«Հայաստանի վիճակը, հայ ժողովրդի վիճակը շատ ավելի լավը կլիներ, եթե ՄԱԿ-ում շարունակեր ներկայացնել Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փոխարեն, իսկ Սերժ Սարգսյանի փոխարեն դատարանի առջև կանգներ Նիկոլ Փաշինյանը: Եթե տեղերով փոխված լինեին, Հայաստանի վիճակը շատ ավելի լավը կլիներ»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ինչևէ, այսօր դատարանում անշլագ է․ գալուց տեսա՝ երկրորդ նախագահի դատն է, հետո երրորդ նախագահի դատն է․․․ Հա՛, ակնհայտ է, որ գործող ռեժիմը նման քրեական հետապնդումներով փորձում է նաև հյուծել ընդդիմության ռեսուրսը, ժամանակը, ուժերը և, անազատության մեջ գտնվող մարդկանց հսկայական բանակ պահելով բանտերում, նաև վախի մթնոլորտ է տարածում: Ես ազատություն եմ մաղթում կրկին բոլոր քաղբանտարկյալներին՝ հայ քաղբանտարկյալներին Հայաստանում, թե Բաքվի բանտերում»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելուն, Արմեն Աշոտյանն ասաց, որ դրան բովանդակային առումով չի անդրադառնա, քանի որ ոչ մի նոր բան ինքն այնտեղ չի ասել․ «Խտացված ինչ որ այստեղ է խոսում, այնտեղ էլ է խոսում: Նաև մի բան կարևոր ընդամենը շեշտեմ․ հերթական անգամ Փաշինյանի ելույթը ապացուցում է, որ եթե նորմալ երկրներում արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, մեր նման՝ հատկապես ավտորիտար դարձող երկրում, ներքին քաղաքականությունն է արտաքին քաղաքականության շարունակությունը: Պարզ ասած՝ եթե դրսում պետք է թուրքերի և ադրբեջանցիների այդ կեղծ խաղաղության հողի ներքո ենթարկեցնել պետությունը, ներսում կայացվում են որոշումներ՝ քաղաքական բանտարկություններ, հետապնդումներ, ռեպրեսիաներ, եկեղեցու էդ խայտառակ զեկույցը եկեղեցու մասին և այլն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ներսում անում է այն, ինչ որ դրսում պայմանավորվում է, ոչ թե դրսում անում է այն, ինչ որ ներսի ժողովրդին է պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





















































