Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետերը ասում են` խոշորացմամբ գյուղերը կքանդվեն (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 16:42

Մեր երկրում մինչեւ 100 բնակիչ ունեցող համայնքի գումարների 88 %-ը գնում է աշխատակազմի պահպանման ծախսերին, 500 բնակիչ ունեցող համայնքում 84,2 %-ն է ուղղվում ապարատի պահպանմանը, իսկ այն համայնքներում, որտեղ կա 3000 բնակիչ, համայնքի բյուջեի 62 տոկոսն է գնում աշխատակազմի պահպանմանը: Այսօր, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, այսպիսի տվյալներ ներկայացրեց «Համայնքների ֆինանսիստների միավորման» նախագահ Վահան Մովսիսյանը` ներկայացնելով մեր երկրում կատարվող վարչատարածքային բարեփոխումները, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացը, որի փորձնական փուլը մեկնարկել է հունվարից:

Որքան էլ մասնագետները վստահեցնում են, թե համայնքների խոշորացումը համայնքը զարգացնելու, համայնքի բյուջեն ավելացնելու լավագույն տարբերակն է, այդուհանդերձ, մի շարք համայնքների ղեկավարներ այս բարեփոխումը «սրերով» են ընդունում: Վահան Մովսիսյանին գյուղապետերը հաճախ են մտավախություն հայտնել, որ խոշորացմամբ գյուղերը կքանդվեն:

Մեր հարցին, թե հաշվարկներ կա՞ն համայնքները խոշորացնելու արդյունքում որքան գումարներ կտնտեսվեն եւ կվերադարձվեն համայնքի բարեկեցությանը, պարոն Մովսիսյանն ասաց, որ տնտեսական օգուտները բավականին մեծ են լինելու. «Վարչական ծախսերը կրճատելով հնարավորություն ենք ստանում կամ նոր ծառայություններ մատուցել այդ փողին կամ` կապիտալ ներդրումներ իրականացնել: Այդ իմաստով փողը ընդհանուր համայնքի տարածքից դուրս չի գալիս, այսինքն` եթե 5 համայնքում կա 100 միլիոն դրամ, ինքը շարունակում է այդ 100 միլիոն դրամը գտնվել 5 համայնքում: Խնդիրը ուրիշ տեղ կարող է առաջանալ, մի համայնքի փողը ծախսվի մյուս համայնքի վրա եւ կա մտավախություն, որ շատերն ասում են, որ այն փոքր համայնքներին բանի տեղ չեն դնի: Քննարկման մեջ հետեւյալ գաղափարն է, որ առաջին 5 տարում նախկին ծախսերի համամասնությունը պահելու ենք, համայնքն ինչքան փող ստանում էր, այդքան փող այդ բնակավայրը կունենա` ներառյալ այդ վարչական ղեկավարի ծախսը: Այսինքն` եթե ունես 5 միլիոն դրամ, հիմա մեկ միլիոնը ծախսվում է վարչական ղեկավարի վրա, բարեփոխվելուց հետո, այդ 1 միլիոնը ներդրում կարվի ինչ-որ տեղ: Բայց հետագայում համայնքը պետք է համախմբվի եւ ինքը որոշի ու ինքը տնօրինի ընդհանուր ֆինանսները»:

Պարոն Մովսիսյանի խոսքերով, համայնքների խոշորացումը ոչ թե պետական հատուկ ծրագիր է, այլեւ հերթական բարեփոխման ծրագրերից մեկը, որն ունի բավականին խորը փորձագիտական հիմնավորում եւ այդ ճանապարհով անցել են բոլոր եվրոպական երկրները:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե գուցե քաղաքական խնդիր է եւ շահերի բախում կլինի, քանի որ գյուղապետերը տարբեր կուսակցություններից են եւ կուսակցական գյուղապետը կցանկանան հենց իրենք մնալ խոշորացված համայնքի ղեկին, պարոն Մովսիսյանն ասաց. «Քաղաքական կուսակցությունները վերջնական որոշում կայացնողներն են, այս փաստաթուղթը վերջում գնալու է Ազգային ժողով եւ ԱԺ պատգամավորները քվեարկելու են քաղաքական տեսանկյունից` թե ինչքանով այդ կուսակցությունը այդ տարածքում կգտնի կամ կկորցնի համայնքի ղեկավար: Կուսակցական հեղինակությունը դա նաեւ կուսակցության մեջ եղած ավագանիների եւ համայնքի ղեկավարների քանակով է պայմանավորված, ինչքան դու ուժեղ ես այնքան քո կուսակցության անդամներն ավելի շատ են, դա կազդի որոշման կայացման վրա, բայց մեզ մոտ այդպես խիստ արտահայտված համայնքի ղեկավարի այլ կուսակցական ցանկեր չունենք: Հիմնականում նրանք կամ հանրապետական են կամ անկուսակցական»:

Պարոն Մովսիսյանը հիշեց, երբ մի գյուղապետից հետաքրքրվել էր, թե ո՞ր կուսակցությունից է, պատասխանել էր` «Եթե գյուղապետ եմ, ուրեմն ՀՀԿ-ից եմ, բայց որ Կոտայքի մարզում եմ գյուղապետ` ուրեմն` Բարգավաճ եմ, բայց որ հայ եմ` ուրեմն հոգով դաշնակցական եմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728