Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի շահառուները պարտադիր պետք է անալիզներ հանձնեն, սիրտը եւ այլ օրգանները ստուգեն (Տեսանյութ)

Մարտ 04,2015 15:48

Այս տարվա հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները պետք է առաջնային բուժօգնության օղակում կանխարգելիչ հետազոտությունն անցնեն: Այսօր այս մասին առողջապահության նախարարությունում ասաց ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը: Ըստ նրա, տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունը սոցիալական փաթեթի կարեւոր բաղադրիչ է լինելու եւ եթե փաթեթի շահառուն պարտադիր չանցնի կանխարգելիչ հետազոտությունն, ապա պարոն Ծատուրյանի հավաստմամբ, չի կարող օգտվել սոցիալական փաթեթի այլ ծառայություններից` հանգստի մեկնելու կամ հիպոթեքի հնարավորությունից: Այս տարի փաթեթի շահառուները կարող են օգտվել, սակայն եկող տարվանից` ոչ: Շահառուները պետք է հանձնեն արյան անալիզներ, սրտի եւ այլ հետազոտություններ անցնեն:

«Կառավարությունը մարդուն մեկ տարի ժամանակ է տալիս, որպեսզի մարդիկ իրազեկվեն, գնան հետազոտվեն: Այս տարի կարող են առանց հետազոտվելու օգտվեն իրենց սոցփաթեթի ծառայություններից»,-ասաց պարոն Ծատուրյանը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանի խոսքերով, այդպիսի սահմանափակում են դրել, որպեսզի մարդիկ ստիպված լինեն գնալ այդ հետազոտություններին, հակառակ դեպքում, եթե թողնեն շահառուի հայեցողությանը, ապա կանխարգելիչ միջոցառումը ցածր արդյունավետությամբ կլինի. «Ստիպված ենք այդպես անել, որովհետեւ քաղաքացին ինքը իր կամքով չի գնա: Ովքե՞ր են սոցփաթեթի շահառուները, նրանք աշխատունակ տարիքի մարդիկ են, դուք պատկերացրեք աշխատունակ տարիքի մարդկանց որոշակի խումբ, որը չի հայտնաբերվում եւ չի բուժվում, հաշմանդամ կարող է դառնալ, հաշմանդամությունը լրացուցիչ բեռ է պետության համար: Այսպիսի արտահայտություն կա` մարդը աղքատ է, որովհետեւ հիվանդ է, հիվանդ է, որովհետեւ աղքատ է: Դա ուղղակի մեկը մյուսի  հետ սերտորեն կապված է»:

Սարո Ծատուրյանի խոսքերով, բյուջեով նախատեսված ընդհանուր 3,3 միլիարդ դրամի մեջ շուրջ 700 միլիոն դրամը նախատեսված է կանխարգելիչ բժշկական քննություն իրականացնելու համար: Այն կբաշխվի շահառուների թվաքանակին եւ փաթեթի գինը սահմանված է 8 հազար դրամ: Պարոն Ծատուրյանը համոզված է, որ պոլիկլինիկաները շահագրգռված կլինեն հետազոտություններն իրականացնելու, քանի որ այն նրանց համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր է:

Ռուզաննա Յուզբաշյանը նշեց, որ ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ոչ վարակիչ տարբեր հիվանդություններից, որոնց մասին հաճախ չեն կասկածում: Ըստ նրա. «Մեր նպատակը շատ հստակ է. գոնե առաջին անգամ ստիպել մարդուն, որ հետաքրքրվի իր առողջությամբ, գնա պոլիկլինիկա` հասկանալու, թե ինչ է կատարվում իր հետ: Շատ հիվանդություններ անգամ արտաքին ախտանշաններ չունեն ու միայն բժշկական քննությամբ է հնարավոր ախտորոշել: Սա, կարծում ենք, որ կհանգեցնի վարքագծի փոփոխության։ Մարդը, ով մեկ անգամ անցնի այդ հետազոտությունը, կհասկանա դրա կարևորությունը և հաջորդ անգամ առանց ստիպելու կգնա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031