Լրահոս
Օրվա լրահոսը

«Միություն 2015-հաղթանակի ժառանգներ». մեկնարկը տրված է

Օգոստոս 17,2015 18:10

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի  շուրջ հինգ հարյուր մասնակիցների համար օգոստոսի 17-ը տոնական էր՝ ազդարարվեց հավաքի մեկնարկը:

«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո` ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման և «Русь» ռազմական բազկամարտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին  ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ,  բարձրաստիճան այլ հյուրեր:

7Y1

Ողջույնի իր խոսքում Սեյրան Օհանյանը նշեց՝ հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, որ պատմական նշանակություն ունի և միավորում է մեր ժողովուրդները հոգևոր առումով, ինչպես նաև բարոյական ուղղորդիչ է հետպատերազմյան սերունդների համար՝ դաստիարակելու նրանց ընկերության և եղբայրության ոգով. «ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծ կարևորություն է տալիս «Միություն 2015-Հաղթանակի ժառանգներ» հավաքին, քանի որ այն իրապես գործող հայրենասիրական ուղղվածությամբ միջազգային ծրագիր է, որ հզոր գաղափար ու լիցք է պարունակում և միավորում է անցյալն ու ներկան: Հենց այդ պատճառով է, որ կարող ենք վստահ ասել՝ 2007 թ.-ին մեկնարկած ծրագիրը խոստումնալից ապագա ունի»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ հավաքի յուրահատկությունն այն է, որ դասակները ձեւավորված են խառը սկզբունքով. յուրաքանչյուր դասակում ընդգրկված է հավաքին մասնակցող պետություններից մեկ ներկայացուցիչ. «Սա խորհրդանշում է բոլոր ազգությունների ամբողջականությունը, ինչպես 70 տարի առաջ, երբ մեր պապերն ու նախապապերը  իրենց միասնության շնորհիվ կարողացան կասեցնել ընդհանուր վտանգը, հաստատել ապագայի իրենց իրավունքը: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, բարդ խնդիրների հմուտ կատարում: Վստահ եմ, որ հավաքի ժամանակ ձեռք բերված կարողությունները կսովորեցնեն ձեզ ինքնուրույնության, կդաստիարակեն թիմային որակներ, առաջնորդի բնավորություն եւ կաջակցեն ձեր կայացմանը որպես անհատի՝ պատրաստ դժվար պահերին օգնելու միմյանց»:

Մասնակիցներին ողջունեց նաեւ  ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին: Նա նշեց, որ ԱՊՀ երկրների ռազմական համագործակցությունը խորհրդի ուշադրության կենտրոնում է, և տարվա ընթացքում կազմակերպվում են թե զորավարժություններ, թե հավաքներ, թե մրցումներ՝ ուղղված կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանը և կապերի ամրապնդմանը. «Սիրելի մասնակիցներ, հավանաբար ձեզանից շատերին առաջին անգամ է պատիվ վերապահվում ներկայացնել ձեր պետության շահերը: Հավաքի ընթացքում դուք հնարավորություն կունենաք դրսեւորելու ձեր ֆիզպատրաստությունը, ինտելեկտուալ կարողությունները, ստեղծագործական վարպետությունը, իսկ որ ամենակարեւորն է՝ մարդկային որակները»:

Ռուսական «Доблесть отечества» հայրենիքի պաշտպանների աջակցման հասարակական շարժման ղեկավար Օլեգ Բականաչն էլ իր ելույթում նշեց, որ պաշտպանական գերատեսչությունը նախաձեռնել է իր ծավալներով աննախադեպ միջոցառում. «Ձեզանից շատերը բազում դժվարություններ են հաղթահարել մինչ Հայաստան գալը: Ոմանք դժվարությամբ սահմանն են անցել, ոմանք էլ դժվարին պայքարում երկիր ներկայացնելու իրավունք վաստակել: Հիշեք, որ ընկերականությունից սուրբ ոչինչ չկա, հատկապես որ գտնվում եք ընկերությունը գնահատող հնամենի հողի վրա»,-մասնակիցներին ասել է Օ. Բականաչը:

Ավանդույթի համաձայն՝ միջոցառմանը ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերանները Գեորգևյան ժապավեններ հանձնեցին դասակների հրամանատարներին՝ հայկական բանակի ապագա սպաներին:

Միջոցառումն ուղեկցվեց «Զորական», «Սարդարապատ» համույթների, էստրադային երգիչ-երգչուհիների երաժշտական կատարումներով: Ցուցադրական ելույթներով հանդես եկան ավիացիոն և հատուկ ստորաբաժանումների զինծառայողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31