Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկ. Վերջին տնտեսական զարգացումները հաստատում են, որ 2015թ. համար ընդհանուր առմամբ ձևավորված է ցածր աճի միջավայր

Հուլիս 22,2015 11:05

– ՀՆԱ աճը 2015թ. առաջին եռամսյակում Նվազել է կազմելով 2.2 տոկոս:

-Դրամավարկային քաղաքականությունը մնում է խիստ, ընդ որում սննդամթերքի բարձր գների պայմաններում գնաճը մոտենում է ՀՀ ԿԲ-ի նշագրման վերին շեմին` 4±1.5 տոկոս:

–  Հարկային եկամուտների մասով չափավոր աճ կա, սակայն սոցիալական ծրագրերին ուղղվող հատկացումների ավելացումը կարող է ծախսերի մասով ճնշումներ ձևավորել:

– Առևտրային բացասական հաշվեկշիռը կրճատվել է ներմուծման նվազման ու արտահանման անկման համատեքստում:

–  2015թ. հունվար-ապրիլ ամիսներին զուտ դրամական փոխանցումները նվազել են 44 տոկոսով:

Վերջին տնտեսական զարգացումները հաստատում են, որ 2015թ. համար ընդհանուր առմամբ ձևավորված է ցածր աճի միջավայր : 2015թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 2.2 տոկոս: Փետրվար ամսից սկսած տնտեսական գործունեության համադրական համաթիվը (այսինքն` հունվար-փետրվար, հունվար-մարտ և այլն) տատանվել է 2.5-2.7  տոկոսի սահմաններում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), չնայած ավանդաբար այն տարվա ընթացքում վերընթաց միտում ուներ: 2015թ. առաջին 5 ամիսներին ծիրանի լավ բերքով պայմանավորված աճ է նախանշվել գյուղատնտեսության ոլորտում: ՀՆԱ-ի պահանջարկի կողմը շարունակում է մնալ սահմանափակ` պայմանավորված առևտրի ու Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների նվազմամբ: Սա դրսևորվում է մանրածախ առևտրի տևական ու խորացող անկման տեսքով. 8.6 տոկոս 2015թ. հունվար-մայիս ամիսներին:

Դրամավարկային քաղաքականությունը մնում է խիստ: Մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) զերծ մնաց բաց շուկայական միջամտությունից և հունիսի 8-26-ը ժամանակահատվածում գնեց 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթ: Սա կօգնի ձևավորել միջազգային պահուստները և մեղել սեզոնային արժևորումների հետևանքով փոխարժեքի նկատմամբ ձևավորվող ճնշումները: Արժեթղթերով ապահովված վարկերը 2015թ. ապրիլին 2014թ.-ի դեկտեմբերի վերջի համեմատ   նվազել են   3.5 տոկոսով, ընդ որում արտարժույթով տրամադրված վարկերի կրճատումն ամենամեծն է: Առևտրային բանկերը արտարժութային հավելյալ իրացվելի ակտիվներն ավանդադրել են ՀՀ ԿԲ-ում, ինչը հանգեցրել է համախառն պահուստների ավելացմանը (ամսական կտրվածքով) 102.9 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մայիս ամսվա ընթացքում: Սա նաև բացահայտեց փոխարժեքի արժեզրկման ակնկալիքները և իր դրսևորումը ստացավ առևտրային բանկերի կողմից տեղական արժույթով վարկեր տրամադրելու ու տնտեսավարողների կողմից արտարժույթով վարկեր  վերցնելու սակավ ցանկության տեսքով: Վերաֆինանսավորման դրույքաչափը մնում է 10.5 տոկոս, ինչը փոխառված միջոցների բարձր ծախսերի է հանգեցնում:

Լավ գյուղատնտեսական բերքը դեռևս չի ապահովել սննդամթերքի ավելի ցածր գներ, ընդ որում մայիսին գնաճի հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին: Մայիսին գնաճը կազմեց  5.1 տոկոս` մոտենալով ՀՀ ԿԲ-ի նշագրման վերին շեմին` 4±1.5 տոկոս: Գնաճի ավելացման հիմնական գործոնը սննդամթերքի գներն էին, որոնք ապրիլ ամսվա ընթացքում աճեցին 5.1 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)` հանգեցնելով ընդհանուր գնաճի ավելացման 2.5 տոկոսային կետով: Ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները հանգեցրել են գնաճի ավելացման համապատասխանաբար 1.1 և 1.2 տոկոսային կետերին: Գնաճի հետ կապված ճնշումները տարվա երկրորդ կեսին կարող են մեծանալ, եթե հոսանքի սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջերս կայացրած որոշման համաձայն ավելացվի 16.6 տոկոսով[1]: Հայաստանի իշխանությունները պահանջել են Հայաստանի էլեկտրական ցանցերի անկախ աուդիտ ընկերության ֆինանսական հաշվետվությունները ստուգաքննելու ու հոսանքի գնի բարձրացման հիմնավորվածության մասին որոշում կայացնելու համար: Սակագնի բարձրացման և ՀԷՑ-ի հաշիվների հետ կապված հարցերը կլուծվեն աուդիտի անցկացումից հետո, իսկ մինչ այդ առաջարկված բարձրացումը կֆինանսավորվի բյուջեից:

Հարկաբյուջետային տիրույթը շարունակում է սահմանափակված մնալ` հարկային եկամուտների չափավոր աճի ու ծախսային մասով ճնշումների պայմաններում: 2015թ. հունվար–մայիս ամիսներին  հարկային եկամուտները աճել են 1.3 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Այս ժամանակահատվածում անուղղղակի հարկերի հաշվին ընդհանուր հարկային եկամուտների ավելացումը կազմել է միայն 0.1 տոկոսային կետ, ինչը պայմանավորված է ներքին տնտեսական թույլ աճով և ներմուծումների պասիվացմամբ:  Հոսանքի սակագնի բարձրացման բացասական ազդեցությունները աղքատ տնային տնտեսությունների համար մեղմելու նպատակով  2015թ. հունիսի 25-ին կառավարությունը հաստատեց ընտանեկան նպաստի չափը փոխելու մասին որոշումը` նպաստի չափը դարձնելով 17000-ից  19000 ՀՀ դրամ: Եթե նոր սակագինը 2015թ. օգոստոսի 1-ից սկսի գործել, ապա ընտանեկան նպաստի ծրագրի համար 2015թ. պետք է հավելյալ հատկացվի 1.05 միլիոն ՀՀ դրամ (հավելյալ 2000 ՀՀ դրամ 105.000 շահառու ընտանիքներին տարվա մնացած 5 ամիսների համար): Այնուամենայնիվ, բյուջետային բեռը (այդ թվում ընտանեկան նպաստի ծրագրին հատկացվող հավելյալ միջոցները) կհաշվարկվեն ՀԷՑ-ի աուդիտի ավարտից հետո: Ընդլայնման քաղաքականության  համար որոշ բյուջետային տիրույթ ձևավորելու և 2015թ. համար պարտքի շեմի` ՀՆԱ 50 տոկոսի գերազանցում թույլ չտալու համար հունիսի 23-ին փոփոխություններ կատարվեցին «Պետական պարտքի» մասին օրենքում, որով ՀՀ ԿԲ-ի պարտքը, որը կազմում է ՀՆԱ-ի 3.7 տոկոսը առանձնացվեց կառավարության պարտքից, որի առկայության  արդյունքում բյուջեի դեֆիցիտը 2016թ. կարող էր լինել 2013-15թթ. միջին ՀՆԱ-ի 3 տոկոսից ավել[2]: Սա նախազգուշական քայլ է և ոչ անխուսափելի ընտրություն, քանի որ բյուջեի դեֆիցիտը մշտապես ցածր է եղել և վերջին երեք տարիներին մշտապես ցածր ու ՀՆԱ-ի 2 տոկոսից պակաս է եղել:

2015թ. հունվար-մայիս ամիսներին առևտրային բացասական հաշվեկշիռը կիսվել է (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) դառնալով 581.6 միլիոն ԱՄՆ դոլար: Առևտրային հաշվեկշռի բարելավումը պայմանավորված է  ներմուծման  38.0 անկմամբ, որին զուգընթաց արտահանումը նվազել է 15.2  տոկոսով` նպաստելով առևտրային հաշվեկշռի լայնացմանը: Թեպետ արտաքին առևտրի վերաբերյալ 2015թ. հունվար-մայիս ամիսների համար դեռ մանրամասն վիճակագրություն չկա, սակայն օրինաչափությունը նույնն է, ինչ հունվար-ապրիլ ամիսներին և հիմնական գործոններից մեկն էլ պահանջարկի թուլացումն է Ռուսաստանից և ԵՄ-ից: ԵՏՄ մաքսային ընթացակարգերի իրականացման դժվարություններով պայմանավորված ու մասամբ նաև ռուբլու նկատմամբ դրամի հարաբերական արժևորմամբ ու ԵՏՄ գործընկերների ցածր տնտեսական ցուցանիշներով պայմանավորված 2015թ. հունվար-ապրիլ ամիսներին ԵՏՄ երկրներ արտահանումը կազմեց 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի 3.8 տոկոսը: ԵՄ արտահանումը նվազել է 6.9 տոկոսով: Տնտեսության դանդաղ տեմպերի և Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների նվազման արդյունքում կրճատվել է նաև ներմուծման պահանջարկը: 2015թ. հունվար-ապրիլ ամիսների զուտ դրամական փոխանցումները նվազել են 44 տոկոսով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ինչն ամբողջապես պայմանավորված է Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումների 52 տոկոս անկմամբ:

[1] Հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց 1  կիլովատ հոսանքի սակագինը 41.85 դրամից 48.78 դրամ դարձնելու վերաբերյալ` ծածկելու Հայաստանի էլեկտրական ցանցերի կուտակած 225 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստները: Թեպետ սակագնի բարձրացումը շատ ավելի քիչ էր, քան առաջարկվում էր ՀԷՑ-ի կողմից (17 ՀՀ դրամ), սակայն բողոքի ալիք բարձրացավ, քանի որ հասարակությունը մեծապես հավատացած է, որ կորուստները պայմանավորված են ընկերության վատ կառավարմամբ:
[2] Պետական պարտքի մասին ընթացիկ օրենքով երկու բյուջետային պայման է գործում. առաջինը այն է, որ պետական պարտքը (սահմանվում է որպես կառավարության ու ԿԲ-ի պարտքի հանրագումար) չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ երկրորդ պայմանն այն է, որ  եթե որևէ տարում պետական պարտքը գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա տարվա զուտ բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի նախորդ 3 տարիների ՀՆԱ-ի 3 տոկոսը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031