Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտել են և յուրաքանչյուր տարի այս օրերին անպայման Արցախ են այցելում

Հուլիս 07,2015 11:06

Երևանի Դավիթաշեն թաղամասի «Սասունցի Դավիթ» /«Սասնա Ծռեր»/ մարտական ջոկատն Արցախյան գոյամարտի տարիներին հերոսական մարտական ուղի անցավ՝ մարտնչելով Արցախի և ՀՀ տարբեր վայրերում: Ռազմի ճամփաներում մարտիրոսվեցին ջոկատի մոտ 20 մարտիկներ: 1992 թվականի հուլիսի 3-ին ջոկատի հրամանատար ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի հետ Մարտակերտի շրջանում հերոսաբար նահատակվեցին ջոկատի 10-ից ավելի մարտիկներ, նրանց շարքում էր Արսեն Հակոբյանը, որը հետմահու իր քաջագործությունների համար 1994 թ. ԼՂՀ Գերագույն Խորհրդի նախագահի հրամանագրով արժանացել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ 1996 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Գրեթե 15 տարի է, ինչ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի դպրոցը կոչվում է հերոսի անունով: Այն ժամանակ հանդիսավոր արարողությանը ներկա էին Արսենի մայրը, եղբայրը, զավակները, մարտական ընկերները: Կոմանդոսը հուշեր պատմեց Արսենի մասին, ում հետ անցել է ռազմի ճամփաներով:

DSCN0169 DSCN0130 DSCN0109 DSCN0222

«Սասնա Ծռեր» ջոկատի ողջ մնացած ազատամարտիկներն ուխտ են արել և յուրաքանչյուր տարի՝ հուլիսի սկզբին այցելում են Արցախ: Լինում են Մարտակերտի շրջանում, որտեղ մարտիրոսվեցին իրենց զինակիցները, ծաղիկներ խոնարհում և հարգանքի տուրք մատուցում Ասկերանի շրջանի Խաչեն գյուղում կանգնեցված Հուշարձան-կոթողի մոտ, որը նվիրված է մարտիրոսներին:

Այս տարի ուխտագնացներն առաջինն այցելեցին Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորեցին Աղանուսի համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Աելիտա Խաչատրյանը, ուսուցիչներ, ծնողներ աշակերտներ: ՀՀ ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը ներկայացրեց հյուրերին՝ ազատամարտիկներ Աշոտ Պետրոսյան, Ռուբիկ Սմբատյան /Պապո/, Սերգեյ Ոսկանյան, ովքեր կազմակերպել են ուխտագնացությունը, ինչպես նաև Դավիթաշենի վարչական շրջանի սոցապահովության և առողջապահության ծրագրերի բաժնի պետ, ԵԿՄ անդամ Գոհար Ավետիսյան, նույն բաժնի գլխ. մասնագետ Նարինե Մանուկյան: Հյուրերը դպրոցին նվիրեցին երաժշտական կենտրոն, գրքեր, գրենական պիտույքներ և այլ նվերներ: Դպրոցի այս տարվա 2 շրջանավարտներին տրամադրվեց դրամական աջակցություն:

ԵԿՄ վարչության կողմից Արսեն Հակոբյանի անվան դպրոցը պարգևատրվեց «ԵԿՄ-20 տարի» հուշամեդալով, իսկ տնօրենը՝ ԵԿՄ պատվոգրով: Տնօրենությանը տրամադրվեց նաև Արսենի մասին պատմող փաստաթղթերի թղթապանակ: Հերոսի եղբայրը՝ Լևոնը, շնորհակալություն հայտնեց դպրոցի անձնակազմին՝ նշելով, որ իր համար հպարտություն է՝ Արցախի ազատագրված այս փոքր գյուղում այցելել կրթօջախ, որը կոչվում է իր եղբոր անունով: Հերոսի 24-ամյա Սամվել որդին երկրորդ անգամ է այցելում Աղանուս: Առաջին անգամ փոքր էր:

-Այսօր մեծ հպարտություն ապրեցի, հուզվեցի՝ զրուցելով հորս անվան դպրոցի սաների հետ: Ճիշտ է մեծ չէ աշակերտների թիվը՝ ընդամենը՝ 14, բայց կարևորն այն է, որ այս երեխաները գիտեն հայրիկիս մասին, -ասաց Սամվելը՝ հավելելով, որ իր ցանկությունն է՝ բոլորն էլ մեծ հաջողությունների հասնեն ուսման ու գիտության մեջ:

2014թ., ավարտելով Երևանի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը, Սամվելը ստեղծել է կասկադյորների «Ադրենալին» միավորումը, և նրանց խումբը զբաղվում է լեռնագնացությամբ: Խմբի անդամները նույնպես ուխտագնացների հետ էին: Զրուցելով նրանց հետ՝ որոշեցինք, որ խումբը մեր շրջանում ևս արշավներ կանցկացնի:

Ուխտագնացության կազմակերպիչներից Ռուբիկ Սմբատյանը՝ Պապոն, որը ջոկատի ստեղծման առաջին օրվանից մասնակցել է բազում մարտերի, վիրավորվել, պարգևատրվել անհատական զենքով, մեդալներով, եղել է ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի նախագահ, պատմեց Արսենի և արդեն բացակա ընկերների մասին: Ասաց, որ իրենք ուխտել են և յուրաքանչյուր տարի այս օրերին անպայման Արցախ են այցելում և պատրաստ են աջակցելու Աղանուսի կրթօջախին:

Շրջանի «Հանրակրթական դպրոցների ՊՈԱԿ տնօրենության» տնօրեն Հովհաննես Սահակյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ նշելով, որ համագործակցությունը մշտական է լինելու:

Դպրոցի տնօրեն Ա. Խաչատրյանը, որն անցած տարվա սեպտեմբերից է ղեկավարում կրթօջախը, կարևորեց այս այցելությունը, շնորհակալություն հայտնեց պարգևների համար՝ հավաստիացնելով, որ ավելին կանեն դպրոցի կայացման համար: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի սաները:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031