Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փախստականներով բնակեցված Զորականում ընթերցվել «Կոլցո» օպերացիայի համահեղինակ մարշալ Յազովի շնորհավորանքը

Մայիս 05,2015 13:32

Մայիսի 3-ին Տավուշի մարզի Զորական գյուղում հանդիսավորությամբ բացվել են Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիները եւ 3 խաչքարեր: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ այլ պաշտոնատարներ: Սեյրան Օհանյանը ընթերցել է Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել հուշարձանը կառուցողներին, ողջունել միջոցառման մասնակիցներին:

Ներկայացվել է նաեւ Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Յազովի շնորհավորական ուղերձը, որում մարշալը շեշտել է Մեծ հայրենականում տարած հաղթանակում հայ ժողովրդի, մասնավորապես Չարդախլու գյուղի մեծ ներդրումը:

Զորական գյուղում բնակվում են դաշտային Ղարաբաղի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից փախստականները, ովքեր 1988թ. դեկտեմբերին ստիպված եղան լքել իրենց բնօրրանը, չկարողանալով անգամ իրենց հետ վերցնել գյուղում գտնվող փառքի թանգարանի ցուցանմուշները:

1991թ. ապրիլ-մայիս ամիսներին անցկացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիային մասնակցել է Գյանջայում տեղակայված 4-րդ բանակի 23-րդ դիվիզիան: ԽՍՀՄ պաշտպանության նախկին նախարար Դմիտի Յազովը այդ գործողության պատասխանատուներից է, որի ընթացքում հայաթափվեցին Խանլարի շրջանի Մարտունաշեն, Գետաշեն գյուղերը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի շրջանների մի շարք գյուղեր:

Մենք զանգահարեցինք Զորական համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանին ճշտելու համար, թե ում նախաձեռնությամբ է ներկայացվել մարշալ Յազովի շնորհավորական ուղերձը, սակայն գյուղապետը չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031