Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մնում է միայն զարմանալ, որ այս ռեֆորմի օգտին կքվեարկեն մեր գեներալները՝ Մանվելը եւ Սեյրանը»

Սեպտեմբեր 17,2015 17:57

Խմբակցության անունից ելույթում ես մեր ժողովրդին կներկայացնեմ Սերժ Սարգսյանի իրական ծրագիրը, որն թաքնված է սահմանադրական այս փոփոխությունների ետևում։ Իսկ այս ելույթով ես ցանկանում եմ պատասխանել, ինչպես եւ խոստացել էի, անհեթեթությունների եւ ճամարտակությունների այն շարքին, որին ականատես եղանք այս մի քանի օրվա ընթացքում մի մարդու կատարմամբ, ում ես ճանաչել եմ որպես սահմանադրագետ Վարդան Պողոսյան, իսկ այսուհետեւ ճանաչելու եմ որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ։

Նրա ընտրությունը որպես ներկայացուցիչ պատահական չէ։ Իշխանությունները ջանում են առավելագույնս թաքցնել այս սահմանադրական գործընթացի քաղաքական էությունը, ուստի Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ է ընտրվել մի իրավաբան֊-սահմանադրագետ, որի երկու գլխավոր առաջադրանքներն են եղել ՝

1/ ամեն գնով տեսականորեն հիմնավորել, թե ինչքան վատն է գործող կիսանախագահական մոդելը եւ ինչ կարեւոր է հնարավորինս շուտ անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարում, եւ 2/ հիմնավորել, որ ներկայացված մոդելը տեղավորվում է խորհրդարանական հանրապետությունների եվրոպական ակումբում։

Զեկուցման արդյունքներով ես ստիպված եմ իմ ցավակցություն հայտնել իշխանություններին եւ արձանագրել, որ երկու այս հարցում էլ զեկուցողը, ինչքան էլ որ նրա կողմից եղան փաստերի մանիպուլյացիայի եւ խեղաթյուրման փորձեր, կատարելապես տապալվեց։ Բնականաբար ես չեմ կարող այս մի քանի րոպեների ընթացքում անդրադառնալ զեկուցողի բոլոր փաստարկների, ուստի կառանձնացնեմ դրանցից մի քանի ամենակարեւորները։

1. Նախ` անդրադառնամ ներկայացված սահմանադրական մոդելին: Մեզ բացատրում են, որ Հայաստանը, ընդունելով այս մոդելը, համապատասխանեցնում է իր սահմանադրությունը եվրոպական ժողովրդավարության ստանդարտներին: Սա բացարձակ կեղծիք է: Այդ եզրակացության ենք գալիս, երբ համեմատում ենք ներկայացված նախագիծը եվրոպական խորհրդարանական հանրապետությունների ընտանիքի բոլոր սահմանադրությունների հետ: Ընդգծում եմ, խոսքը հանրապետությունների մասին է, ոչ թե միապետությունների: Եվ ես ամենայն պատասխանատվությամբ նորից ասում եմ, որ այդ ընտանիքում չկա որեւէ սահմանադրության օրինակ, որտեղ ոչ թե նախագահն է կամ խորհրդարանն է առաջարկում վարչապետի թեկնածու, այլ խորհրդարանի նախագահը: Այս առումով Շվեդիայի օրինակը բերելը կատարյալ անգրագիտություն է, որովհետեւ այն սահմանադրական միապետություն է, իսկ սահմանադրական միապետությունները կառավարման լրիվ այլ տրամաբանությամբ են առաջնորդվում, քանի որ հարցերը կարգավորվում են ոչ միայն սահմանադրական նորմերով, այլ նաեւ դարերով ձեւավորված քաղաքական մշակույթի ավանդույթներով: Եվ ուրեմն՝ Հայաստանը այս մտահաղացմամբ պետք է դառնա Եվրոպայի առաջին հանրապետությունը՝ խորհրդարանի խոսնակի նման լիազորություններով: Ո՞րն է բացատրությունը:

2. Երկրորդ կեղծիքը կապված է գլխավոր հրամանատարի խնդրի հետ: Քանի որ այդ դերն անհնար էր տալ ԱԺ նախագահին, որոշել են այդ դերը ընդհանրապես չնախատեսել խաղաղ ժամանակների համար, որ հանկարծ նախագահը կամ վարչապետը, ունենալով վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, ավելի ազդեցիկ չլինեն, քան Ազգային Ժողովի նախագահը: Արդյունքում, նախագծով, մինչեւ պատերազմի պաշտոնական հայտարարումը Հայաստանում չի լինելու զինված ուժերի գերագույն հրամանատար, որը խաղաղ պայմաններում մշտապես զբաղվել է զինված ուժերի ղեկավարությամբ եւ որը պատասխանատվություն կունենա եւ կկարողանա Հայաստանի անվտանգության համար անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես որոշում ընդունել զինված ուժերի կիրառման վերաբերյալ: Ներկայացված մոդելը Գերմանիայի մոդելն է, որ, ինչպես ասացի փաթաթվել է պարտված Գերմանիային հաղթող պետությունների կողմից, գերմանական միլիտարիզմի վերածնունդը եւ նրա զինված ուժերի արդյունավետ կիրառումը կանխելու նպատակով:

Բացարձակապես անտեղի է հղումը Իսրայելի փորձին, քանի որ Իսրայելը ընդհանրապես չունի Սահմանադրություն եւ զինված ուժերի կառավարումը կարգավորվում է 1976 թվականի Իսրայելի պաշտպանության ուժերի մասին հիմնական օրենքով, ըստ որի զինված ուժերի գերագույն հրամանատարը մշտապես բանակի շտաբի պետն է: Իսրայելի այդ հիմնական օրենքը չի արգելում բանակի շտաբի պետին, որը, ընդհանուր առմամբ, ենթարկվում է կառավարությանը, ինքնուրույն որոշում ընդունել զինված ուժերի գործածման մասին եւ ընդհանրապես Իսրայելում հենց այդ պատճառով բանակը քաղաքական ուժերից բավականին անկախ կառույց է, ինչը եւ ապահովում է Իսրայելի անվտանգությունը:

Այսպիսով, արձանագրում ենք, որ Ազգային Ժողովի նախագահի դերը ցցելու շահադիտական քաղաքական նպատակներով Հայաստանում ցանկանում են անցկացնել մի ռեֆորմ, որը հաջողվելու միայն անվտանգության սահմանադրական համակարգի թուլացման հաշվին: Մնում է միայն զարմանալ, որ այս ռեֆորմի օգտին կքվեարկեն մեր գեներալները՝ Մանվելը եւ Սեյրանը:

3. Այստեղ բառացիորեն ասվեց, որ կիսանախագահական մոդելը հղի է ֆաշիստական դիկտատուրայի ձեւավորման վտանգով։ Որպես ապացույց զեկուցողը մատնանշեց Վեյմարյան Գերմանիայի օրինակը, որը ծնեց Հիտլերի նացիստական բռնապետությունը։ Զեկուցողի տրամաբանությամբ, դա կապված էր Վեյմարյան հանրապետությունում գործող կիսանախագահական համակարգի հետ։

Նման պնդման անհեթեթությունը ապացուցելու համար ստիպված եմ զեկուցողին հիշեցնել մի պարզ պատմական իրողություն։ Հիտլերը միշտ որպես իր ամենամեծ ուսուցիչ եւ հոգեւոր հայր համարել է ֆաշիզմի հիմնադիր Բենիտո Մուսոլինիին։ Պե՞տք է արդյոք հիշեցնել, թե կառավարման ո՞ր համակարգում եւ ինչպե՞ս իշխանության եկավ Մուսոլինին եւ Հիտլերից յոթ տարի առաջ կառուցեց առաջին ֆաշիստական պետությունը, օրինակ ծառայելով բոլոր ֆաշիստական պետությունների համար։ Իտալիան այդ ժամանակ սահմանադրական խորհրդարանական միապետություն էր մոտավորապես այսօրվա Հոլանդիայի սահմանադրությամբ, եւ Մուսոլինիի կառավարությունը ստացավ Իտալիայի խորհրդարանի վստահության քվեն։

Հիմա եթե ես փորձեի նույնքան պրիմիտիվ տրամաբանություն կիրառեի, ինչ զեկուցողը, ես կարող էի եզրակացնել, որ խորհրդարանական համակարգը մի չարիք է, որը հղի է ֆաշիստական բռնապետության ստեղծումով։ Բայց ես նման անհեթեթություն չեմ ասի, քանի որ գիտեմ, որ Իտալիայում ֆաշիզմի եւ Գերմանիայում նացիզմի ծնունդը բոլորովին այլ եւ պատմագիտությանը հայտնի պատճառներ ունի, որոնք որեւէ կապ չունեն այդ երկրների սահմանադրական կառավարման մոդելների հետ։ Այս օրինակը լուրջ նախազգուշացում է, թե ինչպիսի ցածրորակ դեմագոգիայի հետ մենք գործ ունենք։

4. Կիսանախագահական մոդելի ուղղությամբ գործած հարձակման մյուս ուղղությունը կապված է գործող սահմանադրության իբր «կոնֆլիկտոգեն» լինելու հետ։ Ու քանի որ, ինչպես ասացինք, որեւէ սահմանադրության գնահատելու լավագույն չափանիշը պրակտիկան է, զեկուցողը փորձեց մոգոնել 20 տարվա ընթացքում երկու դրվագ, որոնք իբր ապացուցում են գործող սահմանադրության պոտենցիալը՝ ճգնաժամեր ծնելու առումով: Դրանցից մեկը նա կապեց 1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյան հրաժարականի հետ: Ավելի մեծ աբսուրդ դժվար էր մտածել: Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել ոչ թե որեւէ սահմանադրական ճգնաժամի, այլ բացառապես քաղաքական պատճառով, քանի որ տեսավ, որ գոյություն ունի անհաղթահարելի դիմադրություն՝ Ղարաբաղի խնդրի կարգավորման իր ծրագրին:

Նորից, եթե զեկուցողի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պետք խոտանել նաեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի սահմանադրությունները միայն այն պատճառով, որ ժամանակին հրաժարական են տվել Ռիչարդ Նիքսոնը եւ Շարլ Դե-Գոլը: Եվ եթե զեկուցողը հոկտեմբերի 27-ի սպանությունները այլեւս չի դիտարկում որպես կիսանախագահական համակարգի հետեւանք, ուրեմն կարելի է ասել գործող սահմանադրության կոնֆլիկտոգենության ոչ մի պրակտիկ ապացույց չկա: Հակառակը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի, եւ հոկտեմբերի 27 սպանությունների հետեւանքով առաջացած խնդիրները արագորեն կարգավորվեցին հենց շնորհիվ սահմանադրական մեխանիզմների, եւ Սահմանադրությունը ցույց տվեց առաջացած քաղաքական ճգնաժամների կարգավորման հզոր ներուժը:

5. Իրական խնդիրը այլ է: Դուք կոնֆլիկտ շատ սխալ տեղ եք փնտրում: Օրինակ, փորձում եք կապել նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող զանգվածային բողոքները սահմանադրության հետ, եւ ձեր կարծիքով, եթե այլեւս նախագահական ընտրություններ չլինեն, չեն լինի ցույցեր, հակամարտություն ժողովրդի եւ իշխանությունների միջեւ, չի լինի մարտի 1 եւ այլն: Ուրեմն դուք մինչեւ հիմա չեք հասկացել կամ չեք ուզում ընդունել, որ բողոքների եւ հակամարտության պատճառը ոչ թե նախագահական ընտրություններն են, այլ դրանց կեղծումը:

Ժողովրդավարության մեջ ոչ մի վտանգավոր առճակատում չի լինում, երբ տեղի են ունենում ազատ եւ արդար ընտրություններ, անկախ կառավարման սահմանադրական մոդելից, որովհետեւ բոլոր կոնֆլիկտները կարգավորվում են ժողովրդի ձայնով: Կոնֆլիկտը ստեղծվում է իշխող ռեժիմի կողմից, երբ կեղծվում են ընտրությունները, եւ ժողովրդի վզին փաթաթվում է իր կողմից չընտրված եւ ատելի մի ավազակախումբ, ու նրա նկատմամբ բանեցնում իշխանություն, որի համար նրան ոչ ոք չի լիազորել:

Կոնֆլիկտ ստեղծվում է նաեւ այն ժամանակ, երբ սահմանադրությունը փոխում են այդ վիճակը շարունակելու նպատակով: Սերժ Սարգսյանի այս քաղաքական ծրագրի մասին ես կխոսեմ վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Ապրես, Լևոն, ապրես….
    Ժողովուրդը քեզ ընդունում է…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930