Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կփոխվի՞

Մարտ 05,2015 15:46

«Այս ամենն ավարտվեց կողմերից մեկի կապիտուլյացիայով»,-այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:

Հարցին` ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ-ի կարծիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, պարոն Սաֆարյանն ասաց. «Գուցե Սերժ Սարգսյանի համար էական էլ չէ, թե ինչ կարծիք կունենա ԲՀԿ-ն: 2007-2008-ից ձևավորված բևեռը` ԲՀԿ-ն, վտանգ էր համարվում իշխանությունը վերցնելու առումով, և պետք էր այն չեզոքացնել»:

Պարոն Սաֆարյանի կարծիքով` «բոլորը չէ, որ կլքեն ԲՀԿ-ն, բայց իհարկե, լքողներ կլինեն»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի`սահմանադրական բարեփոխումների գործընթացի «կնքահայրը» ՀՅԴ-ն էր նաև, ուստի այս հանգամանքը ևս մեծ դերակատարություն կարող է ունենալ: Այս առիթով նա ասաց. «Քանի որ այս գործընթացն ուներ կնքահայրեր` ՀՅԴ-ն բրոքերներից մեկն էր, Սամվել Կարապետյանը` ՌԴ-ից եկած, և մինչև վերջ հայտնի չէ, թե նրանք ինչ են պայմանավորվել: Պայմանավորվել են այնքանով, որ ԲՀԿ-ին բերում են հին ռելսերի վրա, փոխում նախագահին ու վե՞րջ, թե՞ նաև այլ պայմանավորվածություն ունեն»:

Ընդդիմադիր դաշտում հնարավո՞ր է նոր միավորում` ասենք ԱԻՄ-ը, Հիմնադիր խորհրդարանը, Քաղաքացիական պայմանագիրը, Ստեփան Սաֆարյանն առանձնապես մեծ հույսեր չունի, քանի որ կարծում է, որ նրանք ունեն տարակարծություններ և միավորմանը հետևող ռիսկեր. «Նրանք այնպիսի անուններ են, որոնք առանձնապես չեն հաջողել նախկին փորձերում: «Ազատ դեմոկրատները» «Ժառանգության» հետ բավականին տխուր պատմությունից հետո դժվար թե հուսալի գործընկեր դիտարկվի: Պարույր Հայրիկյանն այս պահին որքան տեսանելի է իրենից դուրս մարդ չի տեսնում: Միավորվելու հարցում այնպիսի խնդիրներ կան, որոնք խոչընդոտելու են և չեն թողնելու, որ դա լուրջ միավոր դառնա»:

Հիմնադիր խորհրդարանի վերջին տարիների քայլերը պարոն Սաֆարյանը քայլ առաջ է համարում, բայց մյուս կողմից նշում, որ դրանք բավարար չեն իրենց առաջ դրված նպատակին հասնելու համար. հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքը փակուղին է:

Ըստ Ստեփան Սաֆարյանի` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի քայլերը ևս դեռ բավարար չեն ընդդիմության սիրտը գրավելու համար: Մեկ մտահոգություն էլ է նա տեսնում. «Վախենում եմ, որ սա նախադեպ կլինի, որ գործարարները չվստահեցին ընդդիմությանը: Մենք ունեինք Խաչատուր Սուքիասյանի օրինակը, որը ընդդիմության հետ էր, բայց հիմա ունենք օրինակ, թե ամենամեծ գործարարը քաղաքականության մեջ լինելու պատճառով ինչքան բանից է զրկվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031