Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն անգլերենից գիտի 4 տառ, կամ hello բառը, կարող է զուգահեռ դասավանդել անգլերեն». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 15:25

«Սահմանամերձ հեռավոր գյուղերում մենք տեսնում ենք, որ, ասենք, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն անգլերենից գիտի 4 տառ, կամ hello բառը, կարող է զուգահեռաբար համատեղության կարգով դասավանդել անգլերեն: Ռազմագիտության ուսուցիչը կարող է դասավանդել Հայոց պատմություն, հետն էլ Կրոնի պատմություն, որովհետեւ օրվա մեջ մի անգամ, ասենք, եկեղեցու կողքով անցել, մոմ է վառել»,- այսօր «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, այս կարեւոր նախագիծը կիրարկման փուլում կարող է դառնալ մեռելածին, որովհետեւ խնդրին փաթեթային լուծում տված չէ. «Այն սոցիալական բազան, որը պիտի ապահովեր այս լուրջ գաղափարի իրականացումը, բացակայում է: Ո՞նց եք պատկերացնում երիտասարդին, որը ուսուցանել է եւ գնացել է հեռավոր գյուղ՝ իր ստացած 70 հազար դրամով կարող է տուն վարձել, ընտանիք պահել եւ այլն: Սա ֆանտաստիկայի ժանրից է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ լավագույն ուսանողներն են կարողանում պետպատվերի շեմը հաղթահարել, ինքը մտավախություն ունի, որ այդ անվճար տեղերը, որոնք հատկացված են նպատակային ընդունելության համար, կլրացվեն կիսագրագետներով: Արդյունքում չենք ունենա պրոֆեսիոնալ մասնագետներ՝ բժիշկներ, գյուղատնտեսներ. «Օրենքում որակի որեւէ չափորոշիչ ես չեմ տեսնում, տեսնում եմ սողանցք, որ ինչ-որ մեկը, որը ուզում է ունենալ բուհի վկայական, պատրաստ է 3 տարի աշխատել ինչ-որ հեռավոր գյուղում՝ անկախ իր մտավոր ունակություններից, բնական IQ-ից, որը կարող է խիստ սահմանափակ լինել, լրացնելու է այդ տեղը: Արդյունքում մենք կունենանք շատ տխուր վիճակ, ինչպիսին ունենք»:

Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի արծարծած խնդրին, որ ուսուցիչներին պետք է արգելվի ընտրական գործընթացների մասնակցել, քարոզչություն անել, ընտրական հանձնաժողովի անդամ լինել՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ օրենքով չի կարելի սահմանափակել որեւէ մեկի քաղաքական գերակտիվությունը: Նա նշեց, որ հիմնականում դպրոցի ուսմասվարներն են կրծքով պաշտպանում ՀՀԿ-ին, որ հանկարծ ՀՀԿ-ին որեւէ բան ասող չլինի. «Սա գենետիկա է, ներքին մղում է, մենթալիտետային կոդային շեղում է, թե ոչ, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ իր քաղաքական հայացքները»:

Չնայած իր քննադատություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Որ վերջին նախադասությունը չլսեի՝ ինձ թվաց երկու ձեռքով դեմ եք քվեարկում»:

Որպես դասախոս՝ Շարմազանովն ասաց, որ կառավարության այս նախաձեռնությունը շատ կարեւոր է, ուստի չպետք է միանգամից վատատեսական նոտաներով հանդես գալ. «Բոլորը սովորելու են միևնույն բուհում, որտեղի՞ց է այն մտահոգությունը, որ կիսատ-պռատ մասնագետներ են դառնում: Պետք չի քննադատելու համար բուհական մի ողջ ինտելիգենցիայի մեղադրել, որ անկապ կադրեր ենք արտադրելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29