Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկզբից հայելու մեջ նայեք, տեսեք՝ ով է մեղավոր»

Օգոստոս 06,2015 13:00

 

Արամ Սարգսյանը՝ Պուտինի «դաբրոյով» մեր երկրում նախագահ նշանակելու մասին

«Ես համոզված եմ, որ այս ազգային անվտանգության համակարգում այսօրվա նախագահը ճիշտ քաղաքականություն է վարում, ինչը, ցավոք, չես կարող ասել ներքին քաղաքականության մասին: Եթե հանկարծ Վրաստանի օրինակով կամ Ուկրաինայի օրինակով փորձեին ինչ-որ վեկտորի փոփոխություն անել, մենք անհամեմատ ավելի ծանրագույն վիճակում կհայտնվեինք: Մենք չէինք կարող որոշ տաքգլուխների պատճառով որոշել, որ կա անհրաժեշտություն այս կամ այն փոփոխություններն անելու միայն նրա համար, որպեսզի դուր գանք  Եվրոպային կամ ԱՄՆ-ին: Մենք պետք է մտածենք մեր երկրի անվտանգության եւ մեր ժողովրդի պահպանման մասին»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:

Մեր հարցին՝ այսպես ամբողջովին չե՞նք մտնում ՌԴ-ի ազդեցության տակ, շատ են խոսում այդ վասալային հարաբերությունների մասին, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Պետք է մեզ արժանապատիվ պահենք: Եթե մենք գիտենք մեր երկրի տեղն ու դերը՝ մենք կարող ենք դա անել, բայց եթե մենք թույլ ենք տալիս մեր երկրում աղաղակող եւ խայտառակ իրավիճակներ, որը կապված է թալանի, կոռուպցիայի, կաշառակերության հետ, ինքը՝ իշխանությունը, ուզի թե չուզի, թույլ է հոգեբանորեն: Այ, սա կարող է բերել վասալային հարաբերությունների: Բայց որեւէ մեկը չի կարող իշխել նրա վրա, որը գիտի, համոզված է, որ իր ժողովուրդը վստահում է իրեն՝ որպես իշխանություն: Եթե այդ իրավիճակը փոխվի, որեւէ մի այլ պետություն  չի կարող վասալային հարաբերություններ մեր վզին փաթաթել: Հետո՝ ՌԴ-ի պարագայում եկեք հասկանանք. երբեւիցե ՌԴ-ն չի թելադրել, թե մենք ինչ անենք մեր ներքին կյանքում: Ընդհանրապես բոլոր հնարավորությունները ստեղծել է, որպեսզի նույն սովետական տարիներին ազգայինը զարգանա: Այսինքն՝ չկա այդպիսի վտանգ: Եթե կան չինովնիկներ, որոնք կփորձեն այդպիսի վերաբերմունք դրսեւորել, դա անհատներն են: Իսկ մենք խոսում ենք պետական փոխհարաբերությունների մասին»:

Կա տարածված տեսակետ, որ հենց Վլադիմիր Պուտինի «դաբրոյով» են մեր երկրում նախագահ նշանակում: Արամ Սարգսյանը չհամաձայնեց. «Եթե դու չունենաս մոնոպոլիստներ, օլիգարխներ, որոնք ճնշում են քո սոցիալական վիճակը, դա հո չի՞ պարտադրվում դրսից: Այնպես որ՝ սկզբից հայելու մեջ նայեք, տեսեք՝ ով է մեղավոր»:

Վերջերս հաստատված 200 մլն դոլարի ռուսական նոր վարկը, որի միջոցներով ռուսական արտադրության զենքեր են մատակարարվելու Հայաստան, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ընդդիմախոսները քննադատում են, որ ՌԴ-ն մի կողմից՝ զինում է Ադրբեջանին, մյուս կողմից՝ մեզ պարտադրում նորից պարտքի տակ ընկնել, վարկ վերցնել եւ գնել այդ զենքերից՝ ռազմական հավասարակշռությունը պահելու համար:

Այս առնչությամբ Արամ Սարգսյանը մեկնաբանեց. «Պետք է մտածել սահմանների ամրապնդման մասին՝ լրջագույն ձեւով: Հայաստանը դարպաս է, որը եթե բաց լինի՝ ամբողջ խորհրդային տարածքն ընկնում է ահռելի վտանգի տակ: Այդ առումով 200 մլն-ի պարտք չի դա: Այն զենքն է, որը ինչ-որ ձեւով պետք է ձեւակերպվեր: Չէր կարող օտարին անհատույց դա տրվեր, անունն ի՞նչ դնես: Բայց որ դա բերելու է նրան, որ շատ հարեւան պետությունների զգաստացնի՝ այդպես է: Չմոռանանք, որ Թուրքիան նույնպես սկսել էր որոշ զորավարժություններ՝ իր տանկային դիվիզիաները տեղափոխելու, Ադրբեջանն էր արդեն մտնում այդ խաղի մեջ: Պատահական չէր, որ ՌԴ-ի ռազմական հետախուզության պետը եկավ ՀՀ, որպեսզի նաեւ զգուշացնի, որ մենք ուշիուշով հետեւում ենք այդ ամենին: 200 մլն դոլարի վարկն անհրաժեշտություն էր, որպեսզի ե՛ւ Ադրբեջանի ախորժակը փակվի ընդմիշտ, ե՛ւ Թուրքիայի»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ է ՌԴ-ն առհասարակ Ադրբեջանին զենք վաճառում՝  Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ադրբեջանը գնելու է, ինքը ունի այդ փողը եւ ոնց էլ լինի՝ գնելու է: Ես հիմա չեմ ուզում բոլոր դետալները բացահայտել, բայց ավելի լավ է, որ ինքը գնի ռուսական զենք, որի բոլոր գաղտնիքները ռուսները գիտեն, եւ ժամանակին կարող ենք կանխել դրանց օգտագործման հնարավորությունը, քան թե իսրայելական կամ ուկրաինական, այլ երկրի զենք գներ»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

05.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31