Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս տարվա աշխատանքը կատարվեց երկուսուկես ամսում»

Սեպտեմբեր 26,2015 13:00

Կոնսերվատորիայի ռեկտորը Բրյուսելից
«հասավ» երեւանյան «Կարմենի» «հանձնմանը»

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանին օրերս հանդիպեցինք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Բիզեի «Կարմեն» օպերայի գլխավոր փորձի կամ, ինչպես ընդունված է ասել թատրոններում՝ ներկայացման հանձնման կապակցությամբ: Տեղեկացնենք, որ գլխավոր փորձին պարտադիր կերպով ներկա է լինում գեղարվեստական խորհուրդը, որն էլ վերջնորոշում է կայացնում բեմադրությունը հասարակությանը ներկայացնելու կամ չներկայացնելու հարցում:

Պարոն Շահինյանը նոր է վերադարձել Բրյուսելից, որտեղ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցում էր Բոլոնիայի համաձայնության շրջանակներում անցկացվող բուհական կրթության կազմակերպման միջազգային ֆորումին:

Մեր զրուցակիցը հակիրճ ներկայացնելով Բոլոնյան համաձայնության շրջանակներում անցկացվող հերթական միջազգային ֆորումի նպատակը, նշեց, որ այն ուսանողների շարժունության խոչընդոտների վերացման խնդիրներին է ուղղված Եվրոպայի ներսում: «Նկատենք, որ ընդլայնված շարժունությունն ապահովում է ուսանողների ուսման, հետագայում էլ նրանց կարիերայի ավելի մեծ հնարավորություններ եվրոպական աշխատաշուկայում: Այս ամենը հնարավորություն կտա խթանելու ավելի սերտ կապերի ձեւավորումը եվրոպական բարձրագույն կրթության տարածքի եւ եվրոպական հետազոտական տարածքի միջեւ: Իսկ ասենք համադրելի որակավորումների համակարգի ներմուծումը կպարզեցնի որակավորումների համեմատումը ողջ Եվրոպայում: Նշեմ նաեւ, որ դրանով ապահովվող ճկունությունը եւ թափանցիկությունը ուսանողներին իրենց որակավորումների ճանաչման ավելի լայն հնարավորություն կտա՝ նպաստելով շարժունության ազատությանը»,- հայտնեց ռեկտորը:

Հետաքրքրվեցինք՝ չկա՞ մտավախություն, որ նման դեպքում հայաստանցի բազմաթիվ ուսանողներ կձգտեն Եվրոպա: Պարոն Շահինյանի խոսքերով՝ աշխարհն այսօր բաց է եւ մենք չենք ապահովում տեղական կրթություն. «Մեր օրերում գործատուն կարող է այլ երկրներից աշխատանքի ընդունել, օրինակ, բարձրակարգ ջութակահարի կամ թավջութակահարի: Նկատենք նաեւ, որ աշխարհի ոչ մի բուհ միայն իր երկրի համար կադրեր չի պատրաստում: Մեր ուսանողներն այլեւս հնարավորություն ունեն մեկ կիսամյակ սովորել եվրոպական որեւէ բուհում, այնուհետեւ վերադառնալ, ընդ որում՝ ըստ իրենց ցանկության: Կարող են եւ երկու կիսամյակ գիտելիքներ ստանալ եվրոպական որեւէ բուհում, բայց մեկ պարտադիր պայման կա. Երեւանի կոնսերվատորիա ընդունված ուսանողը, թե քանի տարի կանցկացնի եվրոպական համապատասխան բուհում ուսում ստանալուն, նա պետք է անպատճառ ավարտի այս դեպքում՝ Երեւանի կոնսերվատորիան: Ի դեպ, մեզ մոտ այս պահին ուսանում է արտերկրից 150 երաժիշտ, այդ թվում նաեւ՝ եվրոպական երկրներից»: Հարցին, թե՝ բուհն ավարտելուց հետո աշխատանքի անցնելու խնդիրը ինչպե՞ս է լուծվելու, մեր զրուցակցի ձեւակերպմամբ, բուհն ապահովում է միայն բարձրակարգ ուսում, իսկ թե ո՞ր գործատուի պայմանները կլինեն սրտամոտ, բնականաբար, արդեն նախկին ուսանողը կընտրի, ազատ է իր ընտրության հարցում, դա իր որոշելիքն է:

Հետաքրքրվեցինք նաեւ «Կարմենի» ճակատագրով, քանի որ այս օպերայի նախապատրաստական եւ բեմադրական աշխատանքները սկսվել են շուրջ 4 տարի առաջ: Շահեն Շահինյանը սիրով փաստեց, որ օպերային թատրոնի նվագախմբի, երգչախմբի արտիստները, մեներգիչները Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտներ են, կան նաեւ այնպիսիք, որոնք դեռեւս ուսանում են: «Լավ իմաստով իսկապես զարմացած եմ: Ինչ խոսք, որ մեր օպերային թատրոնը հսկայական պոտենցիալ ունեցող մշակութային օջախ է: Ասածիս վկայությունն է, որ կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը երկուսուկես ամսվա ընթացքում, հաջողվեց բեմադրել համաշխարհային օպերային գանձարանի այս նմուշը՝ «Կարմենը», որը, եթե չեմ սխալվում, չէր հաջողվում իրականացնել արդեն 4 տարի: Սա համարում եմ թատրոնի համեմատաբար նորանշանակ գեղարվեստական ղեկավար, անվանի օպերային տենոր, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի ձեռքբերումը՝ փաստ, որը ոչ մեկը չի կարող առարկել»,- ասաց Շահեն Շահինյանը: Ժպտալով էլ փաստեց, որ հեղինակավոր օպերային թատրոնների բեմեր նվաճած Գեղամ Գրիգորյանն էլ է ժամանակին ուսանել Երեւանի կոնսերվատորիայում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930