Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրանուշ Սահակյանը ԱՄՆ-ի AGBU հայկական վարժարանում․ թե՛ ուսուցիչներին, թե՛ սաներին մտահոգում էր հայ գերիների ճակատագիրը

Հոկտեմբեր 02,2026 11:43 Share

«Այս պահին Բաքվում պահվում են ողջ հայ գերիներ։ Նրանք գտնվում են Բաքվի բանտային համալիրում՝ մի վայրում, որտեղ պահվում են հատկապես վտանգավոր հանցագործները»,- Լոս Անջելեսում գործող AGBU Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի սաների եւ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հայտնի իրավապաշտպան, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ կալանավորված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիրանուշ Սահակյանը։ Այս օրերին տիկին Սահակյանը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի միացյալ նահանգներում։

Ըստ իրավապաշտպանի, սակայն, գերեվարվածների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է․ «Մեր կազմակերպությանը հաջողվել է փաստագրել առնվազն եւս 18 դեպք, երբ հայերը ողջ վիճակում հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների ձեռքում։ Ադրբեջանի իշխանությունները հերքում են նրանց գերության փաստը եւ պաշտոնապես չեն հաստատում, որ այդ անձինք գտնվում են իրենց մոտ։ Իրավական տեսանկյունից այս դեպքերը դիտարկվում են որպես հարկադիր անհետացումներ»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով, այս մարդկանց ընտանիքները մինչ օրս չգիտեն իրենց հարազատների ճակատագիրը․ «Անհրաժեշտ է հետաքննել նրանց ճակատագիրը, պարզել, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ, եւ այդ կարեւոր տեղեկությունը փոխանցել ընտանիքներին, որպեսզի նրանք վերջապես իմանան իրականությունը»։

Վարժարանում տիկին Սահակյանին դիմավորեցին «աղ ու հացով»՝ նշելով, որ նա իրենց համար պատվարժան հյուր է։

 

Վարժարանի սաներն իրենց բացման խոսքում նշեցին, որ տիկին Սահակյանը տարիներ շարունակ իր գործունեությունը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը՝ մասնավորապես՝ զբաղվելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ կալանավորված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ Նա նրանց խնդիրները բարձրաձայնել եւ ներկայացրել է միջազգային տարբեր հարթակներում։

 

Սիրանուշ Սահակյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց, որ օտար հողի վրա պահպանում են հայի ինքնությունը։

 

Սիրանուշ Սահակյանին ուղեկցում էին փաստաբան Գեւորգ Հակոբյանը, քաղաքական լրագրող եւ գրող Անդրանիկ Աբոյանը եւ փաստաբան Սթիվ Դեդեյանը։

Մեկ ժամից ավել տեւած հանդիպմանը վարժարանի սաներն ու ուսուցչական կազմը հնարավորություն ունեցան քննարկելու միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ հայապահպանությանն առնչվող առանցքային հարցեր։ Սակայն թե՜ ուսուցիչներին, թե՜ սաներին մտահոգող թիվ մեկ հարցը ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների եւ անհետ կորած անձանց ճակատագրերն էին։

 

Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Վիվիան Վանյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող են այսօրվա դպրոցականները, նույնիսկ առանց իրավաբան լինելու, միջազգային հարթակներում օգնել Հայաստանին, օրինակ՝ սոցիալական ցանցերում եւ տեղեկատվական դաշտում՝ միաժամանակ խուսափելով ատելության խոսքի տարածումից։

Վիվիան Վանյան

Ի պատասխան, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ այդ մարդկանց եւ նրանց ընտանիքների համար ամենավտանգավորը նրանց մոռացության մատնելն է․ «Լռությունն ու անտարբերությունը միայն ավելի են վնասում նրանց։ Այդ պատճառով մենք պետք է շարունակենք բարձրաձայնել այս չլուծված մարդասիրական խնդրի մասին և հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին։ Մենք պետք է համախմբենք հանրային ձայնը եւ կառավարությունների միջոցով ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա՝ հասնելու նրանց ազատ արձակմանը»։

Ըստ Սիրանուշ Սահակյանի, գերիների ազատ արձակման հարցն ունի երկու՝ իրավական եւ քաղաքական ուղղություն։ Իրավական ճանապարհով համապատասխան դատական որոշումների հասնելը իրավաբանների աշխատանքն է։ Իսկ քաղաքական ճնշումն ուժեղացնելու համար անհրաժեշտ է դիվանագետների աջակցությունը, ինչպես նաեւ հասարակությունների ակտիվ ներգրավվածությունը՝ իրենց կառավարությունների հետ աշխատելու եւ այս հարցը մշտապես օրակարգում պահելու համար։

«Կարեւոր է շարունակաբար բարձրաձայնել գերիների խնդրի, նրանց պահման պայմանների մասին եւ ապահովել միջազգային ուշադրություն՝ թե՛ կառավարությունների, թե՛ միջկառավարական կառույցների եւ թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների մակարդակով»,-ասաց իրավապաշտպանը։

Նաիրի Սարգիսյան

Նաիրի Սարգիսյանն էլ հարցրեց՝ կարո՞ղ են գերությունից վերադարձած անձինք կամ զոհերի ընտանիքները Ադրբեջանից պահանջել նյութական եւ բարոյական փոխհատուցում։

Այս հարցի առնչությամբ, տիկին Սահակյանն ասաց, որ հայրենադարձված բոլոր գերիները խոշտանգումների զոհ են։ Ասաց նաեւ, որ իրենք հարցազրույց են անցկացրել նրանցից յուրաքանչյուրի հետ, եւ, ցավոք, իրենց ուսումնասիրած դեպքերում նույնիսկ առավել խոցելի խմբերը՝ կանայք եւ տարեց կանայք, չեն խուսափել խոշտանգումների ծանր ձեւերից․«Նրանք ենթարկվել են նվաստացումների, դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների։ Հայ գերիների հետ հարցազրույցներ են անցկացրել նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, որի հրապարակած զեկույցներում եւս արձանագրվել են նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների դեպքեր։

Միջազգային իրավունքի համաձայն՝ խոշտանգումների զոհերն ունեն փոխհատուցման եւ վերականգնման իրավունք։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն չի ապահովում այդ փոխհատուցումն ու վերականգնումը, այլ չի ընդունում իր կողմից կատարված խախտումները։
Այս պայմաններում փոխհատուցում պահանջելու հնարավոր ճանապարհներից մեկը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է՝ բարձրացնելով Ադրբեջանի՝ որպես պետության պատասխանատվության հարցը։ Մենք այժմ այդ գործընթացում ենք եւ արդեն ունենք ավարտված գործեր»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով, վերջին գործերից մեկը «Վ.Պ.-ն եւ այլք ընդդեմ Ադրբեջանի» գործն էր, որը վերաբերում էր գլխատված հայ զինծառայողին․ «Նրա գլուխը որպես ավար տարվել էր քաղաքացիական բնակավայր։ Այս գործով դատարանը խոշտանգում է արձանագրել ոչ միայն անմիջական զոհի՝ զինծառայողի, այլեւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ընտանիքը ստիպված էր տեսնել, թե ինչպես էր ցուցադրվում իրենց հարազատի գլխատված գլուխը, իսկ համապատասխան տեսանյութերն ուղարկվել էին նաև նրանց։ Դրա հետեւանքով ընտանիքի անդամներին պատճառվել էր չափազանց ծանր հոգեկան տառապանք, որը դատարանի գնահատմամբ հասել էր խոշտանգման շեմին»։

Այս գործով, ըստ տիկին Սահակյանի, դատարանը ընտանիքին բարոյական վնասի դիմաց նշանակել է 90,000 եվրոյի փոխհատուցում։
Նրա խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմնականում փոխհատուցում տրամադրող դատարան չէ, եւ նրա սահմանած փոխհատուցման չափերը զգալիորեն ցածր են, քան, օրինակ, ԱՄՆ դատարանների կողմից նշանակվող գումարները։ «Այնուամենայնիվ, տվյալ գործով փոխհատուցում նշանակվել է։ Այժմ պետք է սպասել եւ տեսնել, թե ինչպես է կատարվելու դատարանի վճիռը։ Այսպիսով, պատճառված վնասի համար փոխհատուցում պահանջելու հիմնական իրավական ճանապարհը Ադրբեջանի՝ որպես պետության պատասխանատվության հարցը միջազգային իրավական մարմինների առջեւ բարձրացնելն է»։

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելիք խաղաղության պայմանագրին, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ցավոք պայմանագիրը «լռում» է ռազմագերիների ազատ արձակման հարցի, բռնի տեղահանված Արցախի բնակչության վերադարձի իրավունքի ինչպես նաեւ՝ բռնի անհետացած անձանց խնդրի մասին։ Ըստ նրա, միակ հումանիտար հարցը, որը դարձել է այս համաձայնագրի մաս, անհայտ կորածների ճակատագրի որոնումն ու հետաքննությունն է, ինչը երկկողմանի խնդիր է․ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ունեն մարդիկ, որոնք անհայտ կորած են համարվում ռազմական գործողություններից ի վեր։

Նա խիստ մտահոգիչ ու խնդրահարույց համարեց պայմանագրի դրույթներից մեկը՝ այն համարելով հակամարտության զոհերի շահերին դեմ։ Սիրանուշ Սահակյանի խոսքով, Խաղաղության պայմանագիրը պահանջում է հետ կանչել բոլոր միջպետական գանգատները, որոնք Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դեմ․ «Այժմ մենք գործ ունենք Արդարադատության միջազգային դատարանում՝ հիմնված «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա, եւ ունենք չորս գործ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Ադրբեջանի եւ մեկ գործ ընդդեմ Թուրքիայի։ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, երկու երկրներն էլ պետք է հետ կանչեն իրենց միջպետական գանգատները, որոնց շահառուները սովորական մարդիկ են՝ հակամարտության զոհերը։ Սովորաբար աշխարհն օգտագործում է այն բանաձեւը, որ կայուն խաղաղության կարելի է հասնել տուժած բնակչությանը արդարադատություն տրամադրելու միջոցով։ Այնուամենայնիվ, այս պայմանագրում մենք տեսնում ենք, որ խաղաղությունը կառուցվում է արդարադատության հաշվին, ինչը որոշակի կասկածներ է առաջացնում նման խաղաղության կայունության վերաբերյալ, քանի որ խաղաղությունը պետք է խարսխված լինի հումանիտար հարցերի վրա։ Այն պետք է վերջ դնի հումանիտար տառապանքներին, եւ անարժանահավատ պայմանագիրը, որը զոհերին թողնում է անպաշտպան, չի կարող ստանալ լայն հանրային աջակցություն։ Ուստի, միակ ճանապարհը, որը մենք տեսնում ենք խաղաղությանը աջակցելու համար, բոլոր հումանիտար հարցերի լուծմանը հասնելն է՝ նախքան այս խաղաղության պայմանագրի վավերացումը»։

Ըստ տիկին Սահակյանի, իրենք հումանիտար հարցերի լուծումը տեսնում են որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ վստահության ձեւավորման միակ միջոց։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031