Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վինիցկայա. «Ուրախ եմ մաս կազմել Խաչատրյանի անվան փառատոնի»

Հոկտեմբեր 12,2015 12:08

Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ համերգում. ահա այսպիսին էր հոկտեմբերի 10-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգային երեկոն։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ առաջին անգամ կատարվեց Էնթոնի Լա Բոունթիի Շարականը, որի սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը հատուկ գրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա գտնվելու համար Երևան էր ժամանել ստեղծագործության հեղինակը՝ Էնթոնի Լա Բոունթին։ Հայաստանում առաջին անգամ Երիտասարդական նվագախմբի և մեծահամբավ դաշնակահարուհի Աննա Վինիցկայայի կատարմամբ հնչեց Բելա Բարտոկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը։ Համերգի երկրորդ մասում Երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Դմիտրի Շոստակովիչի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը (մենակատար՝ Աննա Վինիցկայա), Ալեքսանդր Սկրյաբինի Էքստազի պոեմը։ Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան։

Նշենք, որ դաշնակահարուհի Աննա Վինիցկայան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, մասնավորապես, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և այլն։ Որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, մեծանուն դիրիժորների ղեկավարությամբ։ Զբաղվում է նաև մանկավարժությամբ. 2009 թվականից Աննա Վինիցկայան Համբուրգի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։ Դաշնակահարուհին նշում է, որ շատ ուրախ է մասը կազմել Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի։ «Շատ էի լսել Խաչատրյանի անվան փառատոնի մասին։ Երբ թերթում էի փառատոնի բրոշյուրը, ինձ ծանոթ և շատ հայտնի երաժիշտների տեսա։ Ուրախ եմ, որ ինքս էլ եմ մասնակցում այս տոնահանդեսին»,- իր տպավորություններն է հայտնում Աննա Վինիցկայան։ Խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դաշնակահարուհին նկատեց. «Հիանալի կոլեկտիվ է, շատ արագ արձագանքում են դիրիժորին։ Ակնհայտ է, որ շատ են աշխատում»։

Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հետևելու հնարավորություն է տալիս առցանց SYOA TV-ի միջոցով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031