Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետի եւ շարքայինի գործը վերաքննիչ դատարանում է

Փետրվար 04,2015 15:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ, 2014 թվականի նոյեմբերի 25-ին Գարիկ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատժել՝ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ՝ 1 տարի ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 տոկոս պահումով:

Գարիկ Հակոբյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Երկրորդ ամբաստանյալին՝ Զաքար Ավագյանին պատիժ նշանակեց կալանք 20 օր ժամկետով:

Պատիժը կրելու սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
Զաքար Ավագյանի նկատմամբ ընտրված հրամանատարության հսկողությանը հանձնելը խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ըստ գործի նյութերի, Գարիկ Հակոբյանը, որը խնամքին ունի մեկ անչափահաս երեխա, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասի խառը հրետանային դիվիզիոնում որպես հրամանատար, կոչումով՝ փոխգնդապետ:

Զաքար Ավագյանը տվյալ զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկում որպես գնդացրորդ է եղել:

Փոխգնդապետը Այգեձոր կոչվող վայրում գտնվելով ճամբարային հավաքների մեջ՝ 2014 թվականի ապրիլի 12-ին զինծառայող, շարքային Զաքար Ավագյանի կողմից հանդերձանք ստանալուց, պարապմունքներին մասնակցելուց հրաժարվելու, ինչպես նաեւ իր հետ անհարգալից ձեւով խոսելու պատճառով իրենց միջեւ առաջացած վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ, հանդիսանալով պետ, բռնություն է գործադրել շարքային Զաքար Ավագյանի նկատմամբ: Նա հարվածել էր շարքայինի դեմքին, ապա բռնել ու սեղմել ուսերն ու ձախ ձեռքը` վերջինիս պատճառել ձախ ուսահոդի շրջանի արյունազեղման ձեւով, առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Իսկ Զաքար Ավագյանը թութք հիվանդությամբ պատճառաբանությամբ հանդերձանք ստանալուց եւ դասացուցակով նախատեսված պարապմունքներին մասնակցելուց հրաժարվելու համար դիտողության արժանանալու պատճառով վիրավորել էր Գարիկ Հակոբյանին: Ըստ գործի նյութերի, նա ճամբարի շտաբի տնակի մոտ, պետի դիտողությանը պատասխանել է բարձրաձայն ու հեգնական տոնով, ապա բռնել է նրա զինվորական համազգեստի օձիքից եւ քաշքշել՝ «դրանով իսկ անպարկեշտ ձեւով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը»:

Ամբաստանյալները մինչ դատաքննությունն սկսելը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարեցին, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ եւ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում լիովին:

Մեղադրող Ռ.Ղազարյանը չի առարկել արագացված դատական քննություն անցկացնելու դեմ:

Ուշագրավ է, որ երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել, բայց հետագայում բողոք են բերել դատավճռի դեմ:

Դատարանը հանգել էր նրան, որ սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

Ամբաստանյալներ Գարիկ Հակոբյանի եւ Զաքար Ավագյանի կողմից կատարած հանցանքները` ըստ դատարանի կայացրած դատավճռի պատճառաբանական մասի, «դասվում են միջին եւ ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին ու ընդգրկված են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխում»:
Իսկ ամբաստանյալների պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն եղել:

Դատարանը հաշվի է առել այն, որ նրանք իրենց լիովին մեղավոր են ճանաչել ու անկեղծորեն զղջացել են, առաջին անգամ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք են կատարել, Գարիկ Հակոբյանինը նաեւ պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչեւ 14 տարեկան մեկ երեխայի առկայությունը:

Ամբաստանյալները նախկինում դատապարտված եւ արատավորված չեն եղել: Գարիկ Հակոբյանը զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրականորեն, իսկ Զաքար Ավագյանը` բավարար: Վերջինս վատառողջ է (տառապում է «թութք» հիվանդությամբ) եւ միակողմանի ծնողազուրկ է. հայրը 1995 թվականին մահացել է:

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728