Լրահոս
Օրվա լրահոսը

 «Հայրենասեր»-ի շնորհիվ  դրականորեն անճանաչելի է դարձել Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի դպրոցի շենքը

Սեպտեմբեր 07,2015 16:25

Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղը շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հարավ է՝ փռված Հակարի գետի ձախ ափին՝ հարթության վրա: Վերաբնակեցվել է 1995 թվականին և անվանակոչվել ի պատիվ Սիսիանի ազատագրական ջոկատներից մեկի հրամանատար, հերոս-նահատակ Վուրգ Ոսկանյանի: 1997 թվականին այստեղ բացվեց հանրակրթական դպրոցը, որը տարիներ շարունակ գործում էր երկհարկանի շենքում. մի մասը կիսաքանդ վիճակում էր, իսկ դասասենյակները՝ խոնավ: Այս ուստարվա 1-ին օրը Վուգավանի դպրոցականների և ուսուցիչների համար մեծ նվեր մատուցեց ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպությունը, որի ջանքերով Սփյուռքի մեր հայրենակիցները կատարեցին դրամական հանգանակություն, և գումարը հատկացվեց դպրոցի հիմնանորոգմանը:

Սեպտեմբերի 5-ին Վուրգավանում կայացավ տոնական միջոցառում. ներկա էին «Հայրենասեր»-ի համահիմնադիր ամուսիններ Նելլի-Շուշի Մարտիրոսյանը և Ստեփան Սարգսյանը՝ իրենց մանկահասակ դստեր՝ Շուշիի հետ: Վուրգավանցիների տոնին մասնակցելու էին եկել նաև շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարներն ու դպրոցների տնօրենները:

DSCN0923 DSCN0853 DSCN0813 DSCN0804

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակցի հայտարարությամբ սկսվում է դպրոցի բացման և անվանակոչության հանդիսավոր մասը: Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին դպրոցի 22 աշակերտները՝ հայտնելով երախտագիտություն, որ արդեն նման դպրոցում են սովորելու: Ներկայացնելով իրենց բնակավայրը՝ դպրոցականները հավաստիացրեցին, որ այսուհետ ավելի լավ են սովորելու, շենացնելու են բազում քաջորդիների արյամբ ու մաքառումների գնով ազատագրված հող-հայրենին:

Որպես խաղաղության խորհրդանիշ՝ կապույտ երկինք բաց թողեցին 4 սպիտակ աղավնի: Դպրոցի՝ փուչիկներով զարդարված մուտքի քիվին «Բարի գալուստ» մաղթանքն էր:

Դպրոցի տնօրեն Մկրտիչ Փոթոյանը ողջունելով ներկաներին՝ ասաց. «Մեր ժողովուրդը միշտ էլ արժևորել է կրթական գործը, որ մատաղ սերունդը կրթվի և դաստիարակվի՝ որպես ազգի ապագա: Մեր իշխանություններն անում են ամեն ինչ, որ բարելավվի դպրոցական շենքերի վիճակը, և այս գործընթացին մեծ մասնակցություն են ունենում նաև Սփյուռքի մեր բարերար հայրենակիցները: Դրա վառ ապացույցն է այսօրվա մեր հավաքը»:

Այնուհետև Մ. Փոթոյանը շնորհակալություն հայտնեց «Հայրենասեր»-ի համահիմնադիրներին, շինարարության հիմնական հովանավորող-բարերարներ Խաչատուր Պողոսյանին և Վարդուհի Աջապանյանին, ԼՂՀ կառավարությանը, շրջվարչակազմի ղեկավարությանը:

DSCN0697 DSCN0687 DSCN0660 DSCN0986

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր ելույթում կարևորեց Սփյուռքի մեր հայրենակիցների դերը՝ տեղեկացնելով, որ Քաշաթաղի կայացման տարիներից շրջանում գործող 52 դպրոցների մի մասը բացվել են շնորհիվ «Հայ կրթական միության», «Հայրենիք» միության, «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» և վերջերս ԱՄՆ-ում ստեղծված «Հայրենասեր» կազմակերպության: Կարևորեց «Հայրենասեր»-ի դերը նաև այն առումով, որ կազմակերպության ջանքերով անցած տարի հիմնանորոգվեց նաև Լեռնահովիտի դպրոցի շենքը: Նելի-Շուշի Մարտիրոսյանն ու Ստեփան Սարգսյանն օժանդակել են մանկապարտեզներին, ծրագրվում է նոր աջակցություն, որ հիմնանորոգվեն Հերիկի, Դրախտաձորի, Բազմատուսի դպրոցների շենքերը, նորոգվի Վակունիսի Վուրգ Ոսկանյանի անվան դպրոցը:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ ԼՂՀ կառավարության և շրջվարչակազմի ղեկավարության անունից շնորհավորելով դպրոցի անվանակոչության և բացվելու առթիվ, նշեց, որ յուրաքանչյուր տարի փետրվար ամսին այս դպրոցում կայացած համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ բնակչության հուզող կարևոր հարցը՝ դպրոցի խնդիրն էր: Շնորհակալություն հայտնեց ԼՂՀ կառավարությանն ու «Հայրենասեր»-ին, որոնց համագործակցության շրջանակներում դրականորեն անճանաչելի է դարձել դպրոցի շենքը, և բնակչության ևս մեկ հարց լուծվել է: Ա. Մխիթարյանը հույս հայտնեց, որ մոտակա տարիներին մնացած համայնքներում ևս կգործեն այսպիսի գեղեցիկ դպրոցներ:

«Հայրենասեր»-ի համահիմնադիր Ս. Սարգսյանը հայտնելով շնորհակալություն շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին, ով մշտապես աջակցել է իրենց՝ շրջանում ծրագրեր իրականացնելու գործում, կարևորեց այն, որ ԼՂՀ կառավարությունը, հանձինս վարչապետի, ստանձնել է իրականացնել դպրոցի ջեռուցման խնդիրը: Երախտագիտություն հայտնեց բոլոր բարերարներին, ովքեր ֆինանսավորել են հիմնանորոգումը, հատկապես գլխավոր նվիրատուներին՝ երիտասարդ ամուսիններին, որոնց զավակներ Էլիզաբեթի և Աբրահամի անունով է կոչվելու դպրոցը:

ԼՂՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին բարերար ամուսինները: Շրջվարչակազմի ղեկավարի շնորհակալագրի արժանացան «Հայրենասեր»-ը, շինարարության ղեկավար Արման Մեջլումյանը, որը կարողացավ ժամանակին և որակով ավարտել շինարարությունը, շինարարության աջակիցներին:

Դ. Դավթյանն ընթերցեց շրջվարչակազմի ղեկավարի որոշումը «Վուրգավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի անվանակոչության մասին և փաստաթուղթը հանձնեց դպրոցի տնօրենին: Այնուհետև բոլոր աշակերտները ստացան նվերներ՝ բարերարների կողմից: Սկզբում իրենց խաղալիքները վերցրեցին առաջին դասարանցիները՝ Տիգրան և Դավիթ Խաչատրյանները: Կրթօջախի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները գլխավոր բարերարի կողմից արժանացան նաև դրամական պարգևի:

«Հայրենասեր»-ի գործը բարձր գնահատվեց նաև շրջանի արհմիության նախագահ Գայանե Մեջլումյանի կողմից, ով նվերներ հանձնեց բարերարներին:

Գեղարվեստական մասով հանդես եկան «Բերձոր» ժողգործիքների երգ-պարի համույթի (ղեկավար՝ Հասմիկ Գրիգորյան) երգիչներն ու երաժիշտները: Դպրոցի մուտքի կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց Նելլի-Շուշի Մարտիրոսյան և Ստեփան Սարգսյան ամուսիններին:

Դպրոցին՝ 40 աշակերտի համար, սեղան ու նստարան է հատկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժինը (վարիչ՝ Կառլեն Մարգարյան): Դպրոցի մասնաշենքի հարավային մասը հատկացվել է համայնքապետարանին և բուժկետին, որոնք նույնպես նորոգվել են:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930