Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ ԵԽԽՎ հանձնաժողովը «կողմ» քվեարկեց հակահայկական զեկույցին. հունվարյան նստաշրջանին էլ այն կընդունվի

Նոյեմբեր 04,2015 21:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ժամեր առաջ Փարիզում ընդունել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վոլտերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը:

Aravot.am-ը ժամեր շարունակ չի կարողանում կապ հաստատել Փարիզում գտնվող, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու համար:

Զրուցեցինք ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: Նա պարզաբանեց. «ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը չի կարող ընդունել կամ չընդունել զեկույցը: Այն, ինչպես սպասելի էր, քվեարկել է կողմ, որ զեկույցը ներառվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստերի օրակարգ: Այդտեղ մեզ համար որևէ անակնկալ չկա, ի սկզբանե, այս զեկույցի ծրագրման սցենարից ի վեր ակնհայտ էր, որ խնդիրը մեկն է, անել հնարավոր ամեն ինչ ԵԽԽՎ վեհաժողովում ադրբեջանական շահերը սպասարկող  զեկույց ստանալու համար»:

Տիկին Զոհրաբյանը նշում է, որ պատահաբար չէր ընտրված բրիտանացի պատգամավոր Վոլտերը, որը մշտապես սպասարկել է ադրբեջանական շահը, և թուրքաադրբեջանաբրիտանական լոբբին ամեն  ինչ արել է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մինչև Վոլտերի պատգամավորական մանդատի ավարտը՝ նոյեմբերի 7-ը, քաղաքական հանձնաժողով ներկայացնել այս զեկույցը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ի սկզբանե պարզ էր, որ քաղաքական հարցերի հանձնաժողովը չի մերժելու, և ԵԽԽՎ օրակարգ է ներառվելու զեկույցը,  քանի որ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը Ադրբեջանի հանրահայտ լոբբիստներն են, որոնք Ադրբեջանի կողմից  ֆիքսված աշխատավարձ են ստանում: Եվ ընդհանրապես Ադրբեջանն իր ցանկացած նախագծերը հիմնականում անցկացնում է քաղաքական և իրավական հարցերի հանձնաժողովներով»:

Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է համարում այն շահարկումները, որոնք մեղադրում են հայկական պատվիրակության անդամներին, դեսպաններին, թե նրանց ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում հանձնաժողովը կողմ քվեարկեց զեկույցին, փոխարենը հայտարարում, որ այսօր «ԵԽԽՎ-ն վերածվել է միլի մեջլիսի, ու եթե որևէ մեկը միլի մեջլիսում կարող է արդյունավետ պաշտպանել ՀՀ շահերը, թող գնա ու կատարի այդ լրջագույն աշխատանքը»:

Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, որ լիագումար նիստում ներառվելուց ու քննարկվելուց հետո քիչ հավանական է, որ հայկական պատվիրակությանը հաջողվի լիագումար նիստում զեկույցի քվեարկության ժամանակ այն տապալել. «Այդ ամենից առանձնակի մեծ ողբերգություն չեմ ուզում դարձնել, քանի որ այս զեկույցն արժանանալու է նույն ճակատագրին, ինչին արժանացավ 2005-ի Ատկինսոնի զեկույցը: Այն ընդամենը ԵԽԽՎ դարակներում մնաց, և բնականաբար սա էլ չի իրագործվելու, քանի որ ԵԽԽՎ զեկույցները  իմպերատիվ պարտադրանք չունեն, ընդամենը խորհրդատվական բնույթի զեկույցներ են. «Միանշանակ ԼՂՀ և ՀՀ-ի համար անընդունելի է թուրքաադրբեջանաբրիտանական տանդեմի արդյունքում ծնված, իրականությունը խեղաթյուրող և բացառապես միակողմանի տեսանկյունից իրականությունը ներկայացնող այս զեկույցը»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30