Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ Երկրամասում

Ապրիլ 28,2015 16:42

Վադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը, ինչպես նաև տեղական հայ մշակութային միությունները, համատեղ ջանքերով և զանազան գերմանական մշակութային, քաղաքական և եկեղեցական կազմակերպությունների հետ համագործակցելով, կազմակերպեցին մի շարք միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։

Մեկնարկը տրվեց սույն թվականի մարտի 20 – 21ը Բադ-Բոլլի Ավետարանական Ակադեմիայում տեղի ունեցած «Հայ ինքնությունը 1915 – 2015․ Բռնություն, Պատմություն, Ներկա» խորագիրը կրող համաժողովով։ Երկօրյա միջոցառմանը դասախոսություններով հանդես եկան՝ թուրք գրող Դոան Աքանլին, Պատմության և Արևմտյան Քրիստոնեության Պրոֆ․ Դր․ Խաչիկ Ղազարյանը, Լեփսիուսհաուզի գիտաշխատող Ռոյ Քնոկեն, Բունդեստագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ, աստվածաբանության դոկտոր Տիրատուր քհն․ Սարդարյանը, Երկրամասի քաղաքական դաստիարակության կենտրոնի գործակից Սիբիլե Թելենը։

Ապրիլ 10-ին, Շտուտգարտի Կենտրոնական գրադարանում կայացավ Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր հեղինակը, ինչպես նաև Բունդեսթագի պատգամավոր՝ ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը: Հեղինակը գրքում ներկայացրել և արժևորել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտական ուսումնասիրությունները: Այստեղ հանգամանալից պարզաբանվում է ցեղասպանության նախապատմությունը, ծրագրված լինելը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետևողականությունը, համիդյան և երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Անդրադարձ կա նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը ու դրա ազդեցությունը կրած Ռաֆայել Լեմկինին:

Ապրիլ 16-ին Հայդելբերգի Reichspräsident-Friedrich-Ebert հուշահամալիրում տեղի ունեցավ Պրոֆ․ Հանս-Լուկաս Կիեզերի հեղինակած «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը։

Ապրիլ 17-ին Շտուտգարտի Luther եկեղեցում անցկացվեց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ համերգ Հայաստանից հրավիրված «Գեղարդ» երգչախմբի մասնակցությամբ։ Ծրագրում ներառված էին հայ հոգևոր և ժողովրդական երգեր։ Երգչախումբը իր հրաշալի ձայներով և հուզիչ երաժշտության պրոֆեսիոնալ կատարմամբ գրավեց հայ և գերմանացի ունկնդիրներին։

Հաջորդ օրը, Գյոփինգենի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հայ-ասորական համատեղ հանրահավաք, որի ընթացքում ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ելույթ ունեցան տեղի հայ և ասորի հոգևորականներ, ինչպես նաև գերմանացի քաղաքական գործիչներ, կաթոլիկ ու բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ։

Նույն օրը, երեկոյան, Բադեն-Բադեն քաղաքի Գրական Սրճարանում անցկացվեց Հովհաննես Թումանյանին և Սերգեյ Գորոդեցկուն նվիրված գրական երեկոն։ Օրվա բանախոսները՝ Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քհն․ Սարդարյանը և Հովհաննես Թումանյանի թոռնուհի՝ Իռմա Սաֆրազբեկյանը, ներկայացրին ժամանակի հասարակական և մշակույթի գործիչների վերաբերմունքը 20-րդ դարի առաջին ցեղասպանության նկատմամբ։ Հնչեցին հատվածներ Նանսենի, Լեփսիուսի, Վեգների, Մորգենթաուի, Վերֆելի խոհերից և մտորումներից։  Խոսվեց նաև ռուս ժողովրդի զավակ, գրող, հրապարակախոս, լրագրող Սերգեյ Գորոդեցկու մասին, որն ամեն կերպ ձգտում էր թեթևացնել արդեն ցեղասպանության ճիրաններում հայտնված հայ ժողովրդի զրկանքները։ Այս միջոցառումը ևս վկայությունն էր այն բանի, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին Եվրոպան ձգտում է ճանաչել Հայաստանն ու նրա պատմության էջերը և, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս հանրությանն ավելի շատ տեղեկացված լինելու։

Ապրիլ 20-ին, Գյոփինգենում տեղի ունեցավ Գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիխի «Ցեղասպանությանը մեղսակցություն. Գերմանիայի դերը հայերի կոտորածում» վերնագրով գրքի շնորհանդեսը։ Ցեղասպանությունից 100 տարի անց գերմանացի գրող և լրագրող Յուրգեն Գոթշլիխը Գերմանիային մեղադրում է ցեղասպանությանը մեղսակցության մեջ: Ըստ հեղինակի գերմանացի զինվորականներն ու դիվանագետները տեղեկացված էին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածի և տեղահանման մասին: Լրագրողը քննադատում է այն փաստը, որ Գերմանիան գրեթե չի անդրադառնում հայերի կոտորածում իր դերի հարցին:

Ապրիլ 22-ին, Այխ-Նոյենհաուս քաղաքում տեղի ունեցավ ավետարանական եկեղեցու կողմից նախաձեռնված հանդիպում-երեկո հայ և ասորի հոգևորականների հետ, որի ընթացքում Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ Տիրատուր քհն․ Սարդարյանը, հանդես եկավ «Հայաստան – Արարատյան երկիր» վերնագիրը կրող դասախոսությամբ՝ ներկայացնելով հայոց պատմությունն ու մշակույթը։ Դասախոսության ավարտին խոսք տրվեց նաև ասորի հոգևորականին, որը ներկայացրեց Սիրիայի քրիստոնյաների ներկայիս վիճակը, որից հետո գերմանացի ունկնդիրներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել հայ և ասորի հոգևորականներին։

Ապրիլ 24-ին, Շտուտգարտում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Օրվա սկզբին Բադեն-Վյուրթեմբերգի Լանդթագի փոխնախագահ տիկին Բրիգիտե Լյոշն ընդունեց երկրամասի հայ համայնքի պատվիրակությանը, որի կազմում էին հայազգի գիտնականներ, արվեստագետներ և համայնքային գործիչներ՝ հոգևոր հովիվ Տիրատուր քհն․ Սարդարյանի գլխավորությամբ։ Բադեն-Վյուրթեմբերգի Լանդթագի անունից Բրիգիտե Լյոշն իր ցավակցությունն ու զորակցությունն արտահայտեց ողջ հայ ժողովրդին։ Զրույցի ընթացքում հարց բարձրացվեց դպրոցական ծրագրերում Ցեղասպանության նյութի ներառման, ինչպես նաև Շտուտգարտում համայնքային կենտրոնի կառուցման վերաբերյալ։

Կեսօրին տեղի ունեցավ սգո քայլերթ դեպի թուրքական հյուպատոսարան, որին մասնակցեցին շուրջ 500 համայնքայիններ, ապա տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն Շտուտգարտի հայկական գերեզմանաբաժնում տեղադրված խաչքարի մոտ։ Ոգեկոչվեցին Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայեր։

Երեկոյան․ ժամը 19․15-ին Շտուտգարտի Լյութեր եկեղեցում սկսվեց հիշատակման երեկոն, որն իրենց ներկայությամբ պատվել էին մեծ թվով պետական այրեր, քույր եկեղեցիների, քաղաքական, դիվանագիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Շտուտգարտի քաղաքապետ Ֆրից Կուհնը, Լանդտագի փոխնախագահ Բրիգիտե Լյոշը, քրիստոնյա-դեմոկրատներից՝ պատգամավոր Բերնհարդ Լասոտան, կաթոլիկ եկեղեցուց՝ մոնսենյոր Դետլեֆ Շտեփսը, Վյուրթեմբերգի ավետարանական եկեղեցու երկրամասի եպիսկոպոս՝ Ֆրանկ Օտֆրիդ Յուլին։ Ոգեկոչման խոսքով հանդես եկավ Յոհանես Լեփսիուսի թոռը՝ պրոֆ․ Մանֆրեդ Աշկե Լեփսիուսը։ Երաժշտական հատվածում ելույթ ունեցան Գերմանիայում հանրաճանաչ հայ երաժիշտներ՝ Սեդա Ամիրքարայանը, Թամարա Բադալյանը, Հրայր Աճեմյանը, Վաչե և Միքայել Բագրատունինները։

Հաջորդ օրը ոգեկոչման հուշ երեկո անցկացվեց նաև Քեհլ քաղաքում։ Այնտեղ կատարվեց միջեկեղեցական հոգեհանգստյան պաշտոն։ Ողջույնի խոսքով հանդես եկան քաղաքապետ Թոնի Վետրանոն, Բունդեստագի պատգամավոր Էլվիրա Դրոբինսկի-Վայսը, թրքագետ Սիբիլե Թելենը, ինչպես նաև համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քհն․ Սարդարյանը։

Բադեն-Վյուրթեմբերում կազմակերպված բոլոր միջոցառումները ունեցան լայն արձագանք մամուլում և արժանացան բարձր գնահատականի։ Ամբողջ տարվա ընթացքում ծրագրավորված են բազմաթիվ այլ միջոցառումներ, թատերական, գրական, երաժշտական երեկոներ։ Լայնածավալ ծրագրով Ցեղասպանության նյութը այս տարի կարծարծվի հատկապես հոկտեմբերի 19-30-ը կայանալիք Շտուտգարտի Հայ Մշակույթի Օրերի ընթացքին։

 Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930