Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի Հերիկ գյուղում դպրոց կկառուցվի

Սեպտեմբեր 03,2015 12:37

Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի գյուղական համայնքը կազմված է Մոշաթաղ, Բերդիկ և Հերիկ գյուղերից: Հերիկը գտնվում է Հակարիի արևմտյան վտակ Աղավնոյի ձախակողմյան բարձրադիր գեղատեսիլ ձորակում: Շրջանի վերաբնակեցման ընթացքում Հերիկն էլ վերաբնակեցվեց, ուներ դպրոց: Սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով գյուղը գրեթե դատարկվեց, փակվեց դպրոցը:

Արդեն երրորդ տարին է, ինչ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետևողականության ու ջանքերի շնորհիվ Հերիկը վերստին բնակեցվեց, էլեկտրաֆիկացվեց, և վերաբացվեց դպրոցը, որն այժմ ունի 17 աշակերտ՝ 5 համակարգ-դասարանով, 8 ուսուցիչ: Դպրոցը գործում է հարմարեցված փոքր շենքում, սակայն որի սենյակները խոնավ ու մութ են:

Այս տարիներին մի քանի անգամ այցելել եմ Հերիկ, հանդիպել դպրոցի անձնակազմի ու աշակերտների հետ: Ուսուցիչներն ու ծնողները դժգոհ են կրթօջախի պայմաններից, նաև կա վախ, որ երեխաները կհիվանդանան խոնավության պատճառով:

Այս ուստարվա առաջին օրը շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և Ստեփան Սարգսյանի հետ ներկա եղանք Հերիկի դպրոցի աշակերտների հանդեսին: «Հայրենասեր» կազմակերպության շնորհիվ և Սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումով անցած տարի հիմնանորոգվեցին Լեռնահովիտի, իսկ այս տարի՝ Վուրգավանի դպրոցների շենքերը:

DSCN0120 DSCN0118 DSCN0101 DSCN0058 DSCN0020 DSCN0142

Տխուր ու անշուք դպրոցի բակում աշակերտներն ու նախադպրոցական երեխաները փուչիկներով զարդարված տեղ էին հիմնել, որտեղից էլ իրենց ելույթներով՝ երգ, ասմունք, բեմականացում, պար, ողջունեցին ներկաներին:

Առաջին խոսքը տրվեց առաջին դասարանցիներին՝ Ալինա Գրիգորյանին և Հովհաննես Դարագյուլյանին: Դեռևս դպրոցի շեմից ներս չմտած՝ այս փոքրիկներն իրենց իմացած ոտանավորներով սկսեցին առաջին դասը:

Բազմազավակ ընտանիքից է Հովհաննեսը. ավագ քույրերը՝ Մարիամն ու Միլենան, սովորում են 8-րդ և 6-րդ դասարաններում, իսկ Դավիթ եղբայրը՝ 5-րդում: Իրենից փոքր քույր ու եղբայր էլ ունի:

Դպրոցի տնօրեն Սամվել Պագալմյանը, շնորհավորելով Գիտելիքի օրվա և Առաջին զանգի առթիվ, կարևորեց դպրոցի դերը Հերիկի կայացման գործում՝ նշելով, որ այս փոքրիկներին է պատկանում գյուղը, ուստի նրանք նույնպես պետք է հարմարավետ ու լուսավոր դպրոցում սովորեն: Նշեց նաև, որ դպրոցը գրեթե ապահովված է մասնագետներով, միայն պայմանները պետք է բարելավվեն: Տեղեկացրեց նաև, որ եկող տարի ևս 4 առաջին դասարանցի կունենան, իսկ այս ուստարում դպրոցը կավարտի 1 շրջանավարտ՝ Բակունց Ավագը:

Ներկաներին ողջունեց ու շնորհավորեց Ստեփան Սարգսյանը՝ նշելով, որ Հերիկում ու նման բնակավայրերում են հայեցի կրթություն ստանում աշակերտները, հայրենասերները հենց այս երեխաներն են, որ շարունակում են հողն ազատագրող տղաների գործը, ուստի նրանք ավելի են արժանի գեղեցիկ ու լուսավոր դպրոցում կրթություն ստանալ:
Ստ. Սարգսյանը հավելեց նաև, որ իր, կնոջ ու փոքրիկ դստեր՝ Շուշիի այցը պատահական չէ. կա նպատակ՝ օժանդակել, որ Հերիկում նույնպես դպրոց կառուցվի:
Հանդեսից հետո շրջվարչակազմի ղեկավարը, «Հայրենասեր»-ի համահիմնադիրները ծանոթացան դպրոցի պայմաններին, որոնք, իրոք, անտանելի են, և տեղին են ծնողների ու ուսուցիչների դժգոհությունն ու պահանջը:

Շրջվարչակազմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց հերիկցիներին, որ տեր են ազատագրված հող-հայրենիքին՝ հավելելով, որ ամեն ինչ կարվի, որպեսզի Հերիկի աշակերտները հաճախեն արդեն իսկական դպրոց: Նշեց նաև, որ մինչև այս տարվա վերջը, գյուղը կապահովվի նաև համացանցով:
Այնուհետև դպրոցի ողջ անձնակազմը, ծնողները, համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանը, հյուրերը շրջվարչակազմի ղեկավարի հետ այցելեցին գյուղում պահպանված 17-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցի, մոմ վառեցին: Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ տոնական և հիշատակի օրերին միշտ այցելում են եկեղեցի: Օրվա վերջում որոշվեց այն շենքը, որը պետք է հիմնանորոգվի և ծառայի դպրոցին:

Միջոցառմանը ներկա ճարտարապետ-նախագծող Տիգրան Մեջլումյանը կատարեց չափագրումներ և արդեն սկսել է նախագծման աշխատանքները:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930