Լրահոս
Օրվա լրահոսը

Թե քննիչն ինչպես է կազմակերպել ճանաչման գործողությունը

Ապրիլ 06,2015 13:19

«31.03.2015թ-ին քննիչը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իմ պաշտպանյալ Փարսադան Փարսադանյանի մասնակցությամբ իրականացրեց ճանաչման գործողություն, որը տեղի ունեցավ քրեադատավարական օրենքի էական խախտումներով:

Այսպես, ժամը 17-ի սահմաններում քննիչը լրացնելով ընթրակաների և Փարսադան Փարսադանյանի հետ միասին ճանաչմանը ներկայացվող անձանց անձնական տվյալները, քննչական սենյակ հրավիրեց տուժող Դանիել Սուքիասյանին:  Ճանաչման գործողության արձանագրությունը լրացնելիս Փարսադան Փարսադանյանը կանգնած էր քննչական սենյակում գտնվող պատուհանից դեպի ձախ երկրորդ տեղում, իսկ մինչև տուժողի ներս մտնելը իր տեղը փոխեց և կանգնեց նույն ուղղությամբ չորրորդ տեղում, այդ փոփոխության վերաբերյալ քննիչը արձանագրության մեջ որևէ փոփոխություն չկատարեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ավազակային հարձակման կասկածանքով մեղադրվող Փարսադան Փարսադանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:

Ըստ վերջինի, տուժողին քննչական սենյակ հրավիրելուց հետո քննիչն առանց նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելու հարցրել է, թե կանգնածներից ում է ճանաչում: «Տուժողը, նայելով ճանաչման ներկայացված անձանց, նշեց, որ պատուհանի մոտ կանգնածին չի ճանաչում, վերջին կանգնածին նայելով՝ նշեց, որ նրան նմանեցնում է իր տաքսի մեքենան նստած ուղևորներից մեկնումեկին: Տուժողի հայտարարությունն այնքան հստակ էր, որ հնարավոր չէր այն շփոթել այլ արտահայտությունների հետ և լսելի էր, թե քննիչին, թե ընթերականերին և թե ճանաչման ներկայացված մյուս անձանց»,- ասում է Լ. Սիմոնյանը:

Սակայն, ըստ նրա, տեղի է ունեցել անսպասելին. քննիչը արձանագրության մեջ տուժողի հայտարարությունը լրացրել է «իրականությանը անհամապատասխան», նշելով, թե «Կասկածում է, որ պատուհանից երկրորդը տեղում կանգնած անձը նստել է իր ավտոմեքենան և դանակի սպառնալիքով հափշտակել է գումար և թևնոց… և այլն»:

Լիպարիտ Սիմոնյանը ճանաչման հետ կապված դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, հայտնելով, թե տուժողը նման հայտարարություն չէր կատարել, ինչպես նաև մինչ ճանաչման գործողություն սկսելը քննիչը թույլ էր տվել դատավարական խախտումներ: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ քննիչը մինչ ճանաչում սկսելը տուժողին չի բացատրել նրա իրավունքները և պարտականությունները, իսկ համապատասխան տեղում տուժողին առաջարկել է ստորագրել ճանաչման գործողության ավարտից հետո: Քննիչը քննչական գործողության արձանագրության մեջ չի նշել, որ մինչև ճանաչում սկսելը` Փարսադան Փարսադանյանը փոխել է կանգնած դիրքը` երկրորդ տեղից տեղափոխվելով 4-րդը: Մինչ ճանաչման գործողության կատարման օրը հանրային հեռուստատեսությամբ 15.03.2015թ-ին Փարսադան Փարսադանյանը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, որի ընթացքում ներկայացվել է որպես ավազակային հարձակում կատարող անձ: Իսկ ճանաչման ժամանակ էլ տուժողը հայտարարել է, թե ընդամենը կասկածում է տվյալ անձին, որպես հաճախորդի, իր տաքսին նստած անձի և ոչ թե ինչպես արձանագրել է քննիչը «որպես 2015թ. փետրվարի 22-ին դանակի սպառնալիքով ինձանից հափշտակել է գումար և ձեռքի թևնոց»:

Ի դեպ, փաստաբանի կողմից այս առարկությունները ներկայացնելուց հետո քննիչն առաջարկել է տուժողին, քննչական գործողությանը մասնակից դարձած ընթերականերին և ճանաչմանը համար ներկայացված անձանց ստորագրել ճանաչման գործողության արձանագրությունը:

Լիպարիտ Սիմոնյանն ասում է, որ չորս անձինք, այդ թվում երկու ընթերականները, միացել են իր հայտարարությանը, փաստելով քննիչի կողմից ճանաչման գործողության կատարման իրական պատկերը: Իսկ տուժողը նշել է, թե «նմանեցնում եմ, որի համար ստորագրում եմ» արտահայտությունը:

Լիպարիտ Սիմոնյանի կարծիքով, քննիչի կողմից իրականացված քննչական գործողությունը կարող է խոսել ապացույցները նման եղանակով  ձեռք բերելու նրա շահագրգռվածության մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930