Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ

Հունիս 18,2015 17:12

Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակցությամբ:

Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ցավակցություն հայտնելով լուսահոգի Քըրք Քըրքորյանի հարազատներին` Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ մեծանուն հայորդին իր կյանքի տարիներն արժևորեց ազգին ու հայրենիքին օգտակարություն բերելու, մեծարժան բարեգործության պտուղներով երկրային իր ընթացքը զարդարելու ջանադրությամբ:

«Աստվածաշնորհ կյանքի ընթացքում hոգելույս Քըրք Քըրքորյանը հասավ գործունեության մեծ հաջողությունների և հայրենասիրության ու ազգասիրության ոգով իր նյութական կարողությունները նաև ի սպաս դրեց` հանուն Հայաստանի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի ու բարօրության:

Բարձրորեն գնահատելի է, որ Հայրենի մեր երկրին և մեր ժողովրդի զավակներին պատուհասած երկրաշարժի տարիներին նա պատրաստակամությամբ և ազնիվ բարերարությամբ օժանդակել է աղետի հետևանքները հաղթահարելու գործին, ինչպես նաև զորակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի զարգացման տարբեր ծրագրերին: Հոգելույս Քըրք Քըրքորյանը իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամի միջոցով սատարել է մեր Հայրենիքում ճանապարհների վերակառուցմանն ու նորոգությանը, մշակութային հաստատությունների վերանորոգմանը, ինչպես և աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայրենանպաստ ու ազգանպաստ ծրագրերի իրականացմանը: Բարեհիշատակ Քըրք Քըրքորյանը նաև իր ներդրումն է բերել Սփյուռքի մեր գաղթօջախների շինությանը, ազնիվ նվիրատվությամբ սատարել հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը: Հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած գովելի ծառայությունների համար հոգելույս հայորդին իրավամբ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Նրա անունը միշտ պիտի հիշվի մեր ժողովրդի մեծանուն երախտավորների շարքում», – ասված է Ամենայն Հայոց Հայրապետի գրության մեջ:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930