Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունը չի մոռացվել ու չի մոռացվի». Ալբերտ Վայլեր

Ապրիլ 23,2015 16:23

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը բոլորում է 100-րդ տարին: Եվ ինձ համար մեծ պատիվ է այսօր ձեզ հետ միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- այսօր՝ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչ Ալբերտ Վայլերը:

«Թուրքիան կոտորեց 1.5 միլիոն հայերի: Դա իրողություն է, որ հետ դարձնել հնարավոր չէ, բայց նաև հնարավոր չէ մոռանալ: Կատարվածը ցեղասպանություն էր»,- ընդգծեց նա՝ նկատելով, որ ընդհանրապես 20-րդ դարը ահավոր ողբերգությունների դար է. «Բոլորդ էլ գիտեք, որ մենք՝ գերմանացիներս, 20-րդ դարում մեծ մեղք ենք վերցրել մեզ վրա՝ բավարար պատճառներ ստեղծելով, որ մարդիկ ատեն մեզ, բայց այդպես չեղավ: Մեզ հետ հաշտվեցին, մեզ ներեցին, որովհետև մենք ընդունեցինք մեր հանցանքը: Իսկ Հոլոքոստը բացառիկ հանցագործություն էր ամբողջ մարդկության դեմ: Այն հավերժ և անջնջելի կերպով ամրագրված է մեր երկրի և մեր ժողովրդի պատմության մեջ»,- ասաց Ալբերտ Վայլերը՝ շեշտելով, որ ներելու և հաշտվելու համար նույնքան ուժ է հարկավոր, գուցե ավելի մեծ, քան սեփական մեղքն ընդունելու համար:

Դառնալով Թուրքիայում տիրող տրամադրություններին՝ նա ասաց. «Այսօրվա Թուրքիայում կան մարդիկ, որոնք աշխատում են ապագայի ուղղությամբ՝ համատեղ եվրոպական ապագայի, բայց ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, կան նաև շատերը, որոնք ավելի հաճույքով աչք են փակում և հետո հույս տածում՝ ինչը ես չեմ տեսնում, չկա: Սա ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքացիական հասարակությանն է վերաբերում: Ես ցանկանում եմ, որ «կեղծ կույր» մարդիկ գնալով պակասեն, իսկ տեսնել ցանկացողները շատանան»,- ասաց Վայլերը՝ ընդգծելով, որ միայն անցյալին բաց անդրադարձը կօգնի կառուցել դեպի ապագան տանող ճանապարհը. «Ես ուրախ եմ, որ մենք այսօր կարող ենք հստակորեն և բաց ցեղասպանություն անվանել այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին: Եվրախորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ Հռոմի պապը՝ աշխարհի բոլոր կաթոլիկների առաջնորդը, դատապարտեց Ցեղասպանությունը: Սա ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը չի մոռացվել ու չի մոռացվի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930