Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ձայնը՝ կրեմլյան խառնաշփոթում

Մարտ 20,2015 17:00

Սերժ Սարգսյանը կրկին խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին ՀՀ պաշտոնյաներից բարձրաձայն առաջինը խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 1,5-2 տարի առաջ Արգենտինայում պաշտոնական այցով գտնվելու ժամանակ: Մինչ օրս էլ անհասկանալի է մնացել, թե ինչո՞ւ հենց Արգենտինայում, երբ Երեւանում եւ ավելի թարմ հետքերով կարելի էր, ավելին՝ անհրաժեշտ էր հստակ անհանգստություն արտահայտել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից Ադրբեջանին սպառազինությունների մեծ ծավալի վաճառքի մասին:

Տարօրինակ էր, սակայն նախագահի այդ հայտարարությանը չհետեւեցին հայաստանյան պատկան չինովնիկների հայտարարությունները: Սերժ Սարգսյանի արգենտինյան հայտարարությունը մի տեսակ աննկատ անցավ: Երեկ, սակայն, ուշագրավ բան տեղի ունեցավ: «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցության եւ ԼՂ հակամարտության կողմերին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին մոսկովյան լրագրողի հարցին, ասել է. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք եւ շնորհակալ մեր դաշնակցին մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը եւ ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ եւ իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ հիմա նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց այդ մասին, կարծիք հայտնեց, որ Կրեմլում խառը իրավիճակի պատճառով, որից, իր կարծիքով՝ Սերժ Սարգսյանն ուզում է առաջինն օգտվել` «մի վերջին ճիգով ցույց տալով քաղաքակիրթ աշխարհին, որ ինքն այնքան էլ անարժանապատիվ չի»: Թե ինչպե՞ս կընկալվի Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, ի՞նչ հետեւանքներ կունենա` ժամանակը ցույց կտա:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է այն միակ միջազգային հարթակը, որտեղ Հայաստանը հնարավորություն ունի հանդես գալու որպես ինքնուրույն միավոր՝ ելնելով զուտ իր անմիջական, ոչ երկրորդական կամ երրորդական անվտանգության ապահովման դիրքերից. «Մինսկի խմբի գործունեության խիստ քննադատությամբ, մինչեւ իսկ այն դադարեցնելու միտումով մշտապես հանդես է գալիս Իլհամ Ալիեւը՝ ձգտելով նրան փոխարինել ՄԱԿ-ի որեւէ այլ ֆորմատով: ՌԴ-ն այս առումով նույնպես շահագրգռված չէ Մինսկի խմբի ֆորմատով, քանի որ այն կաշկանդում է իրեն` հանդես գալու որպես որոշիչ կողմ, որին խոչընդոտում են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Այս համատեքստում ՀՀ-ին մնացել է միակ փոքր պատուհանը՝ գոնե ինչ-որ կերպ ներկայանալու իր պետական անվտանգության շահերից, եւ դա մնացել է Մինսկի խմբի ֆորմատը։ Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ սա միակ մնացած թելն է, թե տեղն է, որի կորստի դեպքում ինքը որեւէ արգումենտ չունի Արեւմուտքին ցույց տալու, թե ամեն ինչ Հայաստանի առումով ավարտված չէ: Այլ՝ ինքնուրույն փաստարկ, քան ՌԴ-ի կողմից սպառազինությունների մեծ ծավալի վաճառքը Ադրբեջանին Սերժ Սարգսյանը չի կարող իրեն թույլ տալ օգտագործել: Ի դեպ, այդ փաստարկն էլ օգտագործում է որպես արդարացում` հղում կատարելով սահմանին կանգնած եւ ռուսական զենքից զոհվող հայ զինվորին: Իհարկե, իրեն հարգող, արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը ոչ թե հղում կաներ սոսկ զոհերի փաստին, այլ ուղղակի կմեղադրեր ռուսական կողմին սեփական երկրի քաղաքացիների՝ ռուսական զենքից սպանվելու խայտառակ փաստի համար։ Հիշեցնեմ. ժամանակին հենց նույն Սերժ Սարգսյանի մասնակցությամբ` Բուլղարիայից Հայաստանով Իրան, այնուհետեւ Իրաք առաքված-վաճառված զենքից ԱՄՆ զինվորների սպանության փաստի մասին էր ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պնդել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին»:

Հիշեցնենք. խոսքը «Վիքիլիքսի» հրապարակումներից մեկի մասին է, համաձայն որի՝ ԱՄՆ զինվորները սպանվում են մի քանի տեսակ զենքերով: Դրանց ակունքները փնտրելով՝ ամերիկացիները գալիս են Հայաստան ու պարզում, որ մերոնք այդ զենքը գնել են Բուլղարիայից ու վերավաճառել: Դրանք Իրանի տարածքով հասել էին Իրաք: ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ներկայացրած փաստերը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հերքել էր: Հետո, երբ ավելի լուրջ հիմնավորումներ էին ներկայացվել, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մեկ անգամ եղել է: Հիշեցնենք. այդ տարիներին ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Այդ հրապարակումից հետո Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հարցումներ էր ուղարկել պատկան գերատեսչություններին: Ոչ մի պաշտոնական տվյալ` զենքի ներմուծման ու արտահանման մասին, չի եղել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031