Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը պնդում է` Մարկովիչի զեկույցը Հայաստանի դիվանագիտության պարտությունն է (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 14:47

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիվանագիտական տեխնիկայի հետ կապված որոշ դետալներ ներկայացրեց`հստակ պատկերացում հաղորդելու համար, թե ի՞նչ է իրականում կատարվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ու արդյոք ԵԽԽՎ-ի հայտնի բանաձեւերի քննարկումը եւ քվեարկությունը ձախողում էր, ինչպես Լեւոն Զուրաբյանն է կարծում, թե՞ հաղթանակ, ինչպես իշխանությունն է ներկայացնում:

Նա սկսեց 1990-ականներից`հիշեցնելով, որ այն ժամանակ գլխավոր աշխատանքն ուղղված էր նրան, որ միջազգային հանրության կողմից ԼՂՀ հակամարտությունն ընկալվի այնպես, ինչպես որ է`ԼՂՀ ժողովուրդը պայքարում է Ադրբեջանի դեմ, իր անկախության համար եւ եթե կան, այսպես կոչված, գրավյալ տարածքներ, դրանք գրավել են ԼՂՀ-ի կողմից`իր անվտանգությունը ապահովելու համար: Այլապես, Հայաստանը կհռչակվեր ագրեսոր` իր հետեւանքներով:

«Այն ժամանակվա դիվանագիտությունը դա կարողացավ լուծել»,- ասաց Լեւոն Զուրաբյանն՝ իբրեւ օրինակ բերելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերն ու նրանցում առկա ձեւակերպումները, ըստ որոնց ԼՂՀ-ն էլ ճանաչվեց հակամարտության կողմ եւ բանակցությունների լիիրավ անդամ:

«2005-ին մենք ունեցանք ձախողում ԵԽԽՎ-ում: Դա առաջին ձախողումն էր, երբ առաջին անգամ միջազգային հեղինակավոր կազմակերպության փաստաթղթում ամրագրվեց`ԵԽԽՎ մեկ անդամ երկրի տարածքների օկուպացիան մեկ այլ անդամ երկրի կողմից ու պահանջում էին հայկական զինված ուժերի դուրսբերումը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Այժմ ԵԽԽՎ-ում ընդունված բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի զեկույցը եւս մեկ քայլ առաջ է Ադրբեջանի համար, եւս մեկ քայլ ետ նահանջ`հայկական դիվանագիտության համար, քանի որ ԼՂՀ-ն է ճանաչվում Հայաստանի կողմից «օկուպացված տարածք», երբ 2005-ին ամրագրվել էր, թե «ԼՂՀ-ն մնում է սեպարատիստական ռեժիմի վերահսկողության ներքո»:

Այն, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը ԵԽԽՎ-ում չընդունվեց, Լեւոն Զուրաբյանը համարում է հետեւանք նրա, որ Մինսկի խումբը տեր կանգնեց իր մանդատին եւ կոնկրետ գործողություններ արեցին`իրենց մանդատը փրկելու համար:

Բայց նշում է`անգամ դա հեշտ չանցավ, ադրբեջանական լոբբին դիմադրում էր, քանի որ, Ռոբերտ Ուոլթերի բանաձեւով, ըստ էության առաջարկվում էր ԼՂՀ հակամարտության լուծման այլընտրանքային ծրագիր` խարխլելով Մինսկի խմբի մանդատը եւ բանակցությունների ձևաչափը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Իսկ ինչո՞ւ անցավ երկրորդ`Միլիցա Մարկովիչի հեղինակած բանաձեւը: Վերլուծելով այդ երկու զեկույցների քվեարկությունների արդյունքները, Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ հայկական կողմը ԵԽԽՎ-ում ուներ 70 ձայն ու քանի որ Մինսկի խումբն այլեւս հետաքրքրված չէր, Մարկովիչի զեկույցի քվեարկության ժամանակ Ադրբեջանը 98 ձայն ստացավ:

«Ես շատ սթափ գնահատում եմ իրականությունը`գործի հաջողության 70 տոկոսը Մինսկի խմբի աշխատանքն է, մնացածի մի մասը դիվանագիտական կորպուսինը եւ պատգամավորներինը: Պետք է բացատրել 70-98 ձայների իրական հարաբերակցությունը: Սա ձախողում է, որը պետական իշխանական մեքենան փորձում է թաքցնել հասարակությունից»,- եզրակացություն արեց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ իրականությունը թաքցնելը դառնում է ապագա գործունեության եւ հաջողությունների համար վտանգավոր հիմք:

«Եթե պատվիրակության անդամը չի կարողանում տարբերել այս բանաձեւի տարբերությունը 2005-ի բանաձեւից, ի՞նչ կարող է անել նա»,- հռետորական հարց հնչեցրեց Լեւոն Զուրաբյանը: Լրագրողի հարցին`այսինքն, պատվիրակության կա՞զմը պիտի փոխել, ասաց, որ ինքն ուղղակի փաստում է`դիվանագիտական նրբությունները չտարբերակող պատվիրակության անդամը դատապարտված է ձախողման: «Ադրբեջանն ուներ ծրագիր մինիմում եւ մաքսիմում: Ծրագիր մինիմումը հաջողեց»,- հայտարարեց բանախոսը`պատկերավոր նկարագրելով. «Հպարտանանք, որ գրավեցինք ոչ թե ամբողջ քաղաքը, այլ կեսը`ես համարում եմ վտանգավոր մոտեցում, որը էապես թուլացնում է մեր հնարավորություններն ապագայում`նմանատիպ զարգացումների դեմ պայքարելու»:

Այս իրավիճակի համար Հայաստանի իշխանությունների սխալները նա համարում է այն, որ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը սկսեց, ապա 2001- ին`Քի-Ուեսթյան ձեւակերպումներով ամրագրվեց, իսկ հիմա Սերժ Սարգսյանն է շարունակում`ԼՂՀ-ի դուրս մղումը բանակցային գործընթացից. «Կոնցեպտուալ սխալ էր, որը մինչեւ հիմա ուղղված չէ ու աշխատանք էլ չի տարվում ուղղելու համար»:

Երկրորդը`կոորդինացիայի պակասն է. «Հայաստանում չկա որեւէ կենտրոն, որը կկոորդինացնի պետական բոլոր մարմինների եւ պատվիրակությունների աշխատանքը: Դա արվեց վերջին օրերին, բավականին ցածր որակով: Չեմ ուզում փակագծերը բացել, ստացվեց, որ այդ կենտրոնն ուղիղ 50 տոկոսով սխալվել էր: Դա նշանակում է, որ աշխատանքն ու արդյունքների մասին ընկալումներն ադեկվատ չեն:

Երրորդը`անտեղի հակաադրբեջանական հարձակումներն են, որոնք տեղի են ունենում մեր պատվիրակության որոշ անդամների կողմից`ԵԽԽՎ-ում: Ընդունված փաստաթղթում նման դրույթ էլ կա: Շատերը հենց դրա համար «կողմ» քվեարկեցին: Մեր պահվածքը ոչնչով չի տարբերվում ադրբեջանական պատվիրակության պահվածքից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ Լիբերալ-դեմոկրատների խմբում հիմնական փաստարկն այն էր, որ հայկական պատվիրակությունը ապակառուցողական պահվածք ունի, քանի որ չեն համագործակցում, ամեն ինչ անում են, որ տեղեկատվություն չլինի: «Ես խմբի քննարկման ժամանակ ստիպված էի ասել`կներեք, անընդունելի են այս արգումենտները, քանի որ պատվիրակությանը պատժելու նպատակով դուք պատրաստ եք պատժել Հայաստանը, ճշմարտությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29