Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ եմ, որ այստեղ ինձ հիշում են, սիրում և սպասում. Սերգեյ Խաչատրյան

Օգոստոս 03,2026 15:51 Share

Հուլիսի 29-ին, 30-ին և 31-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային շրջագայությամբ հանդես եկավ Սյունիքի մարզում՝ աշխարհահռչակ ջութակահար, մեր ժամանակների ամենանշանավոր երաժիշտներից մեկի՝ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։

Համերգները կայացան Մեղրի, Կապան և Գորիս քաղաքներում: Այս մասին տեղեկացրել էր Aravot.am-ը:

Համերգային ծրագրում ընդգրկված էին Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որը կատարեց Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, որը հնչեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

 

Մեզ հետ զրույցում ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Դալլաքյանն ասաց.

«Համերգային շրջագայությունը դարձավ Սյունիքի մարզի մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից մեկը՝ մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռելով ունկնդրելու համաշխարհային մակարդակի երաժիշտների կատարումները և վայելելու դասական երաժշտության գլուխգործոցները Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվներից մեկի կատարմամբ։

Այս նախաձեռնության նպատակն է համախմբել Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչների ջանքերը՝ մշակութային և հասարակական նշանակություն ունեցող ծրագրերին աջակցելու շուրջ»։

Սերգեյ Խաչատրյանը հավաստիացրեց. «Ինձ համար մեծ պատիվ և անսահման ուրախություն է ելույթ ունենալ հայրենիքում՝ իմ ժողովրդի առջև։ Հայաստանը հատուկ տեղ ունի իմ սրտում, և ես միշտ առանձնահատուկ հուզմունքով եմ վերադառնում այստեղ։ Ուրախ եմ, որ այստեղ ինձ հիշում են, սիրում և սպասում։ Յուրաքանչյուր արվեստագետի համար ամենակարևորը հայրենի հողի և իրեն աջակցող մարդկանց հետ այդ անքակտելի կապն է»:

Էդուարդ Թոփչյանն էլ հավաստիացրեց.

«Պարբերաբար կազմակերպում ենք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային շրջագայությունները Հայաստանի մարզերում։ Մենք այս երկրի Ազգային ֆիլհարմոնիկն ենք և դա մեր կարևոր առաքելություններից է, որ երկրի բոլոր բնակիչները հնարավորություն ունենան հաղորդակցվելու դասական երաժշտությանը և իրենց կտրված չզգան երկրի մշակութային կյանքից։ Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նվագախմբի երաժիշտներին՝ այս շրջագայություններին մասնակցելու պատրաստակամության համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ աջակցության և համագործակցության համար»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31