Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոսել է արձանագրությունների գաղտնի, թաքնված նախապայմանի մասին

Ապրիլ 23,2015 18:44

«Իրականում հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան: Ինքը միայն 1 նախապայմանի մասին խոսեց՝ Ադրբեջանին Արցախը զիջելու մասին, բայց իրականության մեջ դա երրորդ նախապայմանն է, որը չի ամրագրվել արձանագրություններում»,- Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես հակադարձեց նախագահ Սերժ Սարգսյանին, որը միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից որեւէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել:

Նույն հարցազրույցում, խոսելով արձանագրությունների մասին, Սերժ Սարգսյանն ասել էր, որ մեզ համար ցանկալի երեւույթ է արձանագրությունների վավերացումը. «Ես չեմ հանել Հայաստանի Հանրապետության ստորագրությունները արձանագրություն­ներից: Ես կարծում եմ, որ դեռեւս թուրքական իշխանությունները ժամանակ ունեն վավերացնելու արձանագրությունները: Երբ նրանք վավերացնեն, մեր ազգային օրենսդրությամբ ժամանակատար չէ այդ արձանագրությունները Ազգային Ժողով ուղարկելը»:

Սերժ Սարգսյանը, որպես Թուրքիայի առաջ քաշած նախապայման՝ նշել է հետեւյալը. «Թուրքերը ասում են՝ այդ փաստաթղթերը վավերացնելու համար պետք է կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Այսինքն՝ մենք որեւէ նախապայման չենք դնում, թուրքերը նախապայման են դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ իսկապես, այդ արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը նշանակություն չունի. «Քանի դեռ Հայաստանը հետ չի վերցրել իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, այդ արձանագրությունները կան եւ արտաքին քաղաքականության վրա ազդեցություն գործում են: Հայաստանի իշխանությունները խոսք են տվել միջազգային հանրությանը, որ կստորագրեն այդ արձանագրությունները, իսկ ընտրությունները ճանաչելու դիմաց պատրաստ են վավերացնել»

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարգախոսն է «Հիշում եւ պահանջում ենք»: Հասկանալի է, որ հիշում ենք ոճրագործությունը, ջարդը, բայց պահանջների հետ կապված կա անհստակություն:

Սերժ Սարգսյանը հարցին, թե ի՞նչ եք ակնկալում Թուրքիայից, պատասխանել է, որ «մեր ցանկությունն ընդամենը նա է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարեն, որ, այո՛, Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն, հազարամյակներով այդ տարածքներում ապրած մարդկանց ծրագրված բնաջնջում: Սա է մեր ակնկալիքը»:

Որեւէ պահանջի մասին Սերժ Սարգսյանը չի խոսում: Այս առնչությամբ մեր հարցին՝ խաբո՞ւմ է Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը, չէ՞ որ նա գիտի, որ դրան հետեւելու է հստակ գործընթաց՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սա մի փոքր դիվանագիտական բառապաշար է: Բայց ցանկացած պարագայում Թուրքիայում գիտեն միջազգային իրավունքը, եւ քաջ գիտեն, որ ցեղասպանության ճանաչումը ենթադրում է դրա հետեւանքների վերացում: Դա միջազգային իրավունքի նորմ է: Իսկ հետեւանքների վերացումը ենթադրում է այն ամենի վերադարձը, ինչ ցեղասպանության հետեւանքով են վերցրել: Թուրքերը շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը չի կարող Հայաստանի հավերժ նախագահը լինել, որը միայն ցեղասպանության ճանաչում է պահանջում: Իրողությունները փոխվում են, անձինք փոխվում են, աշխարհում քաղաքական իրավիճակ է արագ փոխվում, ուստի չեմ կարծում, որ Թուրքիայում լինեն այնպիսի միամիտ մարդիկ, որ չհասկանան՝ ցեղասպանության ճանաչմանը հետեւելու է հատուցման պահանջ: Եթե դա չլիներ, կարծում եմ, թուրքերը շատ վաղուց այդ բառն արտասանած կլինեին եւ իրենց կոկորդը կազատեին միջազգային հանրության ձեռքից: Բայց, քանի որ իրենք գիտեն, թե ինչ է լինելու ճանաչումից հետո, բնականաբար, չեն ճանաչում:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելը մեզ համար կենսական խնդիր չէ, համաձա՞յն եք դրա հետ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այս մի մտքի հետ իսկապես համաձայն եմ: Իհարկե, որեւէ մեկը չի կասկածում, որ սահմանի բաց լինելը առավել նպաստավոր կլիներ ՀՀ տնտեսության համար: Բայց նպաստավոր կլիներ նաեւ Թուրքիայի տնտեսության համար, տարածաշրջանի համար դրական գործընթացներ կլիներ: Իսկ Հայաստանի համար կենսական նշանակություն ունի կառավարման համակարգը՝ այն ուղղված է երկրի զարգացմա՞նը, թե՞ հիմիկվա պես լճացմանն  ու դեգրադացմանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930