Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիներն անգամ լվացքն են որպես քաղաքային մշակույթ ներկայացնում զբոսաշրջիկներին

Մարտ 19,2015 14:00

Վրացիներն իրենց երկիրը, մշակույթն ու ազգային խոհանոցն օտարերկրացիներին ներկայացնելու իսկական վարպետ են: Յուրաքանչյուր վրացի այնպիսի ջանասիրությամբ, հպարտությամբ ու գունեղ է գովազդում իր երկիրը, հատկապես՝ թիֆլիսցիները, որ դժվար թե նրանք գովաբանելու, կարելի է ասել, բնատուր վարպետությանը տիրապետելով՝ «տանը մնացած աղջիկ» ունենան:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը մի քանի երկրներից լրագրողների մեծ խմբերի էր հրավիրել շրջագայության: Թբիլիսիում, ի տարբերություն Երեւանի, խնամքով պահպանվել ու վերանորոգվել են հին շենքերը: Քուռ գետի երկու ափերին փռված Հին Թբիլիսիում, որ կոչվում է նաեւ Հին քաղաք, պահպանվել է նույնքան տարածքով, որքան այն կազմել է 7-րդ դարում: Այստեղ 21-րդ դարի մասին հիշեցնում են միայն ժամանակակից ավտոմեքենաները:

Vrastan_4

7-րդ դարում կառուցված Մեթեխի վանքն է.
Թբիլիսիի միայն կենտրոնում շուրջ հնադարյան 13 եկեղեցի կա:

Vrastan_8

Թուրքական բաղնիքն է Թբիլիսիի կենտրոնում. վրացիները կատակով ասում են, որ իրենք ամենահին խաղամոլներն են,  ու չնայած ներկայումս ոչ մայրաքաղաքում, ոչ էլ Թբիլիսիի մերձակայքում խաղատներ չեն հանդիպում, ինչպես որ Հայաստանում է, բայց նախկինում հենց այս բաղնիքում էին «զառ» խաղում: Բուժիչ ջրերով այս բաղնիքում էին նաեւ հարսնացուներ ընտրում:

Vrastan_11

Թբիլիսիի բարձունքներից մեկում Մայր Վրաստան հուշարձանն է՝ ոտքերի տակ խիտ անտառը. թբիլիսցիների՝ ամռանը զովանալու սիրելի վայրը: Հիմա մի պահ պատկերացրեք Մայր Հայաստանի ոտքերի տակ ինչ է փռված. շինհրապարակ, նորակառույցներ ու ոչ մի ծառ:

Vrastan_2

Vrastan_10Թզենու քարանձավ կոչվող վայրում հիմա ոչ մի թզենի չի մնացել, փոխարենը գեղեցիկ ջրվեժն է պահպանվել. ժայռի վրա կառուցված հին շենքերի բնակիչներին վթարայնության պատճառով Վրաստանի կառավարությունը փորձել է տեղահանել՝ բավականին «հարուստ» փոխհատուցմամբ, բայց բնակիչները հաղթել են կառավարությանը, որն ամրացրել է շենքերը, ու հիմա մարդիկ հանգիստ ապրում են: Այ, եթե Հայաստանի կառավարությունը լիներ, անգամ արյուն թափելով բնակիչներին կվտարեր այդ շենքերից:

Vrastan_3

Թեեւ Վրաստանի կառավարությունն արգելել է Հին Թբիլիսիի բնակիչներին լվացքը դրսում՝ պարանների վրա կախել, նույնիսկ տուգանք է սահմանել, բայց իսկական վրացի տնային տնտեսուհիները չեն ենթարկվում: «Էլ ինչ տանտիկին, եթե լվացքդ արեւին ու քամուն չտաս»՝ ասում են այդ թաղամասի կանայք:

Vrastan_6
«Մեյդան» կոչվող այս գետնանցումը Վրաստանի կառավարությունը վերանորոգել է ու վրացական ապրանքների վաճառքի գեղեցիկ սրահ է կառուցել. տաղավարներն էլ անվճար են. զբոսաշրջիկները պարտադիր այցելում են ու առեւտուր անում:

Vrastan_7
Հին Թբիլիսիում հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին վերանորոգվում է. վրացուհի էքսկուրսավարը լրագրողների խմբին այն չներկայացրեց, միայն ասաց, որ հայկական է:

Vrastan_5
Վրաստանի մայրաքաղաքի հատկապես կենտրոնական մասում մուրացիկներ շատ կան. Հին Թիֆլիսում անչափահաս մուրացիկներն ու ցիգանները զբոսաշրջիկների «պոչից» բռնում են ու բաց չեն թողնում մինչեւ մի քանի «կոպեկ» չպոկեն, կանիծեն՝ եթե գումար չտաք:

Vrastan_9
Թբիլիսցիների հպարտությունն է Շարդենի փողոցը, այստեղ պահպանվել են «ժանյակավոր» պատշգամբներով շենքերն ու հրեշտակով, մարդկային կյանքը րոպեների ընթացքում պատմող տիկնիկների փոքրիկ բեմադրությամբ Գաբրիաձեի ժամացույցը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Թբիլիսի-Երեւան

«Առավոտ» օրաթերթ
18.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031