Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «Որեւէ հիմք չկա, որ վարչապետի ասած` 2.5% տնտեսական աճ լինի»

Ապրիլ 23,2015 18:17
vahagn xachatryan

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ի հակառակ միջազգային կառույցների, վստահեցնում է, որ Հայաստանում 2.5-3% տնտեսական աճ կլինի: Այս մասին վարչապետը հայտարարել է  ապրիլի 18-ին Ծաղկաձորում տեղի ունեցած խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի ժամանակ:

ՀԱԿ անդամ տնտեսագետ Վահագն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ հիմք չկա, որ Հայաստանի Հանրապետությունում այս տարի տնտեսական աճ է լինելու, առավել եւս, առաջիկա 3 ամիսներին:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ չնայած ազգային վիճակագրական ծառայությունը եռամսյա տվյալներ հրապարակեց, եւ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.5% ներկայացրեց, բայց սա տնտեսական աճ չէ, սա ընդամենը տնտեսական ակտիվություն է, եւ պետք չէ մարդկանց շփոթմունքի մեջ գցել:

«Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին ծանոթանալով՝ համոզվում ես, որ մեր տնտեսությունը գտնվում է, իսկապես, ճգնաժամի մեջ եւ տնտեսական աճի մասին խոսելը  լուրջ չէ: Ես նկատի ունեմ, որ ե’ւ առեւտրաշրջանառությունն է նվազել, եւ էլեկտրաէներգիայի արտադրությունն է նվազել, արտաքին առեւտրի թվերն են նվազել, որի մասին ԱՎԾ-ում հիշեցում կա, որ վերջնական չեն, բայց եթե վերջնական էլ չեն, 30%-ով է պակասել, եւ ասենք մենք կեսով պակասեցնենք, ապա 15%-ով է կրճատվում: Շատ անհանգստացնող է արտահանման իրավիճակը: Վերլուծելով այս ամենը, հաշվի առնելով այն, որ կախվածություն ունենք մի կողմից Ռուսաստանի տնտեսության իրավիճակից, մյուս կողմից մեր ներքին տնտեսական իրավիճակը, գալիս ենք այն նույն  եզրակացության, որ տարբեր միջազգային կառույցները բացասական են գնահատում  Հայաստանի համար 2015 թվականի տնտեսական հեռանկարները»,-ասաց տնտեսագետը:

Նշենք, որ արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի  կանխատեսումներով Հայաստանի տնտեսական աճը 0%-ից մի փոքր է ավելի լինելու:

Հովիկ Աբրահամյանի ներկայացմամբ` կառավարության կողմից իրականացվող ծրագրերն են ապահովելու իր նշած տնտեսական աճը: Վարչապետը, մասնավորապես, ասել էր` «Ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այս առնչությամբ ասաց, որ բոլոր ծրագրերն արտացոլված են բյուջեի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում, եւ քաջատեղյակ է դրանց, բայց դրանք այնպիսի խոստումնալից  ծրագրեր չեն, որոնց իրականացումը այսօրվա պայմաններում կբերի մեր երկրում տնտեսական աճի`3%, եւ առավելեւս, տնտեսական զարգացման:

«Հավատացնում եմ` այդպիսի ծրագրեր չկան, հակառակը, այդ բոլոր ծրագրերը կախված են Ռուսաստանի տնտեսությունից, ՌԴ-ից ստացվող տրանսֆերտներից, եւ դրանք իրականություն կարող են դառնալ այն դեպքում, երբ եղանակային պայմանները լավը լինեն, ՌԴ տնտեսությունն աճի,  գյուղատնտեսությունը, մի կողմից էլ բարեկամներ, ծանոթներ, ընկերներ գումարներ ուղարկեն: Կառավարության ծրագրերի մեջ Հայաստանի ներքին ռեսուրսների օգտագործման խնդիր դրված չէ, սրանից ելնելով ես կարող եմ ասել` իսկապես ծրագիր չկա, որոնք մեր ներքին ռեսուրսներն օգտագործելով  տնտեսական զարգացում ու աճ կապահովեն: Բոլոր տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման նախապայմանները Ռուսաստանի զարգացումն է, խոստումները, որոնք կապված են Եվրասիական տնտեսական զարգացման հետ, այս 2-էլ չեն աշխատում: Այսինքն` այդպիսի լուրջ ծրագիր չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930