Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ իր ժամանակին պետք է հասունանա». Վիգեն Չալդրանյան

Դեկտեմբեր 24,2015 21:50

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը դեկտեմբերի 25-­ից արդեն հնարավոր կլինի դիտել մեծ էկրաններին:

«Վարդապետի լռությունը» մի բանով է տարբերվում իմ նախորդ՝ մոտ երկու տասնյակի հասնող ֆիլմերից. մեծ տագնապ կար, քանի որ գործ ունեի մի մարդու հետ, որը մեր ազգի խիղճն է եղել, և որին յուրաքանչյուր հայ իր մեջ ունի: Ես էլ ֆիլմի միջոցով ուզում էի իմ մեջ եղած Կոմիտասի պատկերը ցույց տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն Չալդրանյանը:

Իսկ թե որքանով է նրան հաջողվել ստանալ այն, ինչ ուզում էր, Չալդրանյանն ասաց, որ եթե իր առջև խնդիր է դնում, միշտ հասնում է դրան. «Ոչ մի ստեղծագործող չի կարող ասել, որ իրեն հաջողվել է 100 տոկոսով ստանալ այն, ինչ պատկերացնում էր: Սակայն, մյուս կողմից էլ, եթե գոնե 70-80 տոկոսով արդյունքը հաջողված չի լինում, ուրեմն վատ ստեղծագործող է: Ես ինչ ուզում, անում եմ, և դա ինձ հաջողվում է»,- նշեց կինոռեժիսորը:

Ըստ նրա՝ դրան նպաստում է նաև այն, որ կարողանում է իր շուրջը համախմբել տաղանդավոր, նվիրյալ և հետաքրքիր մարդկանց:

«Կոմիտաս նկարելու համար հասունանալ էր պետք»,- կարծում է Վիգեն Չալդրանյանը, որը դեկտեմբերի 26-ին նշում է իր 60 և ստեղծագործական գործունեության 40-ամյակը. «Ամեն ինչ իր ժամանակին պետք է հասունանա,- ընդգծեց նա:- Շատերն են նկարում, խոսում Կոմիտասի մասին, նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք ուղղակի իրավունք չունեն դիպչելու Կոմիտասին: Ես, օրինակ, հիմա Նարեկացուն նվիրված ինչ-որ բան անելու մասին եմ մտածում, բայց դեռ վստահ չեմ՝ կարո՞ղ եմ, արդյո՞ք ժամանակն է»:

«Վարդապետի լռությունը» Կոմիտասի մասին է, սակայն գլխավոր դերակատարը գրող է՝ Էդգար Նովենց անունով. «Ես միշտ փորձել եմ մտավորականների մասին խոսել իմ ֆիլմերում: Ինձ համար հետաքրքիր է մտավորականը, որը ձևավորում է ազգի դիմագիծը, տեսակը: Այս անգամ էլ թող գրող լինի, ինչո՞ւ ոչ»,- ասաց Չալդրանյանը:

Նովենցը սևեռված է «Վարդապետի լռությունը» վեպի ստեղծման վրա: Սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ­ Ժուիֆ մեկուսարանում մեծ հայի կյանքի վերջին տարիների առեղծվածը…

Վիգեն Չալդրանյանը Համազգային պետական թատրոնում տեղի ունեցած «Համլետ»­-ի պրեմիերայից հետո որոշել էր, որ իր նոր՝ «Վարդապետի լռությունը» ֆիլմում գլխավոր դերը Վարդան Մկրտչյանինն է: Դերասանն այդ մասին իմացել է իր հարսանյաց արարողության ժամանակ: Չալդրանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել նրա հարսանիքին, սակայն նամակով հաղորդել է, որ գլխավոր դերն իրեն է բաժին ընկնում՝ որպես հարսանեկան նվեր:

«Ֆիլմն ինձ համար սպասված երեխայի պես էր,- ասաց Վարդան Մկրտչյանը.- ես կարոտելու եմ այն օրերը, երբ Վիգեն Չալդրանյանի հետ փորձում էինք հասկանալ մտավորականի այն տեսակը, որի կարիքը կա… Ֆիլմն այժմ հանդիսատեսինն է»:

Սոնայի կերպարը մարմնավորած Անի Ղազարյանն այս դերի համար ստիպված է եղել սափրել գլուխը, սակայն դա անելու որոշումը կայացրել է առանց վայրկյան իսկ տատանվելու. «Դժվար չէր գնալ նման զոհողության, քանի որ հասկանում էի՝ ինչի համար եմ դա անում: Սա իմ առաջին դերն է մեծ կինոյում: Չգիտեմ՝ հետագայում կինոաշխարհում լինել-չլինելուս հարցն ինչ ընթացք կունենա, բայց համոզված եմ, որ պարոն Չալդրանյանից այսպիսի առաջարկ ստանալը ճիշտ սկիզբ է»,- ասաց դերասանուհին:

Իսկ Կոմիտասին մարմնավորում են Արտո Խաչատուրյանը, Վաչե Շարաֆյանը և Գռաֆսերը:

Ֆիլմում հնչում են հատվածներ Կոմիտասից, Կլոդ Դեբյուսիից, Ավետ Տերտերյանից: Հնչում են նաև Սոնա Վանի մի քանի բանաստեղծություններ:

Հավելենք, որ ֆիլմի բյուջեն 85 մլն դրամ է, որից 35 մլն դրամը Մշակույթի նախարարությունն է փոխանցել, իսկ մնացած մասը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Ի դեպ, հնարավոր է, որ «Շարմ հոլդինգը» ֆիլմն «Օսկարի» ներկայացնի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031