Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոնայք սպանե՛ր, հերիք է սպանել

Հունիս 12,2015 11:34

Երեկ գիշեր հերթական ողբերգական միջադեպը գրանցվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում: Իրեն ամրակցված ինքնաձիգից, ինչպես հաղորդել է ՊԲ մամուլի ծառայությունը, ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրած մահացու հրազենային վնասվածքից զոհվեց ժամկետային զինծառայող, 20-ամյա Էդգար Մելքոնյանը: Համենայն դեպս՝ նախնական այս վարկածն է, որպես մահվան պատճառ, շրջանառության մեջ դրել ՀՀ քննչական կոմիտեն:

Ինչ ասել կուզի՝ զինվորի մահը սոսկ մեկ ընտանիքի ու նրա մերձավորների անձնական դժբախտություն չէ: Ժողովրդագրական մռայլ պատկեր ունեցող պետության պարագայում, ինչպիսին Հայաստանն է, ամեն մի բանակայինի կորուստը նաեւ ազգային անվտանգության խնդիր է: Յուրաքանչյուր այդպիսի գույժ լրջորեն սասանում է Զինված ուժերի նկատմամբ հանրային վստահության հիմքերը, հոգեբանորեն ճնշում ապագա նորակոչիկներին ու նրանց հարազատներին: Բնականաբար, ոչ մի ծնող չի ցանկանա խաղաղ պայմաններում զավակին ուղարկել «կրակի բերան»:

Զուտ այդ պատճառով ոմանք նույնիսկ ելքեր են մտմտում երկրից հեռանալու մասին՝ չնայած դա ամենահաջողված լուծումը չէ: Մյուս կողմից էլ՝ ծնողին մեղադրել չես կարող. ոմանց պատկերացումներում բանակը երբեմն նույնացվում է ամենակուլ «մսաղացի» հետ, որտեղ երիտասարդ կյանքեր են խժռում «մերոնք ու այլերը»: Մեղքը, անտարակույս, զինվորին ինքնասպանության հասցնող անտակտ հրամանատարինն է կամ՝ կոռումպացված այն կլաններինը, որոնք ընչաքաղցության վիրուսով ախտահարել են անգամ ամենակայացած ու ամենազգայուն ոլորտներից մեկը՝ իր անունը հաղթանակով պսակած հայոց բանակը:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը կարեւոր է համարում կոպիտ զինվորականի անհանդուրժողության հանրային կերպարի ձեւավորումը: «Եթե անկեղծ լինենք, բռի հրամանատարի կերպարի կրող զինվորականներ դեռ կան, որոնց պատճառով են լինում դեպքերը: Սա ես ընկալում եմ հարված թիկունքից»,- ասել է նա: Հոգեբանի դիտարկմամբ՝ զինվորի սպանությունը սովորաբար ներկայացվում է իբրեւ հիվանդության կամ դժբախտ պատահարի հետեւանք, իսկ ավելի հաճախ՝ որպես ինքնասպանություն: Այնինչ հիմնական պատճառը, ըստ նրա, հրամանատարների անպատասխանատվությունն է:

Այստեղ միանգամայն տեղին կլիներ հավելել՝ հանցավոր անպատասխանատվությունը: Որովհետեւ ամեն մի այդպիսի անպատասխանատվություն մի երիտասարդի կյանքով է հատուցվում: Ի՞նչ իմանաս, թե Էդգար Մելքոնյանի մահը, որի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշով, բռի ու անտաշ հրամանատարի անպատասխանատու վերաբերմունքի կամ անտարբերության հետեւանք չէր:

Ասում են՝ բանակի մասին վատը չի կարելի գրել. դա գրեթե ազգային դավաճանության պես մի բան է համարվում: Այդօրինակ լուսաբանումներն, իբր, ջուր են լցնում թշնամու ջրաղացին:

Դժվար է ասել, թե որքանով է տեսակետը հիմնավոր, բայց «թշնամու կերպարով» վախեցնելու հնարքը նորություն չէ: Մինչդեռ հստակ է, որ եթե համակարգում կան պետական գաղտնիք չպարունակող խնդիրներ, ապա դրանց մասին անպայման պետք է բարձրաձայնել, ավելին՝ հաշվետու լինել հանրությանը, որպեսզի վերջինս աջակցի լուծմանը, օգնի իր հավաքական փորձով ու մեծավայել խոսքով: Չէ՞ որ այդտեղ մեր զավակներն են ծառայում:

Բոլորովին այլ հարց է, որ բանակում իրոք կան «պղտոր ջրում ձուկ որսացողների» որոշակի խմբեր, որոնց համար թափանցիկությունը հավասարազոր է մահվան դատավճռի: Նրանք նախընտրում են աննկատ մնալ հանրության աչքից, հանգիստ ու անվրդով զբաղվել իրենց եկամտաբեր «բիզնեսով»: Սրանք են, որ պատրաստ են «դավաճանի» պիտակ կպցնելու ցանկացած մեկի, ով կփորձի «ջրի երես» հանել բանակում տիրող ապօրինությունները: Այսինքն՝ պատրաստ են գործի դնելու համարյա միշտ անվրեպ կրակող զենքը՝ «ահասարսուռ թշնամու» կերպարը՝ իբրեւ բացախոսության կողմնակիցներին լռեցնելու միջոց:

Առհասարակ բացթողումները վերացնելու փոխարեն դավաճաններ փնտրելը ընդհանուրիս շահերից չի բխում: Դա ոչմիտեղ տանող ճանապարհ է: Այսուհանդերձ՝ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն զսպելու իրենց ներսը կեղեքող մարմաջը, թող փորձեն «դավաճաններ» փնտրել գոնե այն շրջանակներում, որտեղ կոռուպցիայի աղբյուր են դարձրել գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ զինվորի մահը, ակնհայտ հանցանքի պարտակումը, «դեդովշչինա» երեւույթը եւ էլի ուրիշ այլանդակություններ, որոնք թույլ տալ, կարծես թե, կարելի է, բայց այդ մասին խոսել՝ ոչ: Նույնիսկ ծպտուն պետք չէ հանել, որպեսզի թշնամին չիմանա մեր խոցելի տեղերը, ինչն իբր կարող է մեզ վրա թանկ նստել: Սա պարզագույն ինքնախաբեություն է:

Փաստերը համառ բաներ են: Նույն կարգի մեկ փաստը կարող է եւ պատահականություն լինել, բայց երբ այն կրկնվում է մի քանի անգամ՝ դառնում է օրինաչափություն: Զինվորի «ինքնասպանության» բազմաթիվ գործերում որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավված իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում հետաքրքիր դիտարկում ունի` ինքնասպանություն ձեւակերպված միջադեպերում մահացած զինծառայողի մատնահետքերը` որպես իրեղեն ապացույց, վերջին հինգ տարիների ընթացքում ոչ մի գործով զենքի վրա չեն հայտնաբերվել:

Նախաքննական մարմինը, ըստ Մարտիրոսյանի, միշտ դրանք խնամքով սրբել է զենքի վրայից` փաստորեն կոծկելով զինվորի մահվան իրական պատճառը: Ավելի պարզ ասած` սպանությունը դարձնելով ինքնասպանություն: Մերկախոս չլինելու համար նա նշում է բանակում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված մի շարք քրգործեր, որոնցով բացակայում են «ինքնասպանված» զինծառայողների մատնահետքերն իրենց ամրակցված զենքերի վրա:

Ահա այսպիսի տխուր դիպվածներ, խորհրդածություններ ու վկայություններ, որոնք ՀՀ-ում Սեյրան Օհանյանի եւ Արցախում Մովսես Հակոբյանի ղեկավարած գերատեսչությունների լուսամուտից մի փոքր ետ քաշեցին վարագույրը` ցուցադրելով զինվորական կյանքի ցնցող եւ սթափեցնող որոշ պատառիկներ: Ինչպե՞ս կարելի է այս ամենը համադրել մեր ազգային անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերների հետ, որոնց մասին այսօր չի խոսում միայն ամենաալարկոտը:

Երեկ եւս մեկ զինվոր` վերջին 4-5 տարում այս էլ որերորդը, զրկվեց կյանքից: Եվ անկախ Էդգարի մահվան հանգամանքներից, մեղքի ամենամեծ բաժինը հրամանատարինն է: Չէ որ զինվորի ողջ կյանքը` օրական 24 ժամ, անցնում է զորամասի սահմանափակ տարածքում, սպաների հսկողության տակ: Ուրեմն սպանության պատասխանատուն ամեն դեպքում հրամանատարն է` ակամա կամ գիտակցաբար: Ուղղակի կամ փոխաբերական իմաստով:

Անզուսպ մի ցանկությամբ ուզում ես ձայնդ խառնել արդար հատուցման զուր փնտրտուքով կառավարության դռները մաշող սեւազգեստ, որդեկորույս մայրերի բողոքի ձայնին եւ բղավել հնարավորինս բարձր, որպեսզի լսելի լինի բոլոր նրանց ունկին, ում որ հարկն է. պարոնայք սպանե´ր, հերիք է սպանել…

 

Գեւորգ ԼԱԼԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930