Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում խախտումներ` ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում

Ապրիլ 03,2015 13:05

«Հանձնաժողովը այս և նախորդ մրցույթներում լուծել է մեկ խնդիր, որ հաղթող թեկնածուների ցուցակում ընդգրկվեն բացառապես իշխանությունների կողմից վերահսկվող անձինք»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նշենք, որ իրավաբանները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների` փետրվարի վերջին տեղի ունեցած մրցույթի գործընթացում:

Մուշեղ Շուշանյանը վստահեցրեց, որ չեն ապահովվել մրցույթի արդարացիության և թափանցիկության սկզբունքները. ի տարբերություն նախորդ մրցույթի` հնարավորություն չի տրվել ծանոթանալ ներկայացված հավակնորդների փաստաթղթերին: Արդարացի և թափանցիկ մրցույթ անցկացվել չէր կարող, քանի որ խնդիրը հանձնաժողովի կազմի մեջ է: Նա մատնանշեց, որ հանձնաժողովի նախագահը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, անդամներից է ՎՃռաբեկ դատարանի նախագահը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, այսինքն` մարդիկ, որոնք «քաղաքականապես չեզոք չեն կարող լինել», այլ կախվածության մեջ են ՀՀ նախագահից:

«Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը հանձնաժողովի աշխատանքի հետ կապված նշեց. «Եթե հանձնաժողովում ընդգրկված են անձինք, ովքեր նշանակված են գործադիրի կողմից, ապա իրենք չեն կարող ընտրել անկախ դատավոր»: Լուսինե Սահակյանը նշեց այն չափորոշիչները, որոնցով ընդհանրապես ընդունված է անցկացնել նման մրցույթները և ՀՀ-ում անցկացված մրցույթի համեմատության համար նշեց. «Հարցազրույցի փուլը կրում էր զուտ ձևական բնույթ, ընդհանրապես գնահատումը ևս ձևական բնույթ է կրել, քանի որ խորքային հարցեր էլ չեն հնչել»:

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը այս առիթով շարունակեց. «Լեզվական կարողությունների ստուգման համար պետք է հրավիրվեին լեզվի մասնագետների, սակայն նրանց ընտրությունը անցկացվել է հասարակության համար ոչ թափանցիկ պայմաններում: Հայտնի չէ` նրանք ինչպես են ընտրվել, ինչպես գնահատել, արդյոք թեստերը եղել են բա՞ց, թե՞ փակ»: Կապված տեղեկատվություն ստանալու սահմանափակումների հետ` Լուսինե Հակոբյանն ասաց. «Ինչ-ինչ բացահայտումներից խուսափելու նպատակով հանձնաժողովն ուղղակիորեն սահմանափակել է դիտորդական և լրագրողական կազմակերպությունների` տեղեկատվություն փնտրելու ազատությունը»:

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ուշադրություն հրավիրեց Արմեն Հարությունյանի թեկնածության վրա ու անվստահություն հայտնեց, թե ինչպե՞ս կարող է մի մարդ ՄԻԵԴ-ում ներկայացնել Հայաստանը, որը արտագաղթել է Հայաստանից, կամ ինչպե՞ս կարելի է խոսել նրա մասնագիտական պատասխանատվության մասին, երբ մի պաշտոնում իր առաքելությունը չավարտած փոխում է պաշտոնները. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը չավարտած նա անցավ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնին, հիմա էլ հավակնում է դեռ այս մենը չավարտած ՄԻԵԴ դատավորի պաշտոնին: Տիգրան Եգորյանը նաև տեղեկացրեց, թե դիտորդների ուսումնասիրությունները պարզել են, որ նրա ներկայացրած դասագրքում բազմաթիվ արտատպումներ կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930