Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ավելին, քան լրագրությունը». «ԵՄԱ ամփոփոգիր»

Հոկտեմբեր 30,2015 22:22

ԵՄԱ Ամփոփագիրը մի քանի անգամ անդրադարձել է այն հարցին, որ հասարակության մեջ, հատկապես պաշտոնյաները հակում ունեն երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման դժվարությունները պայմանավորել ոչ թե իրենց բացթողումներով կամ այլ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, այլ՝ լրագրողների՛ գործունեությամբ, անգամ՝ պարզապես նրանց գոյությամբ:

Լրատվամիջոցների գործունեության՝ ոչ կառուցողական լինելու մասին պնդումները հիմնականում նրանց «նեղացրած» պաշտոնյաների կամ վերջիններիս խոսափողների կողմից է լինում: Եվ, որպես կանոն, այդ «նեղացնելուց» անմիջապես հետո: Այնուհետև խոսափողները հանդարտվում են, մինչև հաջորդ «նեղացնելը»:

Այս անգամ, երբ հայաստանյան իրականության մեջ աննախադեպ մի բան պատահեց՝ մեծապես լրագրողների «մեղքով», նրանք լռեցին:

Այս տարվա հոկտեմբերի 22-ին ոչ մի պաշտոնյայի լեզու չպտտվեց հիշել լրագրողներին, երբ 1995 թվականին ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանը ազատ արձակվեց: Որ այս պատմության մեջ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների առնվազն կամքը վճռորոշ էր՝ անվիճելի փաստ է: Սակայն առանց լրագրողների, հատկապես «Հետքի», այդ կամքը երբեք չէր էլ ձևավորվի ու հասունանա:

Այդ մասին խոսեցին և իրենց գործընկերների ներդրումը գնահատեցին լրագրողնե՛րը. նրանք հո լավ են հասկանում՝ ինչ է նշանակում տարիներով հետևողականորեն զբաղվել մեկ գործով, թակել ու բացել տալ անհուսալիորեն փակ համարվող դռները և տեղեկություններ պահանջել ու ստանալ խնամքով մոռացության մատնած թեմաների շուրջ, այդ տեղեկությունները գտնել այնպիսի տեղերում, որտեղ ուրիշների մտքով չի անցնի փնտրել:

Թե լրատվամիջոցներից, թե լրագրողական կազմակերպություններից եղան կարծիքներ, որ «սա մեդիա ասպարեզում նախադեպային իրավիճակ է: Եվ որ «նման օրինակներն իրենց ազդեցությունն են թողնելու ԶԼՄ ոլորտի հետագա զարգացման վրա»։ Ավելի կոնկրետ՝ «մեդիայի առաքելությունը ձեռք է բերում նոր մակարդակ՝ անել ավելին, քան միայն լրագրությունն ու տեղեկատվության փոխանցումը»:

Սա, որքան վիճելի, նույնքան էլ հիշատակության արժանի տեսակետ է, եթե հաշվի առնենք այն, որ լրագրողները հաճախ դառնում են այն միակ ատյանը, որն ընդունում է այլևս հուսահատ հասարակ մահկանացուներին և  հետևողականորեն  ու հիմնավորապես վեր հանում նրանց կյանքի հիմնախնդիրները:

 

Հրապարակումն ամբողջութմամբ՝ «ԵՄԱ Ամփոփագրում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031