«Խորին երախտագիտությամբ եմ հիշում այն բազմաթիվ մարդկանց, օրինակ՝ Լայպցիգում, որոնք դժվարին պայմաններում խիզախություն ունեցան խաղաղ ցույցերի դուրս գալու՝ հանուն ինքնորոշված կյանքի, ազատության եւ ժողովրդավարության: Այդպիսով, նրանք ի վերջո տապալեցին այն պատը, որը երկար տարիներ բաժանում էր մեզ միմյանցից, այդ թվում եւ ինձ իմ ընտանիքից»,- Գերմանիայի ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա առթիվ կայացած ընդունելության ժամանակ նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը:
Դեսպանը զուգահեռներ տարավ Գերմանիայի եւ Հայաստանի նորագույն պատմության միջեւ, նաեւ ընդգծեց, որ Գերմանիան Հայաստանում իրականացվող բարեփոխումների աջակիցն է բազմաթիվ ոլորտներում՝ լինի ՏԻՄ, արդարադատություն, կրթություն, մշակույթ, տնտեսություն, թե անվտանգություն: Տիկին Բուշը նաեւ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի բոլոր ներկայացուցիչներին՝ Հայաստանի եվրոպական ապագայի համար ներդրած ջանքերի համար: Դեսպանն անդրադարձավ նաեւ Լայպցիգի եւ Երեւանի՝ քույր քաղաքներ հռչակվելուն:
Կարդացեք նաև
Ընդունելությանը մասնակցում էր նաեւ Լայպցիգի քաղաքապետ Բուրխարդ Յունգը, որն իր խոսքում ընդգծեց այն դերակատարությունը, որ Լայպցիգն ունեցել է վերամիավորման գործընթացում: Լայպցիգի քաղաքապետն ի թիվս այլնի, անդրադարձավ հայ մեծանուն արվեստագետների ու գերմանական իրականության առնչությանը, մասնավորապես՝ Կոմիտասի Գերմանիայում ուսանելուն:
Խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության մասին. «Մենք ոգեկոչում ենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը եւ Ցեղասպանության զոհերին Գերմանիայում եւ անշուշտ նաեւ Լայպցիգում՝ ընդգծելով, որ Գերմանական Ռայխի աջակցող լռությունն էր, կամ անգամ ավելին, որ թույլ տվեց Ցեղասպանության իրագործումը… Մենք այդ իրադարձությունը հիշատակում ենք «Հիշողության մշակույթով», որը հիմնված է պատասխանատվության վրա: Լայպցիգի նորաօծ հայկական խաչքարն այդ պատասխանատվության եւ կապի խորհրդանիշն է»:
Բուրխարդ Յունգը հիշեցրեց նաեւ, որ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանն աշխատել է Լայպցիգի աշխարհահռչակ Գեւանդհաուսում, Ավետիք Իսահակյանը ուսանել է Լայպցիգում: Տեղեկացրեց, որ հայ բանաստեղծի պատվին հուշատախտակ կա այն տանը, որտեղ նա ապրել է:
Երեկոն, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ անցավ ջերմ մթնոլորտում, Գերմանիայի դեսպանն ու ՀՀ փոխվարչապետը բաժակ բարձրացրին ի բարօրություն Գերմանիայի եւ Հայաստանի այսօրվա եւ գալիքի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ























































