Երաժշտական հայտնագործությունների հանդեպ կիրքը, զուգորդված անսահման հետաքրքրասիրության, երևակայության ու վիրտուոզության հետ, Կիրիլ Գերշտեյնին դարձրել են այսօրվա ամենահայտնի և գրավիչ դաշնակահարներից մեկը։ Որպես դաշնակահար, մանկավարժ, երաժշտական ղեկավար՝ երաժշտական տարբեր ոճերում նա համագործակցել է աշխարհի առաջատար նվագախմբերի, դիրիժորների, գործիքավորողների, երգիչների, փառատոների, ձայնագրման ֆիրմաների և մեդիահարթակների հետ։
Օրերս մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կիրիլ Գերշտեյնի մեկնաբանմամբ հնչեց Ռախմանինովի «Դաշնամուրի և նվագախմբի թիվ 3» կոնցերտը՝ արժանանալով «Արամ Խաչատրյան» համերգասրահում լեփ-լեցուն հանդիսատեսի օվացիաներին։
Վերջերս հրեա դաշնակահարի թողարկած «Երաժշտությունը պատերազմի ժամանակ» կրկնակի CD ալբոմը, որտեղ ընդգրկված են Դեբյուսիի 1915 թ. գրված 12 էտյուդները և հաջորդ տարի Կոմիտասի ստեղծած «Հայկական պարեր» դաշնամուրային ստեղծագործությունը, մեծ արձագանք է ունեցել աշխարհում՝ նույնիսկ արժանանալով The New York Times պարբերականի ուշադրությանը։ Վերջինիս թղթակից Հյու Մորիսի «Պատերազմական ժամանակի երաժշտությունը» հոդվածում կարդում ենք. «…Կիրիլ Գերշտեյնի ալբոմում Կոմիտասի երաժշտությունը տեղ է գտել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կարևորագույն կոմպոզիտոր Դեբյուսիի երաժշտության կողքին։ Երկու ստեղծագործողներն էլ խորապես ազդվել են իրենց աշխարհների փլուզումից՝ Կոմիտասը՝ Հայոց ցեղասպանությունից, Դեբյուսին՝ Առաջին համաշխարհային պատերազմից, և նրանց ստեղծագործություններն արտացոլում են սերտ հուզական համաձայնություն…»։
Հոդվածում մեջբերված է նաև դաշնակահար Գերշտեյնի հետևյալ միտքը, թե շատերի համար Կոմիտասն անհայտ տիեզերք է, սակայն նրանց համար, ովքեր արդեն ծանոթ են կոմիտասյան երկերին, հայ էթնոերաժշտագիտության ռահվիրայի և հայկական ազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Կոմիտասի հիշողությունն այրվում է ավելի պայծառ, քան երբևէ…
Կարդացեք նաև
Aravot.am-ը հանդիպեց անվանի դաշնակահարի հետ։ Խոսելով իր CD-ի մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Դեբյուսին խորը հիացմունք էր տածում Կոմիտասի երաժշտության նկատմամբ։ Ծնված 1869 թվականին՝ Կոմիտասն իր կայացման տարիներն անցկացրել է գյուղական հայկական երգերը վերծանելով և պահպանելով, և իր առաջին հրատարակությունը՝ քրդական ժողովրդական երգերի բնօրինակ ժողովածուն, հրատարակել է 1903 թվականին։ Փարիզում, որտեղ Կոմիտասը ճանապարհորդել է 1906 թվականին, նա արժանացել է Դեբյուսիի գովասանքին, ով, լսելով «Անտունի» երգը, ասել է. «Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», դա բավարար կլիներ, որ նա համարվեր մեծ արվեստագետ»։ Չնայած Կոմիտասը ֆիզիկապես վերապրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, նրան հետագայում տարան Փարիզ, որտեղ նա կյանքի 20 տարիներն անցկացրեց հոգեբուժական կլինիկայում»։
Կես կատակ, կես լուրջ ռեպլիկին, թե կոմիտասագետ էլ եք դարձել, Գերշտեյնը հավաստիացրեց, որ CD-ի թողարկումից հետո իրեն՝ ազգությամբ հրեա երաժշտին, սկսել են հաճախ հարցնել՝ գուցե ինքը հայկական արմատներ ունի, կամ կինը հայուհի է… Հետո տեղեկացրեց, որ «Կոմիտասյան պարերը» և Դեբյուսիի «Բիլիտի երգերը» ձայնագրելու համար հրավիրել է ճանաչված երգչուհի Ռուզան Մանթաշյանին։ Իսկ թե ինչից, որտեղից կամ ում միջոցով է սկսվել իր՝ Կոմիտասով ոգեշնչվածությունը, մեր զրուցակիցը հայտնեց, որ 2001 թ.՝ ֆրանսաբնակ հայազգի անվանի դիրիժոր, երաժշտագետ Ալեքսանդր Սիրանոսյանի կողմից Կոմիտասի նոտաները նվեր ստանալուց հետո։
Անդրադառնալով CD-ին՝ Կիրիլ Գերշտեյնը մանրամասնեց. «Կից ներկայացված են նաև չորս էսսեներ՝ երեք լեզուներով, որոնք ներկայացնում են պատերազմի ու ցեղասպանության ազդեցությունը հասարակության վրա ընդհանրապես և, մասնավորապես, արվեստագետների վրա։ Փարիզի Արևմտյան Նանտեր Լա Դեֆանս համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր Անետ Բեքերը գրել է այդ արհավիրքների և դրանց կողմից խրախուսվող ծայրահեղ բռնության մասին։ Հայ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի, Կոլումբիայի համալսարանի դասախոս, գիտնական, Կոնգրեսի գրադարանի հայկական և վրացական տարածաշրջանի մասնագետ Խաչիկ Մուրադյանի և կոմպոզիտոր, վիրտուոզ հոբոյահար ու դիրիժոր Հայնց Հոլիգերի էսսեները համատեքստ են տալիս Դեբյուսիի ու Կոմիտասի երաժշտությանը և նրանց արձագանքին՝ աղետների ժամանակ ստեղծագործելուն»։
Սամվել Դանիելյան


















































