Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր դատախազը թող նորմալ կին լիներ, մեզ էլ տղամարդկային խոստումներ չտար»

Փետրվար 27,2015 12:04

7 տարի անց Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների հետ կապված այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրած ասուլիսում Սարգիս Քլոյանը՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը պատմեց որ երկու շաբաթ առաջ, որպես տուժողի իրավահաջորդ, իրեն հրավիրել են ՀՔԾ. «Տեսա նոր քննիչ՝ Հակոբյանը: Մինչեւ այդ ես ասացի, որ ունեցել ենք երկու քննիչ,նա ասաց, որ այդ քննիչները էլ չկան: Հարցեր էր ուղղում՝ երբ եք դուրս եկել տանից, ում հետ եք գնացել, ինչեր ես տեսել: Ես պատմեցի, ինչեր եմ տեսել, ինչքան ոստիկաններ եմ տեսել, սադրիչներ, ինչքան տանկեր եմ տեսել: Ինչքան սադրիչներ եմ բռնել, բայց չկարողացա պահել իմ ձեռքի մեջ: Հարցրեց՝ է՞լ ինչ ես տեսել,ասաց տեսել եմ, որ խաղաղ ցույց էր լինում, մենք ընդամենը բարիկադներ էինք ստեղծել եւ պաշտպանվում էինք:

Ոստիկանական սադրիչները արձակեցին մի ձայնային գրանատ եւ խուճապ առաջացավ: Նոր արձանագրություն կազմեցին, վերեւի մասը քննիչն էր գրում, առանց ինձ հարցնելու: Տեսա, որ գրել է, իբր հատուկ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով եղել են զոհեր: Ես ասեցի՝ եթե չգիտեք ինչպես են մեր երեխաները զոհվել, ինչպե՞ս եք եզրակացրել, որ զենքն անզգույշ են օգտագործել: Սամվել Նիկոյանը իր զեկույցում հայտարարել էր, որ իրավունք չունեին «Չերյոմուխա» զենքով կրակել ամբոխի մեջ: Քննիչին հարցրեցի՝ եթե արգելված էր, ո՞վ էր տվել հրամանը, որ կրակեին այդ զենքով: Ինձ չպատասխանեց: Վերջում էլ հարցրեցի՝ գլխավոր դատախազը տղամարդավարի խոսք է տվել, որ սայլը տեղից կշարժվի, ոչինչ չասացին նաեւ այդ մասին: Այս 7 տարի է, մենք՝ տուժողի իրավահաջորդներս, հասկացել ենք, որ այս բոլորը իրենք սարքում են, իբր թե աշխատում են, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե Մարտի 1-ի գործով աշխատանքներ են գնում: Երկարաձգում են այս գործերը, բայց մենք գիտենք, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց իրենք բարի կամք չունեն, որ մեղավորները պատժվեն: Միայն այն դեպքում կպատժվեն մեղավորները, երբ լինի իշխանափոխություն»:

Զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանն ասաց, որ երկու անգամ գլխավոր դատախազը իր մոտ է հրավիրել. «Մի քարտեզ ցույց տվեց, որ ուզում ենք շուտ հայտնաբերենք, Արմեն Ֆարմանյանին որտե՞ղ են խփել: Այդքան բան: Տպավորությունս մնում է նույնը: Եթե իշխանափոխություն լինի, այս իշխանությունները վերջացնեն իրենց կարիերան, միգուցե բացահայտվի եւ ամեն մեկը կրի իր պատիժը»:

«Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի խոսքերով՝ դատախազությունն ուզում է զոհերը տեսակավորել՝ Չերյոմուխայի զոհերին առանձին, ավտոմատի զոհերին՝ առանձին: Տեսակավորում են՝ ըստ զենքի: Գոռ Քլոյանն, Արմեն Ֆարմանյանն ու Տիգրան Խաչատրյանը սպանվել են Չերյոմուխա տեսակի զենքից: Դա միայն ոստիկանների ձեռքում է եղել: Ընդհանրապես այստեղ խոսք չկա բացահայտելու: Պետք է պարզվի, թե 4-ից ով է կրակել, հնարավոր է մեկն է կրակել, հնարավոր է ամեն մեկը մեկին է սպանել: Այսինքն, 4 մարդասպան մենք ունենք, պետք է պարզենք, թե այդ 4-ից ով է կրակել: Անուն-ազգանուններն էլ կան, միգուցե զորացրված են, բայց մարդասպանները կան: Պետք է դատական պրոցես լինի, որ դատի ընթացքում պարզվի, կոնկրետ ով է եղել: Ամեն մեկը ցուցմունք կտա, կպարզվի ով որտեղ է եղել: Մարտի 1-ի բացահայտման խնդիր չունենք, մարդասպաններն էլ են բացահայտված, հրաման տվողներն էլ են բացահայտված:

Հազարավոր ոստիկաններ են եղել, մարդիկ են պատշգամբներից նայել, հարյուրավոր ֆոտոներ եւ վիդեոներ են եղել: Եթե հայտարարեն, թե ինչ է, հնարավոր է այս իշխանության մեջ որեւէ մեկն անմասն չմնա այդ հանցագործությունից»:

Առաքել Սեմիրջյանը նաեւ ասաց, որ գործը 42 էջից է բաղկացած: Բացի 10 զոհից, կան 500 վիրավոր, մարդիկ ցուցմունքներ են տվել, բայց գործն առաջ չի գնացել:

Սարգիս Քլոյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազը տղամարդկային խոսք է տվել Մարտի 1-ը բացահայտելու. «Գնալու եմ ասեմ՝ բա ի՞նչ եղավ ձեր տղամարդկային խոսքը»:

Առաքել Սեմիրջյանի խոսքերով՝ «Դատախազն ամեն ինչում տղամարդկային խոստում է տալիս: Գյումրու դեպքերի հետ կապված, Մարտի 1-ի հետ կապված: Քրօրենսգրքում տղամարդկային խոստման կատեգորիա կա՞: Թող նորմալ կին լիներ, մեզ էլ տղամարդկային խոստումներ չտար: Իր պատվի հարցն է բացահայտել գործը: Տղամարդկային իր խոսքը իր պարտականության, գործառույթի հետ ի՞նչ կապ ունի»:

Ըստ Վաչագան Ֆարմանյանի՝ ՀՀ նախագահը կարող է Մարտի 1-ի գործը բացահայտել 5-6 րոպեում՝ընդամենը մի զանգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728