Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստը հենց այնպես չէր հրավիրված»

Փետրվար 17,2015 16:37

«Կարծում եմ՝ ինչ որ կատարվում է, բոլորիս համար էլ սպասելի էր»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հանդեպ կիրառվող ճնշումներին, ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա կարծիքով՝ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստից հետո պարզ էր, թե ինչ է սկսվելու. «Ինձ համար լրիվ սպասելի էր, ուղղակի հարցն այն էր, թե երբ կսկսվի: Ինձ համար նաեւ պարզ էր, որ այդ ամենը կսկսվի մինչեւ հանրահավաքը, եւ այդ ճնշումները կշարունակվեն: Ինձ շատ է մտահոգում, թե ինչի կբերեն այս ճնշումները, տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի կառավարման անարդյունավետությունը, բացահայտ ցույց է տալիս Հայաստանի ավտորիտար ռեժիմը, ընտրովի ճնշումները եւ չակերտավոր արդարադատությունը, երբ ամբողջ դատաիրավական համակարգը ծառայում է ոչ թե հասարակությանը, ինչպես որ հռչակված է, այլ ծառայում է միայն ու միայն իշխող ուժին, եւ պատրաստ է իշխող ուժի թելադրանքով ցանկացած ապօրինություն կատարել»:

Ավետիք Իշխանյանը համարում է, որ կատարվածը աննախադեպ երեւույթ էր, որովհետեւ մեծ մասամբ այդպիսի բռնություններ գործադրվել են նախագահական ընտրություններին հաջորդած շրջանում: Իսկ քաղաքապետարանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ ՀԱԿ խմբակցությունների գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների պահանջներին եւ հավաքը չի կարող համարվել շտապ, պարոն Իշխանյանը նույնպես սպասելի է համարում. «Ինձ համար սպասելի էր, որ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ընդդիմությունը հանրահավաք կհրավիրի եւ նաեւ պարզ էր, որ այդ հանրահավաքը կարգելվի: Իմանալով Հայաստանի իշխանությունների նախորդ շրջանը՝ ինձ համար ամեն ինչ շատ պարզ էր, թե ինչ հայտարարություններ կհետեւեն, որովհետեւ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստը հենց այնպես չէր հրավիրված. Արդեն ամեն ինչ նախապատրաստվել էր, թե քայլ առ քայլ ինչ պետք է անեն եւ նոր ի ցույց հրավիրել են այդ խորհրդի նիստը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ինչ որ բողքներ կան որ ամեն ինչ արվում է մտածված , և ոչ թե հախուռն՞:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728