Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյանը՝ ԵԱՀԿ-ում իր լռելու, Հովիկ Աբրահամյանի նկատողության եւ անճար դեսպանների մասին

Օգոստոս 21,2015 17:59

«Եթե դուք դրանով փակում եք դեսպանի անճարությունը, որը երկու բառ չի կարող կապել երկու լեզվով եւ խոսել կամ բարձրացնել այդ ծանրաձողը՝ դա ուրիշ հարց է»

«Ես ստիպված եմ այսօր անուններ հնչեցնել։ Հուլիսի 30-ին Հրանուշ Հակոբյանն է հանդիպել Հալեպի գլխավոր հյուպատոսի հետ, Շվեդիայի դեսպանին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանի հետ։ Ձեռնպահ մնացեք լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացնելուց»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում այսպիսի նկատողություն էր տվել 3 նախարարների:

«Հենարան» ակումբում Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մտահոգություն հայտնեց վարչապետի այդ նկատողության հետ կապված, որ փակում է տեղեկատվական հոսքը եւ սխալվում է. «Կներեք, ես չեմ ուզում կոպիտ բառ ասել, բայց սա որտեղից է գալիս, եթե դուք դրանով փակում եք դեսպանի անճարությունը, որը երկու բառ չի կարող կապել երկու լեզվով եւ խոսել կամ բարձրացնել այդ ծանրաձողը՝ դա ուրիշ հարց է: Եթե դուք միջազգային հանրության առաջ ուզում եք փակել այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ Հայաստանի շուրջը՝ սա ուրիշ հարց է: Բայց ես դա համարում եմ վնասակար քաղաքականություն»:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Նավասարդյանն ասաց, որ իր մտահոգությունը դեսպանների որակի մասին է, ինչը փորձում է կառավարությունը թաքցնել. «Շվեդիայի դեսպանը փայլուն դիվանագետ է, Նիդերլանդներում փայլուն դեսպան է, նույնն էլ՝ Հալեպում երեքն էլ պրոֆեսիոնալ, ուժեղ դիվանագետներ են: Ինչ ես ասացի, իրենց բացարձակապես չի վերաբերվում: Բայց ինչի համար նրանց ասածը չպետք է դառնա հանրության սեփականություն»:

Մեր դիտարկմանը, որ գուցե անվտանգության տեսանկյունից նպատակահարմար չէ՝ Արման Նավասարդյանը չհամաձայնեց. «Անվտանգության հետ կապ չունի դա, լավ էլի: Էդիկ Նալբանդյանն ասել է, ինքն էլ տենց է ասում: Գիտեք ինչ կա, ամենահեշտ բանն ասելն է, թե սա գաղտնի է: Ես 25 տարի աշխատել եմ պետական դիվանագիտությունում, կարաս միանգամից փակես, որ մարդիկ ասեն՝ վա՜յ, հանկարծ պետությանը վնաս չլինի: Այդպես չի: Շատ հաճախ վարագույրն իջեցված է նրա համար, որ թաքցնեն այն անճարությունը, որը չեն կարողանում անեն»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դեսպանների՞ անճարությունը թաքցնելու համար է, ո՞չ թե կառավարության անդամների, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Այն, ինչ չի կարելի ասել՝ չի կարելի: Բայց այն, ինչ պետք է ասել, պետք է ասվի: Արտաքին քաղաքականության այս կամ այն դիրքորոշման առաջ մղելը պետք է հրապարակային լինի: Մենք առաջ երկար ժամանակ լռում էինք: Ես ԵԱՀԿ-ում ՀՀ-ի առաջին ներկայացուցիչն եմ եղել: Մի հիմար դիրքորոշում կար՝ այստեղից՝ Երեւանից ասում էին՝ չխոսեք: Թուրքը հարձակվում էր՝ չխոսեք, Ադրբեջանը…այնտեղ մի Լիպարիտյան կար, ասեցի՝ վերջը ասեք ո՞նց է լինելու, բա ինչի՞ եմ ես ստեղ նստած: Դա իբր թե ճիշտ քաղաքականություն է՝ լռություն, հասկանո՞ւմ եք, պաուզա պահել: Այնքան արեցինք, որ Ադրբեջանը կարողացավ տեղեկատվական պատերազմում մեր նկատմամբ հաղթանակ տանել, սրա մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31