարժություններ է անում, թե ինչպես հավաքներ ցրել և այլն, բայց լավագույն դեպքում ոչ ուղղակի պրոֆեսիոնալիզմ դրսևորեցին ոստիկանները, երբ առաջին շարք կանգնեցրեցին անպաշտպան ոստիկանների, որոնք ստացան վնասվածքներ: Ես չեմ բացառում, որ ոստիկանությունը դա միտումնավոր արեց, որ անպայման տուժողներ ունենա հետագայում քրեական գործերի համար:Ես այդ սցենարն էլ չեմ բացառում:

Խոսեցի նաև այն մասին, որ երբ ոստիկանները պետք է առաջ գային, դրանից առաջ ճանապարհային ոստիկանության մեքենաների տեղակայումը պետք է փոխվեր, որովհետև ոստիկանության այդ կենդանի շղթայի առաջ գալու արդյունքում ճանապարհային ոստիկանության մեքենաները համարյա հայտնվեցին բախվողների կիզակետում: Եվ այն քաղաքացիները, որոնք ցայրացած էին ոստիկանության վրա և փորձում էին զայրույթը թափել, այդ զայրույթը սկսեցին թափել ճանապարհային ոստիկանության մեքենաների վրա: Դա էլ է մեր ոստիկանության սխալներից մեկը» :

Մեր այն հարցին էլ, թե իր տպավորությամբ ինչո՞ւ են այդքան մեծ թվով մարդկանց հրավիրում քննչական` աչքերը վախեցնելո՞ւ, որ այլևս պահանջատեր չդառնան, նման ակցիաների չմասնակցեն, թե՞ իրոք նպատակ կա տուժողներին վնաս հասցրածներին հայտնաբերել, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ցանկացած մարդ, եթե նման ակցիայի մասնակցելուց հետո իմանա, որ մի քանի ժամ հարցաքննվելու է, մասնակցելու ցանկությունը նրա մոտ կնվազի: «Հիմա բազմաթիվ քաղաքացիներ, որոնց ճնշող մեծամասնությունը դրսևորել են օրինաչափ, իրավաչափ, չեն կատարել ապօրինի գործողություններ, կանչվում են ոստիկանության բաժանմունքներ, կանչում են Շիրակի մարզի քննչական բաժին, ժամերով հարցաքննվում են, դա նորմալ չէ:

Նորմալ չէ այն իմաստով, որ ցանկացած նորմալ երկրում ոստիկանությունը ուղղակի այնպես կաներ, որպեսզի մի կողմից չունենար լուրջ վնասվածքներ, մյուս կողմից  չէր դրդի քաղաքացիներին կատարելու ագրեսիվ գործողություններ ոստիկանության դեմ: Այդ օրը առաջին գործողությունը ոստիկանությունը արեց:Եվ, ի վերջո, քաղաքացիներին տանել-բերել քննչական,, էդպիսի բաներ չէր անի, շատ քաղաքացիների համար սա լուրջ անհարմարություն է: Շատերը սա նայում են որպես պատիժ, իշխանությունների տեսակետին ընդդիմանալու, որևիցե կերպ իրենց տարբերվող կարծիքը արտահայտելու համար»:

Մեր այն հարցին էլ, թե մայրաքաղաքից Գյումրի հասնելու համար քննչականը պատրա՞ստ է ճանապարհածախսերը հատուցելու, մեր զրուցակիցը, հիշեցնելով ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 86-րդ հոդվածը, համաձայն որի վկային փոխհատուցում են ծախսերը, ասաց, որ ինքը հենց վաղը գրություն կուղարկի ՀՀ քննչական կոմիտե նախագահ Աղվան Հովսեփյանին և կպահանջի փոխահատուցել իր ծախսերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ajam says:

    ”’Ես չեմ բացառում, որ ոստիկանությունը դա միտումնավոր արեց, որ անպայման տուժողներ ունենա հետագայում քրեական գործերի համար:”’

    հենց այդպես էլ կար: Եթե ուշադիր լինեք, ոստիկանությունը գրոհից հետո հետ նահանջելուց գետնին թափված մեծ քարերը չեր հավաքում, կարծես հրավիրելով կրկին վերցնել ու խփել իրենց: Բայց չէ որ Շանթենց հենց սառը զենքի համար ձերբակալեցին, իսկ այս անգամ իրենք էին դրանք նվեր տալիս!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728