Լրահոս
Օրվա լրահոսը

Լայն ուսերով տղամարդիկ պետք է կրեն լայն փողկապ

Մարտ 30,2015 12:00

Այն տղամարդիկ, որոնք դժվարանում են հագուստը համադրել, կարող են հետեւել էթիկետի տարրական կանոններին եւ միշտ պատշաճ տեսք ունենալ: Տղամարդը, որը կրում է մուգ կոստյում, ապա նրա հետ պետք է ընտրի բաց գույնի վերնաշապիկ։ Գեղեցիկ չէ վանդակավոր վերնաշապիկ կրել գծերով կոստյումի եւ հակառակը՝ գծերով վերնաշապիկ՝ վանդակավոր կոստյումի հետ։ Ցանկացած տիպի այցելությունների համար ամենահարմարը սպիտակ վերնաշապիկն է։ Միագույն կոստյումի հետ սովորաբար կրում են վառ նախշերով փողկապ, իսկ վանդակավոր կամ գծավոր կոստյումի հետ ավելի հարգի են միագույն փողկապները։ Վառ գույնի եւ նախշերով վերնաշապիկի հետ պետք է համադրել միագույն փողկապ։ Փողկապը միշտ պետք է մուգ լինի վերնաշապիկից։ Երեկոյան մուգ կոստյումին ավելի հարմար է մետաքսյա փողկապը, իսկ սինթետիկ փողկապը կրում են միայն կաշվե բաճկոնի հետ։

Փողկապ-թիթեռնիկ պետք է կրել միայն տոնական հանդիսությունների ժամանակ։ Մարզական եւ բրդյա վերնաշապիկների հետ փողկապ չեն կրում։
Փողկապ ընտրելիս պետք է հաշվի առնել այն կրողի ուսերի լայնությունը: Եթե մարդու ուսերը լայն են, փողկապը եւս պետք է լայն լինի եւ հակառակը։
Փողկապը երբեք չպետք է գոտկատեղից ներքեւ իջնի։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս փողկապը լվանալ եւ արդուկել։

Պաշտոնական կամ հանդիսավոր ընդունելությունների ժամանակ տղամարդը նույնպես պետք է հետեւի էթիկետի կանոններին եւ ներկայանա կոստյումով: Որպես կանոն, կոստյումը պետք է լինի նոր կամ չմաշված, մաքուր եւ լավ արդուկված։ Նույնը վերաբերում է նաեւ վերնաշապիկին, իսկ փողկապը պետք է համապատասխանի թե՛ վերնաշապիկին, թե՛ կոստյումին։ Պաշտոնական իրադրություններում պիջակի ներքեւի կոճակը երբեք չի կոճկվում։ Մյուս կոճակներն անպայման պետք է կոճկված լինեն։ Պարելիս նույնպես պիջակը պետք է կոճկված լինի եւ միայն նստելիս այն կարող են արձակել:

Պաշտոնական միջոցառումների ժամանակ, եթե կարիք կա պիջակը հանելու, ապա այն կարող են հանել միայն տանտիրոջ կամ պատվավոր հյուրի հանելուց հետո: Եթե միջոցառման ողջ ընթացքում, նույնիսկ անտանելի շոգին, հանդիսության կենտրոնական դեմքը, տանտերը կամ պատվավոր հյուրը չեն հանում պիջակը, անհարկի է, որ հյուրերից որեւէ մեկն այդ անի։ Միայն մտերիմների տանը հյուրընկալվելիս կարելի է հանել պիջակը, առանց տանտիրոջը սպասելու, բայց էթիկետին հետեւող տղամարդն այդ դեպքում եւս տանտիրոջից թույլտվություն է խնդրում:

Այն տղամարդիկ, որոնք առիթ են ունենում սմոքինգ կրելու, պետք է հիշեն, որ սեւ ժիլետը, սպիտակ վերնաշապիկն ու թիթեռնիկ-փողկապը պարտադիր են, ինչպես նաեւ սեւ կոշիկներն ու մուգ գուլպաները։

Ֆրակ կրողներին հարկ է կրել սպիտակ ժիլետ՝ երեկոյան եւ սեւ ժիլետ՝ հատուկ հանդիսությունների ժամանակ։ Այն պարտադիր է զուգակցել սպիտակ թիթեռնիկ-փողկապի, սեւ գուլպաների եւ լաքե կոշիկների հետ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
28.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031