Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական քննադատը՝ Թոփչյանի «դիսիդենտական» մեկնաբանման մասին

Մայիս 29,2015 12:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը օրերս վերադարձավ ԱՄՆ կատարած հյուրախաղերից: Վաշինգտոնյան եւ լոսանջելեսյան համերգներում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացել է տարբեր երկացանկերով:

Մեր ֆիլհարմոնիկի՝ Walt Disney Concert Hall-ում կայացած համերգին արձագանքել է «Լոս Անջելես Թայմս» պարբերականը: Երաժշտական քննադատ Մարք Սուեդի՝ այնտեղ տպագրված հոդվածը ուղղված է ոչ միայն մասնագետներին, այլեւ լայն լսարանին: Մարք Սուեդը «Հիշատակի տպավորիչ երեկո, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերգ-նվիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ» վերտառությամբ հոդվածը սկսում է այսկերպ. «Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ավելի քան մեկ միլիոն հայերի ցեղասպանության հարցը, որի միջազգային ճանաչման համար պայքարում են հայերը, միշտ եղել է պատմաբանների եւ քաղաքացիների քննարկման նյութ: Թուրքիայից հայերի բռնագաղթման 100-րդ տարելիցը արտացոլում է գտել նաեւ արվեստում»: Երաժշտական քննադատը տեղեկացնում է, որ Հայաստանից ժամանած նվագախումբը հիմնադրվել է 90 տարի առաջ՝ խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո եւ ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալ կոլեկտիվի համբավ՝ պահպանելով իր վառ ազգային դեմքը: Մասնագետը նշում է, որ այդ տարիներին նվագախմբի ղեկավարներն ու գլխավոր դիրիժորները միշտ եղել են ազգությամբ հայեր, բացառությամբ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի:

filarmonik_eduk

«Լոս Անջելես Թայմսում» ասվում է, որ երեկոյի ընթացքում հնչել են Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան, հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Տիգրան Մանսուրյանի Ջութակի եւ լարայինների համար կոնցերտը եւ Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը: Երաժշտական քննադատը մասնագիտորեն անդրադարձել է նշյալ ստեղծագործություններին: Օրինակ, Շոստակովիչի սիմֆոնիայի մեկնաբանման առիթով կարդում ենք. «Մինչեւ հիմա շարունակվում են բանավեճերը կոմպոզիտորի՝ 1937թ. գրված սիմֆոնիայի գաղափարական բովանդակության մասին: Արդյոք դա Ստալինի քաղաքական թելադրանքի յուրատեսակ ընդառաջո՞ւմն էր, թե՞ հեղինակի գաղտնի դիսիդենտական ենթատեքստի առկայությունը: Թոփչյանի մեկնաբանությունը ենթադրում էր վերջինը»: Հոդվածի հեղինակի խոսքերով՝ կատարումն ուներ հաճելի պահեր, լարայինների նվագում զգացվում էր Ռուսաստանի շունչը, իսկ պղնձյա փողայինների հնչողությունը գերհագեցած էր, ինչը զգացվեց հատկապես բարձրակետերում: Ֆինալի հաղթական քայլերգը հիշեցրեց մարդկանց չխնայող տանկերի գրոհը…

Ընդարձակ է Տիգրան Մանսուրյանի կոնցերտի մասին մասնագետի խոսքը. «Երեւանում ու Գլենդելում ապրող եւ ստեղծագործող կոմպոզիտորը ճանաչված է որպես ազգային հեղինակ, որը միաժամանակ միջազգային հանրությանն է ներկայացնում հայկական ոգին: Մանսուրյանի կոնցերտը ուղղված է մարդու ներաշխարհին, երաժշտության մեջ էլ լսելի են եղեռներգի արձագանքները: Ստեղծագործության տեմպը մշտապես դանդաղ է: Շուրջ 30 րոպեների ընթացքում դինամիկան անփոփոխ մեղմ է, ընդմիջվում է միայն ընդվզում արտահայտող ու պոռթկումով ցնցող դրվագներով: Նվագախումբը ցուցաբերեց ներդաշնակություն: Անխոս, ստեղծագործությունը հիանալի ներկայացրեց երիտասարդ ջութակահար Անուշ Նիկողոսյանը»:

Մարք Սուեդի ձեւակերպմամբ՝ պատկերավոր էր խաչատրյանական «Սպարտակ» բալետից ընտրանու մեկնաբանությունը. «Հուզական էր Adagio-ն, իսկ «Սպարտակի» հաղթական երաժշտությունը՝ համոզիչ ու առինքնող»:
Հոդվածագիրը երկու, բայց տպավորիչ խոսքով էլ անդրադարձել է Միրզոյանի «Շուշանիկին». «Այս քնարական պատկերը նվիրված էր կյանքից հեռացած հայտնի կոմպոզիտորի հիշատակին, որի 94-ամյակը լրացավ հենց համերգի օրը (համերգը կայացել է մայիսի 13-ին)»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նուբար Ասլանյան says:

    Ես,միայն Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիային առընթեր հայտնած երկակի կարծիքի մասին՝ «Արդյոք դա Ստալինի քաղաքական թելադրանքի յուրատեսակ ընդառաջո՞ւմն էր, թե՞ հեղինակի գաղտնի դիսիդենտական ենթատեքստի առկայությունը»:Այսպիսի տողեր գրողը կարող էր լինել Շոստակովիչից տասնյակ հազարավոր կիլոմետր հեռու գտնվողը:Այս գործը անտարակույս Մեծն Շոստակովիչի ներքնաշխարհն էր եւ իրեն շրջապատող ժամանակի արդյունքը եւ ոչ մի թելադրանք:Եւ անգամ այս պարագայում պետք չէ փնտրել Շոստակովիչի մոտ դիսիտենտային հատկություններ:Ես հակված եմ այն մտքին,որ դիսիտենտները ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ վարձու անձիք են:Շոստակովիչը չէր կարող լինել դիսիդենտ,նա քաղաքականությամբ չէր զբաղվում:Լուռ ու մունջ գրում էր իր երաժշտությունը եւ հասկացող ունկնդիրը գիտեր ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ է :Նա իր անմահ ստեղծագործություններով ժամանակի հեւքի փաստացի արձանագրողն էր…:Ասեցի խոսեմ միայն Շոստակովիչի մասին,բայց չեմ կարող խոնարհումս չհայտնել Մանսուրյանի Ջութակի կոնցերտի վերաբերյալ:Գործեր կան,որ Մանսուրյանը գրում է«Եւրոպայի համար» (զօրինակ՝ Ալտի կոնցերտը),իսկ Ջութակի կոնցերտը աշխարհի համար է…Վերջում՝ Կեցցե մեր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031