Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է Հայաստանում պետությունից անջատ

Նոյեմբեր 11,2015 15:00

Եկեղեցի՞ն, թե՞ կրոնական կազմակերպությունները

Սահմանադրության նախագծի շուրջ հիմնական բանավեճն, իհարկե, վերարտադրության եւ չվերարտադրության «պատումների» մասին է: Ինքնին այդ բանավեճը բավականին զավեշտալի է, բայց կա մեկ այլ բանավեճի հարթություն, որտեղ «ոչ» ասողների մի մասը պնդում է, որ այդ նախագծով քանդվում են հայկական ավանդական ընտանիքն ու եկեղեցին, իսկ մյուսը, հակառակը՝ որ այդ նույն նախագծով փորձ է արվում Հայաստանում կրոնապետություն ստեղծել:

Դա բնական է: Նրանք, ովքեր (հավանաբար, Արեւմուտքից) դրամաշնորհ են ստանում միասեռականների շահերը պաշտպանելու համար, մեղադրում են հասարակությանն ու պետությանը սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության համար: Նրանք, ովքեր (հավանաբար, Ռուսաստանից) դրամաշնորհ են ստանում «ավանդական, հայեցի արժեքների» պաշտպանության համար, այրում են ԼԳԲՏ դրոշը: Նույն աղբյուրից սնվող մարդիկ պաշտպանում են Հայ Առաքելական եկեղեցին Սահմանադրության նոր նախագծից: Իսկ նրանց հակառակորդները պաշտպանում են հասարակությունը կրոնապետության վտանգից:

Ինչ մնում է ԼԳԲՏ-ին, ապա այդ խնդիրը Հայաստանում ծայրից ծայր հնարած է: Ըստ Սահմանադրության նախագծի 34-րդ հոդվածի՝ «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Մարդիկ պետք է շատ տարված լինեն դրամաշնորհներով, որպեսզի այստեղ որեւէ կողմից խնդիր տեսնեն: Երբ Հայաստանի «զագս» մտնեն երկու տղամարդ կամ երկու կին, որոնք ցանկություն կունենան ամուսնանալու, այդ ժամանակ առիթ կլինի նման խնդիրների մասին խոսելու: Բայց դա մոտակա տասնամյակներում դժվար թե տեղի ունենա:

Եկեղեցու խնդիրը փոքր-ինչ ավելի բարդ է: Սահմանադրության նախագծի 16-րդ հոդվածում գրված է՝ «1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Հայաստանի Հանրապետությունում կրոնական կազմակերպություններն անջատեն պետությունից»:
Իսկ 17-րդ հոդվածում մեկը մեկին կրկնվում են Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին ձեւակերպումները, որոնք առկա են գործող Սահմանադրության մեջ:

Նախագծի 40-րդ հոդվածում նշվում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձեւերով արտահայտելու ազատությունը»:

Բավարա՞ր է արդյոք դա բոլոր կրոնական կազմակերպությունների ազատ գործունեության համար: Այսօր՝ այո: Բայց վաղը կարող է հարց առաջանալ՝ արդյո՞ք Հայ Առաքելական եկեղեցին կրոնական կազմակերպություն է: (Այդ հանգամանքի վրա ինձ տված հարցազրույցում ուշադրություն հրավիրեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը): Դրա համար, ինձ թվում է, ավելի կոռեկտ ձեւակերպումը սա է՝ եկեղեցին (ոչ թե կրոնական կազմակերպությունները) գործում է պետությունից անջատ, ինչպես եւ գրված է Եվրոպական եւ «հետխորհրդային» պետությունների 13 սահմանադրությունների մեջ: (Ի դեպ, «պետությունից անջատ» լինելու հարցը զարմանալիորեն շրջանցում են Բոսնիա եւ Հերցեգովինայի, Հունգարիայի եւ Վենեսուելայի սահմանադրությունները):
Եվրոպական երկրներից միայն Հունաստանի Սահմանադրության մեջ կա «իշխող կրոն» հասկացությունը, իսկ «պաշտոնական կրոնի» մասին խոսվում է 7 երկրների սահմանադրության մեջ՝ այդ թվում Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Նորվեգիայի, որոնց ժողովրդավար եւ աշխարհիկ լինելու վերաբերյալ առանձնապես կասկածներ չկան: Մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Բուլղարիայի, Հնդկաստանի Հիմնական օրենքներում նշվում է «ավանդական կրոն» հասկացությունը, որը մոտ է մեր ձեւակերպմանը: Բայց ինձ առավել հոգեհարազատ է այն մոտեցումը, որը կա, մասնավորապես, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ուկրաինայի, Էստոնիայի սահմանադրություններում, որտեղ հստակ արգելք է դրված որեւէ «պաշտոնական» կամ «պետական» կրոն ունենալու վրա:

Բանն այն է, որ մեր՝ հայաստանյան աշխարհընկալման համար որքան պաշտոնական, այնքան վատ: Ցանկացած «պաշտոնականացում», մեր ցանկացած եպիսկոպոսի՝ իշխանավորի կողքին ցանկացած «հայտնություն» ոչ թե բարձրացնում է Մայր Եկեղեցու դերը, այլ հակառակը՝ այն նսեմացնում է: Այնպես որ՝ հարգանքը, հեղինակությունը մեր եկեղեցին պետք է վաստակի այլ՝ «ոչ պետական» ճանապարհներով:
Իսրայելում, ինչպես հայտնի է, ընդհանրապես չկա Սահմանադրություն: Եվ դա պատահականություն չէ. հրեաները գտնում են, որ իրենց Հիմնական օրենքը Մովսեսի պատվիրաններն են: Այդ առումով մենք շատ ենք տարբերվում հրեաներից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն says:

    Ինչ մնում է ԼԳԲՏ-ին, ապա այդ խնդիրը Հայաստանում ծայրից ծայր հնարած է: Ը

    Ինչ իմաստով է հնարված?Որ չկան խնդիրներ իրավական առումով, թե? ԼԳԲՏ մարդիկ իրենց առանձնահատկությամբ պայմանավորված չունեն խնդիրներ:
    ??
    Անհասկանալի պնդում, որ հիմք էլ չունի:
    Ինչ վերաբերում է երկու տղարդու կամ կնոջ ԶԱԳՍ մտնելու ժամկետին-էդան վստահ չէի ասի Ձեր փոխարեն:-ԿԱթոլիկ Իռլանդիան ընդամենը 1993 թվականի վերացրեց քրեական պատասխանատվությունը նույնասեռականների նկատմամբ /ի դեպ ԱՄՆԳերագույն դատարանը միայն՝ 2003 թվականին/և 20 տարի անց արդենիիսկ հանրաքվեի մակարդակով ամրագրեց ամուսնության իրավունքը/ԱՄՆ 215 թ//
    ինչ վերաբերում է Ձեր այն պնդմանը, թեԻսրայելում, ինչպես հայտնի է, ընդհանրապես չկա Սահմանադրություն: Եվ դա պատահականություն չէ. հրեաները գտնում են, որ իրենց Հիմնական օրենքը Մովսեսի պատվիրաններն են:
    Ապա իհարկե այդպես չէ-նախ պետք է չշտել Ձեր ընկալումը Սահմանադրության վերաբերյալ և հետո Սահմանադրությունը կարող է ինքնին լինել որևէ աղբյուր-այդ թվում՝ Մովսեսի պատվիանները:/թեև պարզ է, որ դուք հաստատ գիտական աղբհուրից չեք վերցրել այդ անհիմն պնդումը:/
    Ձեր ոճով Ձեզ խորհոըրդ կտայի-մի հարցի մասին խոսելիս գոնե տարրական պատկերացում ունենալ:
    Շնորհակալ եմ որ անդրադառնում եք այս հարցերին:
    Մնում ա վեջում գրեիք-թե հոմոֆոբ չեք))))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Особый случай представляет собой Израиль. Это государство имеет республиканскую форму правления, демократический политический режим, гарантирует своим гражданам соответствующий требованиям международных соглашений набор прав и свобод. Некоторые исследователи включают его в ареал европейской культуры. Но Израиль не имеет конституции (в стране действуют «конституционные законы»), причем именно по религиозным соображениям. Согласно представлениям ортодоксальных иудеев Основной закон уже был дан евреям в виде заповедей Божьих Моисею.[399]

      https://lektsii.org/1-81218.html

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30